«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ՓՈՐՁԵՔ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԷԼ ՀԱՍԿԱՆԱԼ

Արձակուրդի բերումով Երեւանում գտնվող Մոսկվայի մեր թղթակից Ռուբեն Հայրապետյանի հետ գլխավոր խմբագրի զրույցը չէր կարող չսկսվել նախանցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում ավարտված գագաթաժողովի արդյունքների քննարկումից: Մասնավորապես, ի՞նչ տվեց աշխարհի հզորագույն լիդերների հանդիպումը Ռուսաստանին, անձամբ Պուտինին:

- Մոսկովյան թերթերից մեկն այդ համաժողովի վերաբերյալ մի հրապարակման համար, ես կասեի, հանճարեղ ենթավերնագիր էր ընտրել. «ժպտալով, G8 լիդերները միմյանց միայն ատամ են ցույց տալիս»: Այն փաստը, որ համաշխարհային քաղաքական ճարտարապետության այդ հսկա սյուները չկարողացան (թե չուզեցին) կանգնեցնել լիբանանյան արյունահեղությունը, աներկբա վկայում է, որ ութնյակի անդամներից յուրաքանչուրն իրոք մտահոգված էր միայն սեփական երկրի ու իր անձնական շահերի պաշտպանությամբ: Իսկ ինչ վերաբերում է նախագահ Պուտինին, ապա ողջ տեղի ունեցածին պետք է նայել նաեւ առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունների տեսանկյունից: «Տեխնիկապես» գրեթե անթերի անցկացված միջոցառումը եւ նրանում Ռուսաստանի նախագահող դերը, Պուտինի դրսեւորած ինքնավստահությունն էապես նպաստեցին նրա առանց այն էլ պատշաճ մակարդակի վրա գտնվող վարկանիշի բարձրացմանը:

- Բայց նա անընդմեջ հայտարարում է, որ չի դրվում իր երրորդ ժամկետի հարցը:

- Դա այդպես է, բայց լայն ժողովրդականությունը կհանգեցնի այն բանին, որ Պուտինը, հայավարի ասած, ում վրա մատը դրեց, նա էլ կդառնա երկրի հաջորդ ղեկավարը:

- Յուրօրինակ ռուսական Դեն Սյաոպին:

- Ինչ-որ տեղ հենց այդպես, թեեւ վերջինիս մասշտաբն ու վարկն անհամեմատ մեծ էին: Սակայն դառնանք գագաթաժողովին: Պուտինին հաջողվեց իր գործընկերներին համոզել, որ էներգետիկ անվտանգության տակ պետք է հասկանալ ոչ թե սոսկ էներգապաշարների անվտանգ մատակարարում, այլ դրանց արդյունահանումը, փոխադրումը եւ վաճառքը էներգետիկ շուկաներում: Ավելի պարզ ասած, եթե Արեւմուտքն ուզում է մասնակցել համապատասխան հանքերի արդյունահանմանը Ռուսաստանում, ապա փոխարենը նա պիտի իր սպառողական շուկան բացի Ռուսաստանի առջեւ: Գաղտնիք չէ, որ եվրոպացիներն ու հատկապես ամերիկացիներն ամեն ինչ անում են բարդացնելու ռուսաստանյան էներգետիկ ընկերությունների մուտքն իրենց երկրներ: Ընդսմին դա արվում է ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ: Ամերիկացիները կտրականապես մերժեցին չինացիներին, երբ վերջիններս փորձեցին նավթավերամշակման գործարան ձեռք բերել ԱՄՆ-ում:

- Կարելի՞ է ասել, որ այս գագաթաժողովում Ռուսաստանը հավաստեց նորեն գերտերություն դառնալու իր հավակնությունները:

- Դա թերեւս Պուտինի բոլոր մտահղացումների գլխավոր ենթատեքստն էր: Հիշենք, թե ինչ արշավ էր ծավալվել ԱՄՆ-ում Բուշի Պետերբուրգ մեկնելու դեմ: Բայց նա եկավ, չէր կարող չգալ եւ այսօր արդեն չի կարող հաշվի չնստել Ռուսաստանի հետ, քանզի վերջինս հիրավի ուժեղանում է: Ռուսաստանի նացիոնալիստական թերթերից մեկն արդեն մի քանի ամիս մշտական խորագիր է բացելՙ «Հինգերորդ իմպերիա», որտեղ տրվում են նոր կայսրության ստեղծման ուղենիշները: Ուշադրություն դարձրու, միջինասիական պետությունների մեծ մասն արդեն շուռ է եկել դեպի Ռուսաստան: Նույնիսկ Ադրբեջանը, որի կարծիքով Ղարաբաղի խնդրի լուծումը գտնվում է Մոսկվայում, աշխատում է չփչացնել հարաբերությունները Կրեմլի հետ: Ի տարբերություն վրացիների: Ի դեպ, Սաակաշվիլու հիմնական հակառակորդ Իգոր Գիորգաձեն իր քաղաքական ծրագրի հիմնական կետը համարում է հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ, եւ վստահ է, որ դա իրեն կհաջողվի շատ կարճ ժամանակամիջոցում, եթե ոչ մի քանի օրում:

Առհասարակ ինձ թվում է, որ պետերբուրգյան գագաթաժողովն ուսանելի շատ բան տվեց նաեւ փոքր պետություններին:

- Ի՞նչ նկատի ունես:

- Քո ծննդավայր Լիբանանի հետ կապված իրադարձությունները: Ինչպես ասացի, ի՞նչ արեց ութնյակը ռազմական գործողությունները կանխելու համար: Ոչինչ: Բուշն Իսրայելի կողմն է, Շիրակըՙ Լիբանանի, Պուտինը միջին դիրք է գրավում, եւ այլն: Միաբեւեռ աշխարհը սեղմում է փոքր պետությունների քաղաքական կողմնորոշիչների շրջանակը: Նույնիսկ տարածաշրջանային տերությունները, բազմազգ միջազգային կորպորացիաները կարող են չար խաղ խաղալ նրանց գլխին:

- Նույնիսկ Սորոսի նման մեկ մարդը:

- Ակնհայտ է, որ ութնյակի հանդիպման նախօրեին իր միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու համար Իրանը հրահրեց «Հզբոլլահին», ինչի զոհն էլ դարձավ Լիբանանը: Ո՜վ կարող է երաշխիք տալ, որ եթե Հայաստանում չլինեին ռուսական զորքերը, երբեւէ նման պրովոկացիա չի կարող սարքել Թուրքիան ու թափանցել Հայաստան: Ընդսմին կարեւոր չէ, ութնյակի որեւէ հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո: Դու ինձ մեղադրում ես ռուսամետության մեջ, ես դա չեմ էլ ժխտում: Հայաստանում նկատվող որոշ հակառուսական տրամադրություններ, առանձին քաղաքագետների անպատասխանատու հայտարարություններ ընդդեմ Մոսկվայի կարող են չարիք բերել ոչ միայն երկու միլիոնանոց ռուսահայությանը, այլեւ բուն Հայաստանին: Բոլոր թերություններով հանդերձ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքն է, եւ դա արդեն քիչ չէ: Այդ երկիրն ինքը մեծ դժվարություններով ու հակասություններով է հարթում իր ճանապարհը, լուծում բազում ներքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական եւ մյուս բազմաբարդ խնդիրները:

- Բայց չէ՞ որ այդ նույն Ռուսաստանում բարեհաճ չէ վերաբերմունքը մեր նկատմամբՙ սկինհեդների ելույթները, հայ պատանիների սպանությունները եւ այլն:

- Այդ սպանությունները բացարձակապես հակահայկական բնույթ չեն կրում: Այդ ջահելների մեղքը եղել է նրանց ոչ սլավոնական արտաքինը, մարդասպաններից ոչ մեկին չի էլ հետաքրքրել նրանց կոնկրետ ազգությունը: Անշուշտ, Ռուսաստանում առկա է ընդգծված կովկասատյացությունը, բայց ինչո՞ւ դրա մեջ մեղադրել միայն ռուսներին եւ ոչ կովկասցիներին: Մենք այս թեմայով մեկ անգամ չենք զրուցել եւ պատկերը, ցավոք, չի փոխվել: Կովկասատյացության հիմքը կենցաղայինն է, հետո նոր վերափոխվում է քաղաքականի, սոցիալականի, ժողովրդագրականի եւ այլն: Ռուսների կարծիքով, կովկասցիներն, անկոչ հյուրեր լինելով իրենց երկրում, միաժամանակ բիրտ կերպով խախտում են հյուրընկալման կանոնները (եկել եք մեր տուն եւ ոտքերդ դրել սեղանին): Ինձ, օրինակ, որպես հայի ռուսները հաճախ են հարցնումՙ լավ, հայերդ առաջիններից մեկը ելաք «ռուսական» կայսրության, նրա օկուպացիոն, թալանիչ քաղաքականության դեմ, քաջաբար մարտնչեցիք անկախության համար: Հիմա հասել եք ձեր բաղձալի նպատակին, ուրեմն շենացրեք, ուժեղացրեք ձեր «անկախ» պետությունը: Ինչո՞ւ եք կովկասցիներդ, մորեխի պես, մեր կամքին հակառակ, լցվում մեր երկիրը եւ դեռ անամոթաբար հավասար իրավունքներ պահանջում տեղացիների հետ: Ո՞ր արժանիքի համար:

- Բայց չէ՞ որ ներգաղթողներն իրենց աշխատանքով բազմապատկում են Ռուսաստանի հարստությունը: Հենց վերջերս աշխատանքի տեղավորման գծով ռուս պետական մի պաշտոնյա, նկատի ունենալով Ռուսաստանի ժողովրդագրական պատկերը, CNN-ով հայտարարում էր, որ երկրի տնտեսությունը տարեկան շուրջ 1 մլն նոր աշխատավորի կարիք ունի արտասահմանից:

- Նրանք էլ ասում ենՙ դուք չեք գալիս մեր երկիր մեզ երջանկացնելու, դուք գալիս եք բացառապես ձեր գրպանը լցնելու եւ ձեր «անկախ» հայրենիքի սոված հարազատներին կերակրելու համար: Բայց, լա՜վ, եթե եկել եք, գոնե հարգեք մեր ապրելակերպը, կենցաղը, նիստուկացը, սովորույթները: Իսկ եթե մենք ձեզ դուր չենք գալիս, չվեք ձեր երկիրը: Նորից եմ ասում, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ ռուսներին: Կարո՞ղ ես պատկերացնել մի այսպիսի տեսարան. մի խումբ ռուսներ ինքնագլուխ գալիս են Հայաստանի մարզերից մեկը, այնտեղ ծավալում են քրեական լայն գործունեություն, ապօրինի բիզնես, մաքսանենգություն եւ այլն ու մարզպետին էլ սպառնում, որ կոչնչացնեն նրան, եթե նա փորձի հակազդել իրենց: Իսկ երբ տեսնում են, որ մարզպետն այնուամենայնիվ փորձում է կարգի հրավիրել, կազմակերպում ու անմիջականորեն իրագործում են նրա սպանությունը մարզի կենտրոնի մարդաշատ փողոցումՙ օրը ցերեկով: Բայց չէ՞ որ դա տեղի ունեցավ Մագադանի նահանգապետի հետ: Կամ, Երեւան գալու նախօրեին ութ հարբած «սեւամորթներ» դաժանորեն բռնաբարել էին երկու ռուս աղջկա, որոնք, ինչպես հետո պարզվեց, եղել էին միլիցիայի աշխատողներ: Կամ, միլիցիոներները կանգնեցնում են թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվող երեք ադրբեջանցիների, որոնք էլ անմիջապես ատրճանակով կրակ են բացում նրանց վրա: Եվ սրանք եզակի դեպքեր չեն: Մոսկվայում քրեական հանցագործությունների մոտ կեսը կատարում են ներգաղթողները:

- Բայց, այդուհանդերձ, կրկնում եմ, տեղի իշխանությունները փորձում են ներգաղթողների միջոցով լուծել սեփական բնակչության նվազման խնդիրը:

- Ես չեմ կարողանում հասկանալ նրանց քաղաքականությունը ներգաղթի հարցում: Եթե խոսքը վերաբերում է էթնիկ ռուսներին, դա հասկանալի է ու բացատրելի: Բայց ըստ էության ստացվում է այնպես, որ եկվորների մեծ մասը մուսուլմաններ են: Մինչդեռ ոչ ոք չի հավատա, որ, ասենք, Ռուսաստանում բնակվող երեք միլիոն ադրբեջանցիներ դառնան... քրիստոնյա ռուսներ: Դու չես պատկերացնի, թե վերջին մի քանի տարում մուսուլմանների ի՜նչ հոսք է նկատվում Միջին Ասիայից, ընդսմին` ամենացածր մակարդակի: Թե՞ սրանք են ռուս դառնալու: Ես քեզ նվեր եմ բերել սոցիոլոգիական բնույթի «Ռուսաստանի իսլամացումը» գիրքը, որտեղ անողոք փաստերի հիման վրա ապացուցվում է, որ եթե ոչինչ չարվի, ապա երկրի մահմեդականացման դինամիկան հարցն իր օգտին կվճռի արդեն դարի կեսին:

- Իսկ ռուսներն, ինչ է, մոռացե՞լ են իրենց ավանդական հրեատյացությունը:

- Չեն մոռացել, բայց դա արդեն բոլորովին այլ մակարդակ է, ինչ-որ տեղՙ անհասանելի նրանց համար: Ռուսը «սեւամազի» հետ անմիջականորեն բախվում ու իր վերաբերմունքն է արտահայտում շուկայում, խանութում, փողոցում, ռեստորանում, հասարակաց տներում, խաղատներում, հասարակական տրանսպորտում: Իսկ ի՞նչ կարող է անել սափրագլուխն Աբրամովիչին, Չուբայսին, Ֆրիդմանին, Ֆրադկովին: Իսկ հրեաները համազգային կենսորոշ հարցերը լուծում են այդ մակարդակով: Հնարավոր է, որ անտիսեմիտիզմի ցնորված մի անգրագետ ռուս երիտասարդ ներխուժի սինագոգ եւ դանակահարի մի քանի մարդկանց, բայց նման արարքները միայն բարոյական վնաս են հասցնում ռուսներին: Ոչ ավելի: Հրեաները համաշխարհային ցեղ են եւ գլոբալ հարցերում դառնալով մի բռունցք, նրանք ի զորու են պաշտպանելու իրենց: Ներկա մերձավորարեւելյան իրադարձությունները դրա վկայությունը չե՞ն: Ո՞ւմ հետ է հաշվի նստում Իսրայելը...

- Մենք մեր զրույցն սկսեցինք նախագահ Պուտինով, կուզենայի նրանով էլ ավարտել: Այնուամենայնիվ, ո՞վ կդառնա նրա փոխանորդը:

- Առայժմ երկուսն են` փոխվարչապետներ Սերգեյ Իվանովը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Սակայն չնայած հեռուստատեսության հիրավի տիտանական ջանքերին, նրանք ժողովրդական են դառնում: Մի առթիվ ռուսաց ղեկավարը նաեւ հայտարարեց, որ իրեն փոխարինողը կարող է լինել նաեւ նվազ ճանաչված անձ: Գուցե Պուտինն էլ կիրառի Ելցինի «արդարացված» փորձը..


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4