ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով նախագահին առընթեր ստեղծվել է պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Ղարաբաղում հասարակական-քաղաքական գործունեությամբ լայնորեն հայտնի, «ճՑՏ ՊպսՈՑՖ» հեղինակային թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանը: Նման հանձնաժողով ոչ միայն հանրապետության նախագահին առընթեր, այլեւ որեւէ այլ պետական կառույցին կից երբեք չի եղել Ղարաբաղում: Ինքըՙ Մուրադ Պետրոսյանը գտնում է, որ դրա նախադեպը չկա նաեւ ամբողջ աշխարհում: Այս կարծիքը նա հայտնել է հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսումՙ իբրեւ հիմնավորում շեշտելով հանձնաժողովի կազմը, որում նրա բնութագրմամբ ընդգրկված են իրենց բարոյական մաքրությամբ ԼՂՀ-ում հեղինակություն վայելող անձինք:
«Մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակը նման չէ հետխորհրդային երկրներում առկա իրավիճակներին, որովհետեւ ԼՂՀ-ն գտնվում է պատերազմի մշտական վտանգի տակ, եւ դա պարտադրում է երկրում բարոյական հարաբերությունների բարելավում, առանց որի հնարավոր չէ տնտեսություն զարգացնել: Մարդկանց պիտի վերադարձնել հավատը , որ իրենց ազնիվ մարդիկ են կառավարում», նշել է նա: Մ. Պետրոսյանի համոզմամբՙ հասարակության մեջ բարոյական «բեսպրեդելի» վտանգն այնքան մեծ է ու ակնհայտ, որ դրա դեմ պետք է պայքարել անհապաղ: Հանձնաժողովի ստեղծման նպատակը պետական եւ հասարակական մեխանիզմների արդյունավետ գործունեության կազմակերպումն է: Այդ իսկ նպատակադրությամբՙ հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է անցկացնելու հասարակության բարոյական վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ հանրապետության նախագահի հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ հասարակական վտանգ ներկայացնող էթիկայի ու բարոյական նորմերի խախտումների դեպքերում ստուգումներ է կազմակերպելու պետական հիմնարկներում:
Հանձնաժողովի լիազորություններն ավելի մեծ են, քան կարող է ունենալ մարդու իրավունքների պաշտպանը: Նշելով այս մասին, Մ. Պետրոսյանը թերահավատորեն է գնահատել օմբուդսմենի ինստիտուտը: Ինքն անձամբ պատրաստ չէ նման պաշտոն ստանձնելու, որովհետեւ օմբուդսմենի աշխատանքը, ըստ նրա, սոցիալական աշխատանք է, իսկ դա մարդկանց խնդիրներին այլ մոտեցումներ է ենթադրում:
Պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը վճարովի է: Վճարովի է նաեւ պատասխանատու քարտուղարի հաստիքը, բայց ահա հանձնաժողովի մյուս անդամները հասարակական հիմունքներով են աշխատելու, տեղեկացրեց Մ. Պետրոսյանը:
«Ազգի» այն հարցին, թե արդյոք հանձնաժողովի ստեղծումը ուղղակի հետեւանք է նրա ղեկավարած «Բարոյական վերածնունդ» կուսակցության գաղափարախոսության, Մ. Պետրոսյանը պատասխանեց, որ հանձնաժողովը կուսակցական պատկանելություն չունի եւ չի կարող տեղավորվել որեւէ կոնկրետ կուսակցության գաղափարախոսության մեջ: Խնդիրը բարոյական արժեքների ներդրումն է հասարակական հարաբերություններում, ինչին էլ իրենք հետամուտ են լինելու իրենց հետագա գործունեության ընթացքում: Հանձնաժողովը դեռեւս նիստ չի արել, որովհետեւ անդամների մի մասը գտնվում է արձակուրդում, բայց ահա ըստ հաստատված կարգիՙ ոչ վաղ, քան երկու ամիսը մեկ անգամ հանձնաժողովի նիստ են գումարելու:
«Խոսքերով մարդկանց հուսադրելու ժամանակներն արդեն անցել են, հիմա գործելու ժամանակն է, եւ մենք գործով կապացուցենք հանձնաժողովի կենսունակությունն ու դրա հասարակական անհրաժեշտությունը», հավաստիացրեց Մուրադ Պետրոսյանը, ընդգծելով նաեւ, որ իրենք ակտիվորեն կհամագործակցեն զանգվածային լրատվամիջոցների հետ: Այս վերջինը ԼՂՀ նախագահի պահանջն է, եզրափակեց հանձնաժողովի նորանշանակ նախագահը:
Կ. Գ.