«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Էջմիածնի կինոյի նախկին շենքում այժմ գործում է Խորեն Տեր-Հարությանի անվան թանգարանը:

1982 թ. նոյեմբերը նշանակալից էր Խորեն Տեր-Հարության նկարիչ-քանդակագործի համար: Նրա ցանկությամբ թանգարան բացվեց Էջմիածնում: ԱՄՆ-ից Հայաստան բերվեցին նրա 250 գործերը, որոնցից 90-ը քանդակ, մնացածն էլ` գեղանկար եւ գրաֆիկա: Նույն թվականին Էջմիածնի ճեմարանի առաջին հարկում բացվեց նրա ցուցահանդեսը:

Արդեն 1988 թ.-ին Խորեն Տեր-Հարությանի անվան թանգարանը գործեց նոր շենքում: Սակայն հեղինակի ոչ բոլոր գործերն են դրված թանգարանում: Պատճառը շենքի կիսաշեն վիճակն է: Ինչպես տեղեկացանք թանգարանի տնօրեն Հարություն Հարությունյանից, թանգարանում կա 100 գործ, մոտ 140-ն էլ պահվում է ազգային պատկերասրահի պահոցում:

Էջմիածնի Խորեն Տեր-Հարությանի անվան թանգարանը ազգային պատկերասրահի մասնաճյուղն է:

Հարցին, թե այցելուները շա՞տ են, թանգարանի տնօրենը ցավով նշեց. «Հսկայական տարբերություն կա. եթե նախկինում հաճախում էին ամիսը 500-600 հոգի, ապա այսօր այդ թիվն աներեւակայելիորեն կրճատվել է: Պատճառներից մեկը միգուցե սահմանված գումարն է` 300 դրամ»: Այնուամենայնիվ թանգարանի տնօրեն Հ. Հարությունյանը գոհ է, որ մինչ օրս կարողացել է կատարել Խորեն Տեր-Հարությանի ցանկությունները` նրա ցանկությամբ թանգարանի բակում քանդակներ են դրվել:

Խորեն Տեր-Հարության նկարիչ-քանդակագործը ասես կախարդ լինի, որը մանկական հիշողություններով կարողացել է պատկերել Եղեռնը, որին նվիրված գործերն աչքի են ընկնում իրենց արտահայտչականությամբ ու կոմպոզիցիոն ամբողջականությամբ:

Ստեղծագործողներ կան, որ երբեք չեն բավարարվել ձեռք բերածով: Որքան էլ արժեքավոր եւ ընդունված են եղել արդեն նվաճված բարձունքները` նրանք անվերջ փնտրտուքների մեջ են եղել:

Այդպիսի ճանապարհորդ էր նաեւ Խորեն Տեր-Հարությանը:

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4