«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


«ԱՅՍՕՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԻ ՁԵՌՔՈՒՄ Է ԵՎ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԱՅԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՅՈՒՍ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

«Հայելի» ակումբում երեկ հրավիրված քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցումը Հանրապետական կուսակցությանը: Մինչ նրա հետ բանավիճող հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանն ասում էր, թե պաշտպանության նախարարի անդամակցումն իրենց կուսակցությանը նպատակ ունի հզորացնելու իրենց քաղաքական ուժը, Շավարշ Քոչարյանը նկատեց. «Անձնիշխանական համակարգում չի կարող հզոր կուսակցություն լինել: Այսօր իշխանությունը մեկ անձի ձեռքում է եւ հայտ է ներկայացվել այդ իշխանությունը մյուսին հանձնելու համար: Այս միավորումը նշանակում է, որ սցենարը պատրաստ է, եւ արդյունքն ակնկալելի»:

Անդրադառնալով հունիսի 22-ին կայացած Հանրապետական կուսակցության համագումարին, որի ժամանակ Սերժ Սարգսյանն ընտրվեց կուսակցության խորհրդի նախագահ, Սամվել Նիկոյանն ասաց, թե չարժեր այդ համագումարը դասել դարակազմիկ նշանակություն ունեցող իրադարձությունների շարքը: Նրա խոսքով, այդ համագումարով իրենք դե յուրե հաստատեցին Սերժ Սարգսյանի անդամակցությունը, որի հետ մինչ այդ դե ֆակտո համագործակցել են երկար տարիներ: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանն այնպիսի խոշոր քաղաքական գործիչ է, որ կարող էր առանձին կուսակցություն ստեղծել, բայց նախընտրեց միանալ իրենց. «Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ մեր նման փոքր պետության համար պետք չեն 100-120 կուսակցություններ»:

Պատգամավոր Նիկոյանը նշեց, որ իրենց նպատակը եւս սեփական ծրագրերն իրականացնելու համար իշխանություն ձեռք բերելն է, իսկ վերջին միավորումը ցույց է տալիս այն տրամաբանությունը, որով Հանրապետականը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Խուսափելով նշել սեփական ծրագրերը` քաղաքական գործիչը հետեւյալ բնութագրիչ խոսքերով ներկայացրեց իրենց ծրագրերը. «Մենք ուզում ենք ունենալ հզոր հայրենիք, օրինաց երկիր եւ բարգավաճ Հայաստան»: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն այդպես էլ չստացավ իր հարցի պատասխանը, թե նման միավորմամբ Հանրապետականն ինչ է պատրաստվում փոխել եւ ինչ պահել, արդյոք վերջիններս նպատակ ունե՞ն Հայաստանն ապագայում դարձնել գոնե կիսաժողովրդավարական, վերացնել մեր երկրում եղած սոցիալական բեւեռացումն ու ստվերակլանային տնտեսությունը: Պատասխանելով իր հարցին` Շավարշ Քոչարյանը նկատեց, որ նման միավորման նպատակը եղածը պահպանելն է: Իսկ արդյոք եղածը առանց պաշտպանության նախարարի Հանրապետական կուսակցությունն ի զորու չէ՞ր պահպանել` հենվելով այս տարիներին ձեռք բերածի վրաՙ հարցին Նիկոյանը պատասխանեց, թե ավելի շատ տեղեր եւ ուժ ունենալու դեպքում իրենք ավելի շատ բան կանեն:

Սերժ Սարգսյան-Հանրապետական համագործակցությունը չունի՞ արդյոք միակուսակցականություն հաստատելու միտումներ մտավախությանը Սամվել Նիկոյանն արձագանքեց, թե նման բան չկա, բացի այդ ՀՀԿ-ն երբեք էլ չի կարող դառնալ այնպիսի քաղաքական հզոր ուժ, որ կարողանա ամբողջությամբ վերցնել իշխանությունը: Նրա խոսքով կան ուրիշ հզոր քաղաքական ուժեր եւս: Որպես իրենց մրցակից` հանրապետական պատգամավորն առանձնացրեց Դաշնակցությանը, «Բարգավաճ Հայաստանին», միավորվելու դեպքում` նաեւ ընդդիմադիր դաշտին:

Ի դեպ, Նիկոյանը ժխտեց լուրը, թե դպրոցներում ուսուցիչների հանրապետականացում է իրականացվում` հավելելով, որ նման դեպքերին իրենք արձագանքում են:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4