Արդեն 600 մարդ Լիբանանից եւ Իսրայելից բռնագաղթել է Հայաստան: Նրանցից 51-ը դիմել է միգրացիայի գործակալությունՙ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու: Սակայն նրանցից ոչ մեկն առ այսօր չի դիմել Հայկական կարմիր խաչի ընկերություն, մինչդեռ վերջինս նույնպես պատրաստ է օգնություն տրամադրել: «Եթե մեզ դիմեն, մենք պատրաստ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, սնունդ, իրավաբանական, հոգեբանական եւ առողջապահական խորհրդատվություն», ասում է Հայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը: Սահմանված է ամսական տրամադրվելիք մթերքների (ձեթ, բրինձ, ձավար, շաքարավազ եւ այլն, մոտ 9 անուն սննդատեսակ) ցանկ, եւ ամենամսյա կամ 1 տարի ժամանակով ֆինանսական օգնություն, նայած թե սոցիալական ինչ կարգավիճակում է անձը:
Հայկական կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ, ֆինանսավորվում է նրա կողմից: «Եթե փախստականների քանակը շատանա, մենք հնարավորություն ունենք իրենց միջոցով փախստականների կարիքները գնահատելուց հետո ցուցաբերել այնքան օգնություն, ինչքան որ դիմողներ կլինեն», ասում է Էդմոն Ազարյանը: Անկասկած, բռնագաղթածները Հայկական կարմիր խաչին չեն դիմում ընդամենը այն պատճառով, որ տեղյակ չեն օգնություն ստանալու այդ աղբյուրի գոյությանը: Ի դեպ, տարածաշրջանում սրված իրադրության պատճառով հայերի նոր տեղաշարժ է սպասվում նաեւ Վրաստանից:
Կ.Դ.