«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ԻՍՐԱՅԵԼԸ ԹՈՒՆԱՎՈՐ ԳԱԶ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Դրան շուտով, ըստ ամենայնի, կհետեւի զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների օգտագործումը

Հուլիսի 17-ին ելույթ ունենալով Կնեսետում, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել էր. «Սպանելու ենք բոլոր նրանց, ովքեր ատում են մեզ»: Դրան էր հետեւել մի քանի խախամի գրավոր պատգամն իսրայելական պետությանը. «Համաձայն Հին Կտակարանի, պատերազմի ընթացքում կարելի է սպանել կանանց եւ երեխաներին: Նրանք, ովքեր Գազայում եւ Լիբանանում խղճում են կանանց ու երեխաներին, նշանակում է վայրենաբար են նայում իսրայելցի կանանց ու երեխաներին»:

Այդ ընթացքում իսրայելական ագրեսիայի 17-րդ օրը, ինչպես հուլիսի 28-ին տեղեկացնում են NTVMSNBC-ն եւ «Ենի շաֆաքը», վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարար Մուհամմեդ Խալիֆին, սպանված լիբանանցիների թիվը հասնում է 600-ի: Ըստ ամենայնի, վերոհիշյալ խախամների պատգամը քաջալերել է իսրայելական պետությանը, որ նա ավելի շատ սպանություններ կատարելու մղումով Լիբանանում խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոչնչացման զենքերի հետ օգտագործել է նաեւ թունավոր գազ: Դա առավելապես կիրառվել է հարավային Լիբանանի Սայդա քաղաքում եւ մերձակայքում:

Այդ մասին երեկվա համարում տեղեկացրել են թուրքական թերթերը: Դրանցից «Միլիեթը» նշում է, որ Սայդայի երկու հիվանդանոցներից մեկը գործում է Կարմիր խաչի հովանու ներքո, որի դիահերձարանում նույն ընտանիքի 11 անդամների դիակները սեւացել են ոչ թե մասնակի, այլ ամբողջությամբ: Ընդ որում դիակների վրա բացակայում են մաշկի այրվածքի, վերքի կամ կրակոցի հետքեր:

Փարիզի համալսարանի դասախոսներից ծագումով լիբանանցի բժիշկ Բաշար Շամն, ըստ թերթի, այս հանգամանքը բացատրել է քիմիական զենքի օգտագործմամբ եւ ավելացրել. «Եթե մահվան պատճառը ռումբի պայթյունը լիներ, ապա անհնար է, որ մահացածների մարմինը ամբողջությամբ սեւանար: Մինչդեռ լիովին սեւացած են նույն ընտանիքի 11 բոլոր անդամների դիակները»:

«Ենի շաֆաքի» հեղինակ Իբրահիմ Կարագյուլը քիմիական զենքի մասին «Միլիեթի» տեղեկությունը լրացնելիս միաժամանակ նախազգուշացնում է, որ Իսրայելը շուտով Լիբանանում կօգտագործի նաեւ քիմիական եւ միջուկային մարտագլխիկով հրթիռներ: Նրա տեղեկությամբ այս հրթիռները ինքնաթիռ եւ սուզանավ տեղադրող իսրայելական զինվորներին ուղեկցում են արմատական հրեաներ, որոնք էլ իրենց աղոթքներով օրհնում են տեղադրումը:

Որքան էլ Իսրայելի քաղաքականությունը Լիբանանում քննադատեն, այնուամենայնիվ որեւէ իսրայելցի մտավորականի մտքով անգամ չի անցնում գոնե քննադատական խոսք ասել իրականում ավելի մեծ մասշտաբի սպանություններ կատարելու համար արտադրված քիմիական եւ միջուկային հրթիռներն օրհնող արմատական կոչված այս ստահակներին: Ըստ երեւույթին, իսրայելցի մտավորականները երկմտում են, մտածելով, թե ինչու խախամները, առանց հակազդեցության, ավելի շատ կին եւ երեխա սպանելու պատգամով քաջալերեն իսրայելական պետությանը, իսկ արմատականները չօրհնեն զանգվածային սպանության համար նախատեսված հրթիռները:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4