«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ՈՒԶԵՑԻ, ՈՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ԺՊԻՏԸ ԱՎԵԼԱՆԱ

«Ազգ» օրաթերթը անցած շաբաթ իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ ճանաչված գործարար, ազգային բարերար Վահագն Հովնանյանը 25.000 ԱՄՆ դոլար գումարի չեկ է նվիրել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին: Վահագն Հովնանյանի հետ զրույցի ընթացքում փորձեցի տեղեկանալ, թե ինչպե՞ս նման որոշում ընդունեց: «Մոտ 1,5 տարի առաջ, ասաց նա, նախկին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի խնդրանքով ու հրավերով Գյումրիի թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հետ ծանոթանալու համար այցելեցինք թատրոն: Կոլյայի մասին բավականաչափ տեղյակ էի, շատ շնորհալի ու բանիմաց արվեստագետ է: Ինձ շատ ավելի գրավեց նրա վճռական լինելու հանգամանքը, որ մայրաքաղաքը թողել ու եկել է Գյումրի: Ես պատմությունից գիտեմ, որ Գյումրին մինչեւ երկրաշարժը եղել է մշակութային կենտրոն, սակայն այն մարեց երկրաշարժի պատճառով: Ավելի մոտիկից ծանոթացա ե՛ւ Կոլյայի, ե՛ւ թատրոնի հետ ու մեր զրույցի ընթացքում առաջարկեցի ստեղծել մի հիմնադրամ, որտեղ կկուտակվեն գումարներ հատուկ Գյումրիի թատրոնի համար: Քանի որ ես նաեւ Գյումրիում ունեմ իմ գործը եւ կարծում եմ հենց այնտեղից 2-3 գործարարների կկարողանայի համոզել, որ նրանք էլ ներդրումներ անեն: Սակայն այդ հիմնադրամի գաղափարը այդպես էլ մնաց ու հետեւող չեղավ: Քանի դեռ չի կազմավորվել այդ հիմնադրամը, որոշեցի առաջին ներդրումը ես անեմ ու նվիրեցի 25.000 ԱՄՆ դոլարի չեկ, որ գյումրեցիների մարած աշխուժությունը վերականգնվի ու նրանց դեմքի ժպիտը ավելանա: Կարծում եմ այդ աջակցությունը ուժ կտա նրանց եւ դեռ շատ հաջողությունների ներկա կլինենք»: Հիշեցնենք, որ մշակութասեր Վահագն Հովնանյանը հինգ տարի շարունակ նախաձեռնեց ու անցկացրեց «Սայաթ-Նովա» հայ երգի փառատոն մրցույթը: Հենց այդ մրցույթում մրցանակակիրներ դարձած երգիչները մեր այսօրվա երգարվեստի ներկայացուցիչներն են: Այժմ էլ Վահագն Հովնանյանը իր հայացքը շրջել է դեպի հայ թատրոնը, որը լուրջ աջակցության կարիք ունի եւ նրա առաջարկած հիմնադրամի ստեղծումը կարեւոր դեր կարող է ունենալ:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4