«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ԶԻՋԵՑԻՆ ՆԱԵՎ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Երեկ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումը անցկացրեց Երեւանի «Բանանցը», որը հյուրընկալել էր Վրաստանի գավաթակիր «Ամելիին»: Երկու շաբաթ առաջ Թբիլիսիում 1-0 հաշվով տոնած հաղթանակը հայ ֆուտբոլասերներին լավատեսորեն էր տրամադրել, որոնք իրենց սիրելի թիմի նոր հաջողությանն ականատես լինելու ակնկալիքով էին ներկայացել խաղին: Ցավոք «Բանանցը» հուսախաբ արեց: Մեր ֆուտբոլիստները ոչ միայն չկարողացան զարգացնել հաջողությունը, այլ նույնիսկ պահպանել առաջին խաղի հաղթական հաշիվը եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Արդեն հանդիպման առաջին իսկ րոպեներից ակնհայտ դարձավ, որ հյուրերը ռեւանշի հասնելու մտադրությամբ են խաղադաշտ դուրս եկել: Նրանք բավական ակտիվ սկսեցին հանդիպումը եւ արդեն 11-րդ րոպեին առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին «Բանանցի» դարպասին: Աջ թեւով Դոլիձեն առաջ շարժվեց, գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, սակայն խաղընկերները չհասան գնդակին: 4 րոպե անց արդեն Ռադաջան ստիպված էր ցուցադրել վարպետությունը` դժվարությամբ հետ մղելով Բոլկվաձեի հեռահար հարվածը:

«Բանանցը» հիմնականում խաղը կառուցել էր հակագրոհների վրա եւ մեծ ուժերով փորձում էր դիմագրավել մրցակցի ակտիվ գործողություններին: Առաջին գոլային լուրջ պահը դաշտի տերերը ստեղծեցին միայն 19-րդ րոպեին, երբ Մելքոնյանը հարվածի դուրս բերեց Հակոբյանին, սակայն պաշտպանները գնդակը հանեցին անկյունային: 6 րոպե անց Հակոբյանը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում հայտնված Մելքոնյանին, սակայն կրկին պաշտպանները չեզոքացրին վտանգը: Առաջին խաղակեսի վերջնամասը անցավ «Բանանցի» որոշ առավելությամբ, որն էլ կարողացավ բացել հաշիվը: 39-րդ րոպեին աչքի ընկավ Վահե Թադեւոսյանը, որը ստանալով Մելքոնյանի փոխանցումը` գլխի հարվածով գրավեց դարպասը:

Թվում էր, թե գոլը կոգեւորի դաշտի տերերին եւ նրանք ընդմիջումից հետո կփորձեն զարգացնել հաջողությունը, ավելի ակտիվ կգործեն: Ցավոք դա տեղի չունեցավ: «Բանանցը» գրեթե ողջ թիմով նահանջեց` ձգտելով պահպանել հաղթական հաշիվը: Իսկ ահա մրցակիցը, որն այլեւս կորցնելու ոչինչ չուներ, անցավ ակտիվ գործողությունների: Եվ ընդամենը 2 րոպեում հյուրերը վճռեցին ոչ միայն հանդիպման, այլ նաեւ հաջորդ փուլի ուղեգրի հարցը: Նախ 60-րդ րոպեին օգտվելով «Բանանցի» պաշտպանների անփութությունից, Ռատի Ցինամձգվրիշվիլին ներխուժեց տուգանային հրապարակ եւ հավասարեցրեց հաշիվը: Իսկ 2 րոպե անց նույն ֆուտբոլիստի փոխանցումից հետո հեռահար դիպուկ հարվածով Ռադաջայի դարպասը խոցեց Դենիս Դոբրովոլսկին:

Դեպքերի նման ընթացքը անակնկալի բերեց «Բանանցի» ֆուտբոլիստներին, որոնք փորձեցին բեկում մտցնել մրցակցությունում, փրկել խաղը: Սակայն ինչպես ցույց տվեց խաղի հետագա ընթացքը, «Բանանցն» այդպես էլ չկարողացավ կարգավորել խաղը, մտածված կոմբինացիաներ ձեռնարկել եւ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Թիմի հախուռն գործողությունները այդպես էլ ոչ մի արդյունք չտվեցին:

Եվ այսպես, «Բանանցը» չցուցադրելով իրեն հատուկ խաղը, նաեւ չդրսեւորելով պատվախնդրություն, զիջեց մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Անկեղծ ասած, նման խաղով եւ հանդիպման նկատմամբ նման վերաբերմունքով «Բանանցն» արժանի չէր հաջորդ փուլ դուրս գալու: Եվ ճիշտ էին ֆուտբոլասերներն, որոնք հիասթափված «Բանանցի» խաղից, թիմի ֆուտբոլիստներին սուլոցներով ճանապարհեցին` ծափերի արժանացնելով մրցակցին:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին.

Գեորգի Չիխրաձե («Ամերի»)- Գիտեինք, որ մեզ դժվարին խաղ է սպասվում Երեւանում, քանի որ առաջին խաղում զիջել էինք մրցակցին: Թբիլիսիում զգացվում էր խաղային պրակտիկայի պակասը, արագ գոլ բաց թողեցինք եւ պարտվեցինք: Պատասխան խաղում մենք կորցնելու ոչինչ չունեինք եւ խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու վճռականությամբ: Երբ առաջին խաղակեսում գոլ բաց թողեցինք, մեր խնդիրն ավելի դժվարացավ: Բայց ի վերջո մեր վճռականությունը տվեց իր արդյունքը: Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներից, որ լավ խաղացին դաշտում եւ ձեր երկրպագուներից, որ հանդիպումից հետո ծափողջյուններով ճանապարհեցին մեզ:

Նիկոլայ Կիսելյով («Բանանց»)- Դեռեւս առաջին խաղից հետո թիմերի հնարավորությունները հավասար էի գնահատել` լավ պատկերացնելով, որ Երեւանում դժվար խաղ է լինելու: Խաղը հաստատեց դա: Մրցակիցը ոչինչ չունենալով կորցնելու, համարձակ ու ազատ էր խաղում: Իսկ ահա «Բանանցը» դեռեւս չի կարողանում վճռորոշ պահերին հավաքվել, կենտրոնանալ: Այսօրվա խաղը դա մեկ անգամ եւս ապացուցեց: Ցավոք «Բանանցը» այսօր ցույց չտվեց այն խաղը, որին ընդունակ էր: Պաշտպանների սխալների պատճառով բաց թողած գոլերից հետո թիմը չկարողացավ վերակառուցել խաղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4