«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՃՇՏՎՈՒՄ ԵՆ

ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գեւորգյանի երեկ Գյումրի կատարած հերթական աշխատանքային այցը կապված էր երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանի գնման պետական վակայագրերի տրամադրման ծրագրին առնչվող խնդիրների հետ: Անցյալ տարի այս ծրագրով, ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի հայտնած տվյալների, այդպիսի վկայագիր ստացած 379 անօթեւան ընտանիքներից 221-ը կարողացել է բնակարան գնել: Այստեղ չխորանալով այդ թվի մանրամասների մեջ, նշենք միայն, որ ծրագիրը նաեւ բազում հարցականների տեղիք տվեց: Դրանցից գլխավորը, թերեւս, վկայագրերի (ԲԳՎ-ների) սահմանված արժեքներն էին, որոնք հեռու էին բնակարանների իրական շուկայական գներից: Դրա առաջին պատճառներից մեկը կարելի է համարել այն իրողությունը, որ 700 իրավասու ընտանիքներ հրաժարվել էին ծրագրի շահառու դառնալուց: Այս տարի որոշվել է այդ արժեքների հարցը վերանայել, թեեւ մեծ փոփոխություն չի ակնկալվում:

Հանդիպելով լրագրողների հետ եւ պատասխանելով նրանց հարցերին, փոխնախարար պրն Գեւորգյանը մասնավորապես տեղեկացրեց, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից արդեն ստացվել են բնակարանների արժեքների վերաբերյալ նոր տվյալները, այս անգամՙ ըստ քաղաքի գոտիականության: Եթե անցյալ տարի ըստ սենյակների քանակի սահմանվել էին միջինացված արժեքներ, մեկ քառ. մետրը մոտ 39,5 հազար դրամ հաշվարկով, ապա այս տարի ներկայացված արժեքները քաղաքի կենտրոնի համար, որն առաջին գոտին է, կազմում են քառ. մետրը 66,2 հազար, երկրորդ գոտունըՙ 47,4, երրորդինըՙ 41 եւ չորրորդ գոտու համարՙ 32 հազար դրամ: Այստեղ երեւի կարող է հաշվի առնվել նաեւ, թե տվյալ ընտանիքը քաղաքի որ մասում, որ գոտում է բնակարան կորցրել: Արդյոք ԲԳՎ-ների արժեքնե՞րն էլ կլինեն համապատասխանաբար ըստ գոտիականության, թե դարձյալ կսահմանվեն միջինացված արժեքներՙ այս հարցը կքննարկվի եւ, փոխնախարարի հավաստմամբ, հավանաբար պարզ կլինի 7-10 օրից: Քաղաքացիներից դիմումներ արդեն ընդունվում են. մինչեւ այժմ ստացվել է 65 ընտանիքի դիմում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4