Այսօր հեռուստատեսությունում եւ ռադիոյում արգելված է ծխախոտի գովազդը, թեեւ դրանից ծխողների քանակը չի պակասել: Նոյեմբերին կարգելվի նաեւ ծխախոտի արտաքին գովազդը: Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում է երեւույթի բացասական կողմը` երբ գովազդ չկա, մարդը սովորույթի ուժով գնում է հին տեսակի ծխախոտ, ինչի սովոր էր կամ ինչը գովազդվել է առաջներում: Ժամանակի հետ, նոր տեխնոլոգիաների գործարկման շնորհիվ շուկա են մտնում համեմատաբար պակաս վնասակար, բարձրորակ սիգարետներ: Սրանք էլ չեն գովազդվում, անտեղյակությունը ծխողին թույլ չի տալիս օգտագործել դրանք եւ ոչ թե այն, ինչ այսօր ծխում է: Արմեն Մարտիրոսյանը ծխախոտից հրաժարվելու այլ եւ խելամիտ տարբերակ է առաջարկում:
Մեր հասարակության մի հսկա զանգված ծխում է, պարզապես մտքին եւ ուղեղին ավելի օգտակար զբաղմունք ու սնունդ ունենալու հնարավորության պակասից: Գուցե պետք է հատուկ տուրք սահմանել ծխախոտի գովազդի համար, 1 րոպեի համար ամրագրելով ոչ թե 150, այլ 3000 դոլար եւ այդ գումարն ուղղորդել դեպի մարզաառողջարանային, սպորտային համալիրների ստեղծմանը: «Զբաղվենք սպորտով, եւ ծխախոտն ավելի քիչ տեղ կունենա մեր կյանքում»: Գաղափարն իրական է, հետաքրքրակամ, սակայն դժվար թե հետաքրքրի մեր օրենսդիրներին:
Փորձագետների կարծիքով, հայկական գովազդային շուկան մոսկովյանից հետ է մնում 5 տարով: 5 տարի առաջ այստեղ արձանագրված իրողություններն այսօր տեղի են ունենում հայկական շուկայում: Ռուսները 4,5 մլրդ դոլարանոց գովազդային շուկա ունեն, մեզ մոտ գովազդի տարեկան շրջանառությունը 30 մլն դոլար է: Հեռուստագովազդը անկասկած, դրա առյուծի բաժինն է: Մեծ է տպագրական շուկայի ծավալը` 8,8 մլն, ռադիոգովազդը 0,5 մլն-ի չի հասնում: Մեծ է նաեւ գովազդի արտաքին շուկայի ծավալը` մոտ 10 մլն: Այսօր Երեւանը հեղեղված է արտաքին գովազդի վահանակներով: Անտարակույս, մեր փոքրիկ փողոցների համար դրանք չափազանց զանգվածեղ են: Խիտ փողոցներում կողք կողքի տեղադրված այդ վահանակների ինֆորմացիան չի հասնում սպառողին: Ինֆորմացիան շատ է եւ մնում է ոչ լիարժեք ու անմարսելի:
Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանն այսօր գովազդային մեծ վահանակները քաղաքի կենտրոնից հանելու նախագիծ է իրականացնում: Մնացել են միայն անհամեմատ փոքր մակերեսներովը, որոնք իրենց դիզայնով ու չափերով համահունչ են քաղաքի այդ հատվածին: Եվ քանի որ հայկական գովազդային շուկան մի քանի տարվա տարբերությամբ հետեւում է ռուսականին, հավանաբար հսկա վահանակները մի օր դուրս կմղվեն նաեւ Երեւանի կենտրոնից:
Կ.Դ.