«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՐԳԵԼՎԱԾ 17 ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը Անվտանգության դաշնային ծառայության աջակցությամբ հաստատել է այն 17 ահաբեկչական կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում է Ռուսաստանում:

ԱԴԾ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, գեներալ-մայոր Յուրի Սապունովն այս կապակցությամբ «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ նման ցանկերը կազմվում են ըստ 3 գլխավոր չափանիշների:

Առաջին չափանիշը ՌԴ սահմանադրական կարգը բռնությամբ, զենքի ուժով, ահաբեկչական մեթոդներով փոխելու գործողություններն են:

Երկրորդը Հյուսիսային Կովկասում կապն է անօրինական զինված կազմավորումների եւ ծայրահեղական մյուս կառույցների հետ:

Երրորդ չափանիշը միջազգային ընկերակցության կողմից ահաբեկչական կազմակերպության ճանաչված խմբավորումների անդամ լինելն է:

Սապունովի խոսքերով, ցանկում նշված բոլոր 12 կազմակերպություններն այս կամ այն կերպ կապված են «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական խմբավորման ծայրահեղական թեւի հետ:

Ցանկում պաղեստինյան «Համասի» եւ լիբանանյան «Հզբոլլահի» բացակայությունը Սապունովը բացատրում է նրանով, որ այդ խմբավորումներն ահաբեկչական են համարվում ոչ բոլոր պետություններում: Երկրորդՙ դրանց գործունեությունը միտված չէ ՌԴ սահմանադրական կարգի տապալմանը, եւ դրանք կապված չեն հյուսիսկովկասյան ծայրահեղականների հետ:

Ընդսմին ԱԴԾ-ն տեղեկություններ ունի, որ Բասաեւը եւ Խաթաբը փորձել են «Համասին» եւ «Հզբոլլահին» մասնակից դարձնել Չեչնիայի ռազմական գործողություններին, խոստանալով փոխարենը Մերձավոր Արեւելք գրոհայինների ուղարկել ձմռանը, «երբ Չեչնիայում կռվելը դժվար է»:

Իրաքում ռուս դիվանագետների սպանության պատասխանատվությունն ստանձնած «Մոջահեդների խորհրդի» բացակայությունը Սապունովը բացատրում է նրանով, որ ԱԴԾ-ն հավաստի տվյալներ չունի այդ կազմակերպության գոյության վերաբերյալ: Օպերատիվ տեղեկությունների համաձայն, այդ «խորհուրդն» իրաքյան ծայրահեղական մի քանի կազմակերպությունների համակարգիչ մարմինն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4