«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ԴԱՐՁՅԱԼ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՍՆՆԴԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ

Շոգ եղանակին սննդային թունավորումները շատ ավելի հավանական են

Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչությունն ավարտեց 1 շաբաթ առաջ ձեռնարկած ստուգումները մայրաքաղաքի բացօթյա վաճառքի կետերում: Ընտրանքային կարգով լաբորատոր հետազոտության ենթարկված 263 նմուշներից 132-ում (հետազոտվածի մոտ 50 տոկոսը) հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Սա սննդի երկրորդային աղտոտվածության ցուցանիշ է, որ կարող է մթերքին փոխանցվել, օրինակ, կեղտոտ ձեռքերից, պահպանման կասկածելի պայմաններից: Մանրէները կարող են առաջացնել սրտխառնոց, լուծ, ստաֆիլակոկային ինֆեկցիաներ, աղիքային զանազան ախտեր: Տեսչությունը աղիքային ցուպիկներ է հայտնաբերել ոչ ոգելից ըմպելիքների (կվաս, հյութեր) 57 նմուշներից 20-ում, պատրաստի սննդատեսակների (քյաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, Ղարսի խորոված) 10 նմուշներից 2-ում, կրեմային հրուշակեղենի 5 նմուշներից 2-ում, փափուկ պաղպաղակի 18 նմուշներից 12-ում:

Համայնքապետարանները տեղեկացվել են ուսումնասիրության արդյունքների մասին, նրանց են ուղարկվել սննդամթերքի բացօթյա վաճառքի հասցեները (թեեւ իրենք էլ քաջ գիտեն դրանց տեղերը) եւ վաճառվող մթերքի տեսականին: Գիտեն, օրինակ, որ ֆրեզերային սարքավորմամբ տեղում մատուցվող այսպես ասած փափուկ պաղպաղակի վաճառքն արգելված է: Այդ սարքավորումը, ըստ սաննորմատիվների, հաճախակի պիտի լվացվի, ինչը հնարավոր չէ իրականացնել փողոցում, առանց կոյուղատարի առկայության: Նույնը վերաբերում է կվասի տարողություններին. ինչպես են դրանք լվացվում, արդյոք չե՞ն անցել գործողության ժամկետները, ինչ բաղադրություն ունի հեռավոր կերպով ռուսական փառաբանված ըմպելիքը հիշեցնող գունավոր հեղուկը, միայն աստծուն է հայտնի:

Ամենախայտառակն, իհարկե, խորովածի ու քյաբաբի փողոցային ինքնաշեն կետերն են, առանց ծածկի, փոքրիկ սեղանիկների կամ այլ հարմարությունների վրա տեղակայված: Մսամթերքն օգտագործելուց առաջ այն անասնաբուժական ստուգում պիտի անցած լինի, համապատասխան վկայական ունենա, իսկ վաճառողը` սանգրքույկ առ այն, որ բժշկական ստուգում է անցել եւ հաճախորդի հետ շփվելիս որեւէ վարակիչ ախտի զոհ չի դարձնի նրան: Սակայն վաճառողների մեծ մասը պատահական մարդիկ են:

Առավել արտառոց է կրեմային հրուշակեղենի բացօթյա վաճառքը (սրանք անպայման պիտի պահպանվեն սառնարաններում) եւ առավել տարօրինակ է այն գնորդը, որ փողոցից այդպիսի սնունդ է գնում:

Չնայած քաղաքապետարանը, երբ ուրիշ գործ չի ունենում անելու, մի նոր որոշում է հրապարակում փողոցային առեւտուրը կանխարգելելու մասին: Այն շարունակում է աշխույժ գոյատեւել Արաբկիր, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ համայնքներում, որտեղից էլ հայտնաբերվել են մեր առողջության համար վտանգավոր հարուցիչները:

Ամառվա այս շոգ օրերը սննդային թունավորումների, աղիքային վարակիչ հիվանդությունների, նույնիսկ համաճարակների բռնկման ամենահավանական շրջանն են, քանի որ բարձր ջերմաստիճանը մանրէների բազմացման ամենանպաստավոր պայմաններն է ստեղծում: Հատկապես պահպանության որոշակի ժամկետներով եւ շուտ փչացող սննդատեսակների վաճառքը սկզբունքորեն անթույլատրելի է: Փողոցային առեւտրի արգելքն իրականացնելու պարտավորությունն այսօր դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, եւ սանիտարահակահամաճարակային տեսչության ստուգումներից հետո գոնե հանուն պատշաճության նրանք պիտի տուգանեն օրինախախտներին: Ակնհայտ է, որ արեւելյան հետամնաց կենսաձեւի քաղաքային այս արտահայտությունը շարունակում է կենսունակ մնալ միայն ու միայն թաղապետարանների թողտվությամբ: Նրանք արդարանում են, թե փողոցային մանր վաճառականներին իրենք կզրկեն ապրուստի վերջին միջոցից, եթե կտրուկ միջոցների դիմեն: Բայց այդ կեղծ բարեպաշտությունը խիստ թանկ կարող է նստել սպառողների առողջության վրա:

Շատ է խոսվում թոքախտի տարածվածության մեծ ծավալների մասին: Ճշգրիտ վիճակագրություն չկա, եւ ոչ ոք չի կարող նշել իրական պատկերը: Բայց հայտնի է, որ այն առաջանում է թերսնման ու սոցիալական ծանր պայմանների պատճառով: Մեզ փողոցում կարկանդակ ու անբնական գունագեղ հյութեր վաճառողների մեջ կարող են լինել այդ հիվանդ մարդիկ, որոնք այս աշխատանքին են անցել նույնպես ոչ լավ պայմանների պատճառով:

Սննդային թունավորումներ տարվա այս եղանակին հաճախակի արձանագրվում են նաեւ սնկերից: Անցած շաբաթ -կիրակի միանգամից 3 մահ արձանագրվեց Թալինում եւ Հրազդանում: Թալինցի 2 մանկահասակ քույրերը եւ հրազդանցի 50-ամյա կինը օգտագործել էին իրենց հողամասի մերձակայքից հավաքած սունկը: Հայաստանի բոլոր շրջաններում հանդիպում են սնկեր, սակայն 1200 տեսակներից միայն 300-ն են ուտելի: Ոչ մասնագիտական աչքով, նույնիսկ եթե տարիներ գործ ես ունեցել սնկերի հետ, դժվար է տարբերակել ուտելին եւ անուտելին: Գոյություն ունեն երկվորյակ սունկեր, այսինքն, կան տեսակներ, որոնց ուտելին ունի նաեւ իր թունավոր տարբերակը: Եթե սրան գումարենք նաեւ այն իրողությունը, որ մեր շուկաներում սնկաբան մասնագետներ չկան, ուրեմն եւ ստուգման որեւէ մեխանիզմ գոյություն չունի, հասկանալի կդառնա, թե ինչու ամեն տարի իբրեւ պարտադիր իրողություն, արձանագրվում են սնկային թունավորումներ:

Սննդային թունավորման մյուս պատճառը հաճախ դառնում է պահածոյացված սննդի օգտագործումը:

Բոտուլիզմից թունավորման հետեւանքով այս տարի 2 մահ է գրանցվել Արմավիրում եւ Վայոց ձորում: Պահածոյացված սննդի բոլոր տեսակները` մուրաբաներ, կոմպոտներ, ջեմեր, խավիարներ ու սալաթներ, սննդային ցածր արժեք ունեն, քանի որ երկարատեւ ջերմամշակման ընթացքում հումքը կորցնում է վիտամիններն ու հանքային կարեւոր միացությունները: Եվ լավ կլիներ, որ մեր տանտիրուհիները կամաց-կամաց հրաժարվեին ամեն ինչ պահածոյացնելու ոչ այնքան օգտակար ավանդույթից:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4