Ընդհատակյա ներգաղթի դեմ Ֆրանսիայի ներքգործնախարար Նիկոլա Սարկոզիի ձեռնարկած կտրուկ միջոցները դժգոհության ալիք են բարձրացրել երկրում: Իրավապաշտպանական մի շարք կազմակերպություններ մասնավորապես պահանջում են չարտաքսել դպրոցահասակ երեխաներ ունեցող անօրինական ներգաղթյալներին: Վերջերս Սարկոզին փոքր-ինչ մեղմացրեց դիրքորոշումը եւ համաձայնեց անհատական մոտեցմամբ քննել դպրոցահասակ երեխաներ ունեցող 6-7 հազար ներգաղթյալ ընտանիքների գործերը: Ենթադրվում է, որ այդ ընտանիքները չեն արտաքսվի:
Նման դեպքերից մեկի մասին հաղորդում է Փարիզի «Աշխարհ» թերթը: Նշվում է, որ Ֆրանսիայում բյուրավոր աշակերտներ եւ ուսուցիչներ ցույցեր են անում, հանրագրեր կազմում ընդդեմ անօրինական այն ներգաղթյալների արտաքսման, որոնք դպրոցում սովորող երեխաներ ունեն: Բացառիկ համերաշխությամբ տեղական հանձնախմբեր են ստեղծվում նման ընտանիքներին բարոյական եւ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով:
Մասնավորապես համերաշխության շարժում է ծավալվել Լիոնում բնակություն հաստատած Բաբայանների ընտանիքի օգտին: Վերջին երեք ամիսներին աշակերտների ծնողները եւ ուսուցիչները ջանքեր են գործադրում պաշտպանելու Բաբայանների երկու զավակների իրավունքները, մինչեւ որ քննության առնվի ամենքից սիրված եւ հարգված այդ հայ ընտանիքի ներկայացրած ապաստանի խնդրանքը: