«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ՀՐԱՊՈՒՐԻՉ ԴԻԼԻՋԱՆԸ ՎԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ

«Էս պապիկները ամբողջ օրը կգան, կնստեն նստարանին, մեզ տեղ չեն թողնի», կեսկատակ-կեսլուրջ ասում է երիտասարդ Նոնան ու մեզ ուղեկցում քաղաքի փողոցներով: Մի պահ կանգնում եմ պապիկների մոտ. «Կյանքում ոչ մեկին վատություն չեմ արել, բայց դրան պետք է գործից հանել տամ», ասում է մեկն ու հայացքն ուղղում քաղխորհրդի պատուհաններին:

Պտտվում ենք քաղաքում, մի քանի ժամից վերադառնում, պապիկներն էլի նստարանին են` խոսում են սրա-նրա վատից ու լավից եւ իշխանությունից: «Առաջ ուրիշ էր,- չեն շարունակում խոսքն ու ինձ են ուղղվում,-որտեղի՞ց ես»: «Երեւանից: Ուզում եմ Դիլիջանում հանգստացողների մասին գրել: Շա՞տ են գալիս»: «Դե տեսնում ես, տներ ենք վերանորոգում, որ գան: Դիլիջանի օդն ու ջուրը մաքուր են, թթվածինըՙ շատ, թող գան, հանգստանան»:

Թող գան, բայց ինչ է առաջարկում Դիլիջանի գործարարը հովեկին: «Գները բարձր են, քանի որ մրցակցություն չկա, ասում է Դիլիջանի փոխքաղաքապետ Արման Մակարյանը: Պետք է գներն աստիճանաբար բարձրացնելՙ որակին համապատասխան: Բայց քանի որ առաջարկը քիչ է, հանգստյան տները լիքն են հովեկներով»: Փոխքաղաքապետի խոսքերով, արտասահմանցիներին, հովեկներին ու զբոսաշրջիկներին Դիլիջանը գրավում է իբրեւ պատմամշակութային, հետաքրքրական կոլորիտ ունեցող բնակավայր, իսկ Երեւանից եկած հանգստացողները շուտ են ձանձրանում, որովհետեւ «ժամանցի, ուտել-խմելու տեղերը քիչ են»»:

Բարձր գները եւս խանգարում են մեր հայրենակիցներին: Հանգստյան տներում մեկ հոգու գիշերավարձը 10-13 հազար դրամ է: Ավելի բարձր գին սահմանած հանգստյան տներ էլ կան: Օրինակ, «Իմպուլս» համալիրում գները սկսվում են 16 հազար դրամից եւ հասնում են 40 հազարի:

Բացի հանգստյան տներից, դիլիջանցին հանգստացողներին նաեւ «տնային հանգիստ» է առաջարկում: Դիլիջանում շուրջ 3 հարյուր տներ կան, որ ամռան ամիսներին հովեկներին են սպասում: Օրական 3 հազար դրամով տան տերերը պատրաստ են ընդունել հյուրերին, ցանկության դեպքում` նաեւ հոգալ սննդի հարցը: 300 տներից 15-20-ի տերերը վերապատրաստման դասընթացներ են անցել, հյուրերին ընդունել-ճանապարհելու ձեւեր սովորել:

Քաղաքապետարանի զբոսաշրջության զարգացման բաժնի մասնագետ Լիլիթ Սաղաթելյանի դիտարկմամբ, այս տարի նախորդ տարիների համեմատ նվազել է զբոսաշրջիկների թիվը` հարեւան Վրաստանում տարվող գնային ավելի ճկուն քաղաքականության հետեւանքով:

Փոխքաղաքապետը դժգոհ է. «Դիլիջանը հյուրեր ամռան միայն երկու-երեք ամիսներին է ընդունում, այնինչ «ծրագրերը յոթ-ութ ամսվա են»»:

Այժմ մի քանի հյուրանոցներ են կառուցվում եւ վերակառուցվում քաղաքում: Եթե սրանց տերերը չբռնեն իրենց գործընկերների «թանկ» քաղաքականությունը, գուցե իրոք Դիլիջանը տարվա 7-8 ամիսներին հովեկ ունենա:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4