«Փակագիծ» ակումբում երեկ իր նախընտրական մտահոգություններն էր ներկայացնում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խիստ կասկածելով, իհարկե, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արդարության սկզբունքով: «Եթե հրաշք տեղի ունենա, օրինակ, Մոսկվան հրաժարվի եւ գաղտնազերծի իր գաղտնի գործակալական ցանցը եւ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու պայմաններ ստեղծվեն, ապա մենք` Հայաստանի առաջին ժողովրդավարական եւ ազգային կազմակերպության ներկայացուցիչներս, ընտրությունների կգնանք ինքնուրույն` ակնկալելով ստանալ 15-30 տոկոս ձայներ», ասաց ԱԻՄ առաջնորդը: Բայց, քանի որ էլ չի հավատում մեր երկրում արդար ընտրությունների անցկացման գաղափարին` դրանք համարելով մտքեր «բարձր երեւակայության ոլորտից», հույսը տեսնում է գաղափարակիր ուժերի միավորման մեջ: Նրա խոսքով, գաղափարակիր ուժերի միավորումը թույլ կտա անցկացնել ընտրություն միջոցառումը, որով էլ կմաքրվի երկրի պետական համակարգը քրեական տարրերից:
Նախընտրական բուռն գործընթացների ֆոնի վրա Հայրիկյանը առանձնացրեց նաեւ իր կուսակցության հանդեպ հետապնդումները, որոնք արտահայտվել են իր կուսակցության Կապանի մասնաճյուղի գրասենյակը որոշ ուժերի հետ վերցնելու նկրտումներով: ԱԻՄ նախագահը հավաստիացրեց, որ այդ գրասենյակն իրենք գնել են հինգ տարի առաջ, որի իրենց պատկանելն այժմ վիճարկվում է Կապանի դատարանում, քանի որ Կապանի մարզպետարանի հանրապետական որոշ գործիչներ պնդում են, թե այդ տարածքը ԱԻՄ-ին չի պատկանում:
Բացի նախընտրական մտորումներից, Պարույր Հայրիկյանը խոսեց նաեւ այս տարի նշվելիք անկախության 15-ամյակի մասին, որի կազմակերպումն, ըստ իրեն, պետական լուրջ ուշադրության չի արժանացել, այլ սահմանափակվել է սեպտեմբերի 21-ին մի քանի ուտուշ-խմուշ կազմակերպելով: Անդրադառնալով նոր օրհներգի ստեղծման անհրաժեշտությանը` Հայրիկյանը վրդովվեց. «Անկախ Հայաստանի օրհներգ եք գրում առանց Հայրիկյանի՞, որն այդ գործի մասնագետն է, անկախության պայքարի առաջնորդներից մեկը»: Նա նշեց, որ հանձնաժողովին է ներկայացրել օրհներգի 3 տարբերակ` իր գրած «Հայաստան», «Անկախականների հիմներգ» երգերը եւ ներկայիս հիմներգի բարեփոխված տարբերակը:
Ղարաբաղի հարցի մասին իր կարծիքը հայտնելիս Հայրիկյանը նշեց, որ միայն հզոր Հայաստանը կարող է օգնել Արցախին, իսկ նրա ինքնորոշման հարցը վաճառքի ենթակա չէ:
Հայրիկյանը անդրադարձավ նաեւ «Ժամանակ Երեւան» օրաթերթի` իրեն զրպարտող մի հրապարակմանը, ուր ասվել է, թե Դավիթաշենում Հայրիկյանը կարողացել է նման շքեղ շինություններ կառուցել այն պատճառով, որ պատերազմի տարիներին Արցախում թալանով է զբաղված եղել` թալանելով 4 մլն դոլար: Նա մեջբերեց թերթին ուղարկած իր պատասխանից մի հատված, ուր իր մասին գրած տողերի համար պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել: «Սրբապիղծ սրիկաներ մեզ հանդիպում են ամեն քայլափոխի, բայց որեւէ լրատվամիջոցում նրանց ասպարեզ տալու համար պետք է նրանց համախոհը լինել», հավելեց Հայրիկյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ