ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Արմավիր-Երեւան
«Ազգը» երեկվա համարում անդրադարձել էր Երեւանում եւ հանրապետության չորս մարզերում իրականացվող ստուգողական ուսումնավարժական աշխատանքների 1-ին փուլին: Հուլիսի 27-ին իրականացվեց «ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում» 2-րդ փուլը: Ժամը 14.30-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում միացվեց պայմանական վթարի համակարգը:
Վտանգի շչակը լսելով, բնակիչները արագ ընդունեցին կայուն յոդը եւ հագուստի վրա ամրացրին յոդի ընդունման մասին կտրոնը: Փակելով տան դուռն ու պատուհաններըՙ նրանք հագան դիմակներ ու պատսպարվեցին նկուղում, վերցնելով անհրաժեշտ առաջին օգնության իրեր: Մի քանի րոպե անց նրանց ոստիկանների ուղեկցությամբ տեղավորեցին ավտոբուսների մեջ եւ հանեցին վտանգավոր ճառագայթման գոտուց:
Մայիսյան գյուղում վտանգը ազդարարող համակարգը միանալուց հետո գրեթե նույն գործողությունները կատարվեցին ու դպրոցականները տարհանվեցին անվտանգ գոտի: Հաջորդ տարհանման ազդանշանը հնչեցվեց Մեծամոր քաղաքում, հաշված րոպեների ընթացքում երկու բարձրահարկ շենքերի շրջակայքում նախ իրականացվեցին ճառագայթային հսկողության եւ ուսումնասիրության աշխատանքներ, հետո նոր բնակիչներին գրանցելով, կայուն յոդ ու դիմակներ բաժանելուց հետո, ավտոբուսներով տեղափոխեցին անվտանգ գոտի: Ուսումնափորձնական վարժանքը տեղափոխվեց Վաղարշապատ-Արմավիր ավտոմայրուղու 2-րդ կմ-ին հարակից տարածք, ուր իրականացվում էր հսկիչ անցագրային կետերի աշխատանքը եւ ՀՀ ՊՆ զորամասի ուժերով ծավալվում էին ռադիոակտիվ փոշով վարակված տեխնիկայի ու աշխատակիցների ճառագայթազերծման ու ախտահանման աշխատանքները, տեղում իրականացվում էր բուժօգնություն ու վնասազերծում:
Վարժանքների ավարտից հետո իրենց գնահատականները տվեցին ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը, եւ փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանը: