Երիտասարդ ռեժիսորի գնահատականն ու զգացածը` փաստագրականի ժապավենին
Կանադահայ երիտասարդ ռեժիսոր, սցենարիստ Արազ Արթինյանը մանկուց է լսել Մեծ եղեռնի մասին, մանկուց խուսափել օտարների հետ հանդիպումից, ծանոթությունից եւ իր մեջ յուրահատուկ բարդույթ զգացել: Ավելի գիտակից տարիքում արդեն Արազին հետաքրքրել են դրա բուն պատճառները, ցեղասպանության իրական պատմությունը: Սա է այն հիմքը, որով 28-ամյա աղջիկը ձեռքն է վերցրել տեսախցիկն ու սկսել օբյեկտիվի միջից դիտել իրականությանը:
«Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմը Արազը սկսել է նկարահանել 2001 թվականին: 40 հարցազրույցներ է նկարել կանադահայ ռեժիսորը Կանադայում, Բոստոնում, Նյու Յորքում, Թուրքիայում, ընդ որում` նաեւ ցեղասպանությունը վերապրածների հետ: «5 տարի շարունակ` ամեն օր աշխատել եմ այս ֆիլմի վրա, ասում է ռեժիսորը եւ ավելացնում. առաջին անգամ է, երբ իմ տարիքի սփյուռքահայ աղջիկը ձեռքն է վերցնում տեսախցիկը եւ գնում Թուրքիա` իր երիտասարդ կյանքի հինգ տարիներն այս գործին նվիրելու: Ուզում էի տեսնել, թե Արեւմտյան Հայաստանի մասին ինչ են պատմում թուրք գիդերը զբոսաշրջիկներին: Վավերագրական այս ֆիլմում իմ տեսակետներն են, անձնական մոտեցումները», ասում է ռեժիսորը:
Արեւմտյան Հայաստանում նկարահանումների եւ իր անձի անվտանգությունն ապահովելու համար Արազը տարիքով 10 տարի փոքր է ներկայացել եւ ասել, թե նոր է բուհն ավարտել եւ ծնողներից իբրեւ նվեր Թուրքիայում ճամփորդելու ուղեգիր ստացել:
«Ծնողներիս, իմ եւ ավելի երիտասարդների մասին եմ խոսում, այս սերունդների տարբերությունների, ասում է երիտասարդ ռեժիսորը: Ֆիլմն ավելի շատ ազդում է աղջիկների վրա: Ներկայացնում եմ նաեւ օտարների հետ ամուսնանալու խնդիրը, որն արդիական է սփյուռքում»:
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյում` 2005 թվականին: Մինչ այդ այն ներկայացվել է աշխարհի 40 քաղաքներում, մասնակցել մի շարք փառատոների: Ի դեպ, «Ոսկե ծիրան 2006»-ում «Ցեղասպանությունն իմ մեջ» կինոնկարն արժանացավ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի հատուկ մրցանակին: Ստամբուլում մերժել են ֆիլմն ընդգրկել փառատոնի ծրագրում, սակայն Արազ Արթինյանը փափագում է, որ մի օր երիտասարդ թուրքերին ցույց կտա իր հեղինակած այս վավերագրությունը: «Ի հեճուկս ցեղասպանության կուզեմ հայ ըլլալ եւ ազատ», հայտարարում է Արազ Արթինյանը:
Թ. Մ.