ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետները եզրակացրել են, որ արտահանված վրացական գինիների 10 շշից 9-ում անորակ խմիչք է լցված:
FAO-ի տվյալների համաձայն, կեղծված վրացական գինիներն իրենցից ներկայացնում են ալկոհոլային կոկտեյլ, որը պարունակում է սպիրտներ, ներկանյութեր եւ համային հավելանյութեր կամ էլ ծագումը սխալ նշող գինիներ:
FAO-ի ներդրումային կենտրոնի ներկայացուցիչ Էմանուել Խիդիերը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի կառավարությունը ներքին շուկայում որոշակի արդյունքի է հասել գինիների կեղծման դեմ մղվող պայքարում, բայց արտահանման արտադրանքի որակի իրավիճակը գրեթե չի փոխվել:
Դեռ 2000 թ. Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ից օգնություն էր խնդրել գինու շուկան կարգավորող օրենքի պատրաստման հարցում: Այդ օրենքի ընդունման շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել արտադրանքի ծագումը պարզող համակարգ: Նման համակարգեր գործում են գինեգործական երկրներ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում: Այդ համակարգերը գինեգործներից պահանջում են նշել հումքի ծագումը ե արտադրության եղանակը: Բայց կեղծարարները կարողացել են օրենսդրության մեջ սողանցքներ գտնել:
Ներկայումս FAO-ն Վրաստանի իշխանություններին օգնում է դիտորդական հանձնաժողով ստեղծել, որպեսզի օրենքի դրույթներն առավել արդյունավետ օգտագործվեն: