«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


«ԱՐՄԱՎԻԱՆ» ՑՆՑՎԱԾ Է ՄԱԿ-Ի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Եվ անհրաժեշտության դեպքում անկախ փորձագետների կդիմի

Թեեւ «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրենը Երեւանում չէ, բայց դա չէր խանգարել «Արմավիայի» վրդովված աշխատակիցներին ինքնաբուխ մի հավաք կազմակերպել եւ հայտնել իրենց անհամաձայնությունը նախորդ օրը միջպետական ավիացիոն կոմիտեի հրապարակած եզրակացությանը, որտեղ վթարի պատճառ են համարվում օդաչուների ոչ համարժեք գործողությունները: «Արմավիա» ընկերության պատասխանատուները համոզված են, որ աղետի պատճառները հետաքննող հանձնաժողովի աշխատանքները դեռեւս ավարտված չեն եւ այդպիսի եզրակացություն տարածելը դեռեւս վաղաժամ է, պարունակում է անտակտության տարրեր, առհասարակ` չի համապատասխանում իրականությանը: «Արմավիայի» փոխտնօրեն Իլարիոն Ղարիբյանը տեղեկացրեց, որ կոլեկտիվը դեմ է ՄԱԿ-ի հաղորդագրությանը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Թռիչքային ծառայության տնօրեն Միհրան Խաչատրյանը հայտնեց, որ անհասկանալի պատճառներով ՄԱԿ-ի եզրակացության մեջ չի ներառվել եռակողմ ստորագրված արձանագրության այն հատվածը, ըստ որի պարզ չէ ինքնաթիռի կտրուկ վայրէջքի պատճառը, ինչը հանգեցրել է ջրի մակերեսին վերջինիս բախմանը: Ըստ նրա` ՄԱԿ-ի մամլո հաղորդագրությունը ցնցել է ավիաընկերությանը: Նա առաջին օրից հանձնաժողովի անդամ է եղել եւ ճիշտ չի համարում, որ ռուսական մամուլում հատվածական եւ ընտրովի տեղեկատվության զանգվածային արտահոսք է եղել: Դա պատահական չէ, այլ հատուկ միտումի հետեւանք: Մինչդեռ կողմերը պայմանավորվածություն ունեին մինչեւ հետաքննության աշխատանքների ավարտը տեղեկատվության արտահոսք չանել, քանի դեռ բոլոր ենթահանձնաժողովների աշխատանքները չեն ավարտվել ու նրանց ներկայացուցիչները եզրակացությունը չեն ստորագրել: «Վարկածները կարող են տարբեր լինել, բայց դրանցից եւ ոչ մեկը կյանքի իրավունք չունի, քանի դեռ չի հաստատվել», նկատեց Մ. Խաչատրյանը: Ըստ նրա` թռիչքի կայուն շրջանը եղել է կառավարելի, որից հետո ի՞նչ է կատարվել` հանձնաժողովի որեւէ ադամ չի կարողացել պատասխանել այդ հարցին:

«Արմավիա» ընկերության թռիչքների անվտանգության վարչության պետ Արշակ Նալբանդյանը միջպետական ավիացիոն կոմիտեի ստեղծած հանձնաժողովի թռիչքային ենթախմբի անդամ է եւ անձամբ ինքը չի ստորագրել եզրակացությունը: «Չգիտես ինչու ռուսական կողմը վթարի պատճառ է նշել միայն մարդկային գործոնը: Մենք ոչ մեկս չենք ուզում հերքել, որ օդաչուների սխալներ եղել են, բայց արդյոք դրա՞նք են պատճառը, որոնք հանգեցրին ինքնաթիռի բախմանը ջրային մակերեսին, թե՞ տարբեր պատճառներ համադրվեցին` օդերեւութաբանական, դիսպետչերների, անձնակազմի գործոնները», հարց ուղղեց Ա. Նալբանդյանը: Մինչդեռ պակաս ստորագրությունները հաշվի չառած ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է , որ աղետի պատճառը օդաչուների ոչ համարժեք գործողություններն են. այդպիսի եզրակացություններ չեն արվել, ընդհակառակը` բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում առաջարկ է արվել, որ ինքնաթիռի ջրի հետ բախման պատճառն անհայտ է:

Ըստ «Արմավիայի» ներկայացուցիչների` հանձնաժողովը նախ պետք է պարզեր, թե ի՞նչն է հանգեցրել ինքնաթիռի բախմանը ջրին, այլ խոսքով` ի՞նչ պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, իսկ հետո նոր մեղավորներին գտնելու գործով զբաղվեր:

Ըստ «Արմավիայի» ներկայացուցիչների` հանձնաժողովը նախ պետք է պարզեր, թե ի՞նչն է հանգեցրել ինքնաթիռի բախմանը ջրին, այլ խոսքով` ի՞նչ պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, իսկ հետո նոր մեղավորներին գտնելու գործով զբաղվեր: Նրանք նաեւ պնդում են, որ ինքնաթիռը տեխնիկապես պատրաստ է եղել թռիչքի, անձնակազմը` նույնպես:

Ըստ Ա. Նալբանդյանի` եթե հետաքննության արդյունքները չբավարարեն ավիաընկերությանը, ապա նա նոր փորձաքննություն անցկացնելու համար կդիմի մի երրորդ անկախ մարմնի:

Հավելենք, որ տեխնիկական եւ դիսպետչերական ենթահանձնաժողովների տակ հայկական կողմի մասնագետները ստորագրել են:

Մեր կողմից նկատենք, որ ուշանում է Հայաստան պետությունը ներկայացնող կառույցների ներկայացուցիչների արձագանքը միջպետական ավիացիոն կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը: Գուցե նրանք համաձա՞յն են այդ եզրակացությանը: Այն դեպքում, երբ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի ասուլիսների (այդ թվում` վերջերս Հայաստանում կայացած), տեսնում էինք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգյանին, եւ ամեն պահ գիտեինք նրա կարծիքը ավիավթարի ու նրա ընթացքի մասին, բնական է, որ այժմ էլ սպասենք նրա արձագանքին. արդյոք համաձա՞յն է պարոն Սարգսյանը Հայաստանին անհարմար վիճակում դնող այս միակողմանի եւ միտումնավոր եզրակացությանը, որը կոմիտեն հրապարակել է փաստորեն աղետի պատճառները քննող հանձնաժողովի աշխատանքները լիովին չավարտած եւ ինչ-որ հետին միտք հետապնդելով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը խորհրդակցություն է գումարել հարցի առթիվ, իսկ այնտեղ հնչած տեսակետները լրագրողներին եւ հանրությանը կփոխանցի այսօր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4