«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ԵԹԵ-ԱՊԱ

Մ. Գասպարյանի վերլուծություններն ու կանխատեսումները

Ազգային ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանը երեկ ՄԱԱ-ում խոսել է ներքաղաքական իրավիճակի եւ քաղաքական դաշտի դերակատարների մասինՙ նաեւ մի քանի կանխատեսում անելով: Նախապես ասենք, որ Մանուկ Գասպարյանի կանխատեսումները իրականանում են կիսով չափ:

Մանուկ Գասպարյանի կարծիքով, ՀՀԿ-Սերժ Սարգսյան միավորումով կամ «Բարգավաճ Հայաստանի» ստեղծումով իշխանության ներքաղաքական խոշոր «պրոյեկտները» չեն ավարտվում, հարկ է մի նոր կառույցի ստեղծմանը սպասել. խմորը դեռ շատ ջուր է քաշելու, եւ մինչեւ ընտրությունները Հայաստանում երկու-երեք ցնցում, խոշոր փոփոխություն դեռ լինելու են: Սակայն Մ. Գասպարյանը հեղափոխություն չի կանխատեսում, քանի որ Հայաստանում հեղափոխություն անողը չկա. Գագիկ Ծառուկյանը կարող էր անել, բայց չի անի: Ըստ նրա, իշխանության փոփոխության երկու սցենար կաՙ արտահերթ ընտրությամբ (Մ. Գասպարյանը չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ այս տարի), ինչի դեպքում իշխանության 100 տոկոսանոց վերարտադրությունը բացառվում է, եւ հերթական, որի դեպքում իշխանական միավորների համախմբումը գուցե աշխատի, այն էլ ոչ լիարժեք, քանի որ ժողովուրդը տեսավ, թե ովքեր էին նստած ՀՀԿ համագումարի դահլիճում: Ի դեպ, ավելի վաղ Մ. Գասպարյանին թվում էր, թե անգործունակ ընդդիմության դեպքում գուցե հնարավոր լիներ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելը, բայց այժմ սա պետք է բացառել, քանի որ «դիմակն արդեն պատռվեց եւ պարզվեց, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ թիմով է ուզում գալ իշխանության»` «հարկեր չվճարողներին, կաշառակերներին, կոռուպցիոներներին, որոնք համախմբված են նախարարություններում եւ բիզնեսի մոնոպոլ ճյուղերում` սրանց հավաքեցին մի տեղ»:

Ըստ Մ. Գասպարյանի, երկրի նախագահի ու պաշտպանության նախարարի միջեւ հակասություն-տարաձայնություն չկա` ուղղակի նախագահը ի վերջո չի վստահել Ծառուկյանին, դրա համար էլ ՀՀԿ-Ս. Սարգսյան միավորումը ստեղծեց, այսպիսով, փաստորեն, «պադստավկա» անելով Գ. Ծառուկյանին: Որովհետեւ եթե այնպիսի իշխանափոխություն լինի, որ Ռ. Քոչարյանը կորցնի իր ազդեցությունը, Ծառուկյանը կարող է վերարտադրվող իշխանության կողմից պատժվել:

«Բարգավաճ Հայաստանի» մասով էլ ասաց, թե չարյաց փոքրագույնն է, քանի որ 70 տոկոսով կրիմինալ կառույց չէ, ինչպես ներկա ՀՀԿ-ն:

Ավարտելով` պատմենք Մ. Գասպարյանի ծանոթներից մեկի հետ պատահածը, ինչը բանախոսը ներկայացրեց որպես երկրի համատարած կաշառահարության օրինակ. «Մի մարդու բռնեցին` 400 դոլար կաշառք տալով: Սրանից հետո բռնողները փող վերցրին, քննիչները փող վերցրին, դատարանը փող վերցրեց, դատախազությունը փող վերցրեց, վերջում էլ ամենախիստ պատժաչափը տվեցին` ասելով, թե համաներման տակ է ընկնում: Այսինքնՙ մի կաշառակեր բռնելով` 17-18 մարդ նրա վրա գործ արեցին: Բիզնես-ծրագիր իրականացրին, էլի, մի քանի կաշառակեր էլ ավելացան` այս է երկիրը»:

Ն. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4