Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունում հաջող մրցելույթներն են շարունակում Հայաստանի ծանրորդները: Պատանիների մրցաշարում մինչեւ 62 կգ քաշային կարգում 17-ամյա Առաքել Միրզոյանը երկամարտի 257 կգ (115+142) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Առանձին վարժություններում էլ հայ ծանրորդը արժանացավ փոքր արծաթե մեդալների: Նա ընդամենը 6 կգ-ով զիջեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած կիպրոսցի Դիմիտրիոս Մինասիդեսին` 263 կգ (118+145): Բրոնզե մեդալը նվաճեց մակեդոնացի Դումիտրու Դովիդենկոն` 255 կգ (114+141): Քաշային այս կարգում Հոլանդիան ներկայացնող Կարեն Թովմասյանը 160 կգ (75+85) արդյունքով 19 մասնակիցների մեջ գրավեց 16-րդ տեղը:
Հաջող էր նաեւ մինչեւ 69 կգ քաշային կարգում Դավիթ Գալստյանի ելույթը: 17-ամյա պատանին երկամարտի 265 կգ (115+150) արդյունքով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Նա մի փոքր թույլ հանդես եկավ պոկում վարժությունում` ցույց տալով ընդամենը 4-րդ արդյունքը, իսկ ահա հրումում արժանացավ փոքր արծաթե մեդալի: Դավիթը 15 կգ-ով զիջեց ոսկե մեդալի արժանացած մակեդոնացի Ալեքսանդրու Դուդոգլոյին, որը երկամարտում հաղթեց 280 կգ (126+154) արդյունքով: Բրոնզե մրցանակակիրը լեհ ծանրորդ Թոմաշ Ռոսոլն էր` 263 կգ (115+148):
Աղջիկների մրցաշարում մինչեւ 53 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Հեղինե Եփրեմյանն ու Աննա Գովելյանը: Հեղինեն 160 կգ (70+90) արդյունքով 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նրանից ընդամենը 1 կգ-ով հետ մնաց Աննան` գրավելով 5-րդ տեղը: Սակայն մեր մարզուհիներն առանց մեդալի չմնացին: Հեղինեն փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Աննան` պոկումում: Եվ եթե նրանք մի փոքր հաջող հանդես գային նաեւ մյուս վարժությունում, ապա անկասկած կարող էին դառնալ մրցանակակիր նաեւ երկամարտում: Հարկ է նշել, որ Հեղինեն ընդամենը 1 կգ-ով զիջեց բրոնզե մրցանակակիր բուլղարուհի Մայա Իվանովային:
Քաշային այս կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց իսպանուհի Մարիա Դե Լա Պուենտեն` 166 կգ (76+90): Ընդ որում պոկում վարժությունում նրա արդյունքն աղջիկների Եվրոպայի նոր ռեկորդ է: Չեմպիոնին 1 կգ-ով զիջեց երկրորդ մրցանակակիր գերմանուհի Սառա Բլասնիկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ