«Երկիրի» հետ ունեցած հեռախոսազրույցում Բեյրութում լույս տեսնող մեր պաշտոնակից «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը պատմեց Լիբանանի հայ համայնքի վիճակի եւ գաղթականներին օժանդակելու աշխատանքների կազմակերպման մասին:
- Ի՞նչ կներկայացնեք վերջին օրերի իրադարձությունների մասին:
- Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմն արդեն տասնհինգ օր է, որ շարունակվում է։ Պատերազմի արդյունքում տեղի են ունենում հսկայական ավերումներ, եւ վնասն արդեն միլիարդավոր դոլարներով է գնահատվում։ Վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած բախումները առավելապես կենտրոնացել են հարավային սահմանային շրջանների վրա։ Ծանր բախումներ են տեղի ունենում «Հըզբոլլահի» եւ իսրայելական բանակի միջեւ։ Իսրայելը գնդակոծել է լիբանանյան բանակիՙ Բեյրութից հյուսիս տեղակայված ռազմակայանը եւ «Լիբանանի ռադիո» ռադիոկայանի հաղորդիչ կայանը։ Դեռեւս պարզ չէ, թե որտեղից են գնդակոծելՙ օդի՞ց, թե՞ լիբանանյան ափերի մոտակայքում նավարկող իսրայելական ռազմական նավերից: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Կրակը դադարեցնելու հեռանկարը տակավին անորոշ է մնում, քանի որ տարբեր են կողմերի նախապայմանային մոտեցումները։
- Տեղեկացանք, որ Բեյրութում տեղի է ունեցել միջկուսակցական ժողով, որը հանդես է եկել հայ համայնքին ուղղված կոչով: Ի՞նչ հարցեր է քննարկել ժողովը:
- Լիբանանի հայկական գաղութում հետզհետե թափ են առնում գաղթականներին օժանդակելու աշխատանքները։ Երկուշաբթի տեղի ունեցավ միջկուսակցական ժողով, որին մասնակցեցին Հայ Յեղափոխական Դաշնակցության, Ռամկավար Ազատական եւ Սոցիալ¬Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչները։ Ժողովի արդյունքում հրապարակվեց հաղորդագրություն, որում կոչ էր արվում շարքերը միասնական պահել եւ համախմբվել հայ քաղաքական կուսակցությունների շուրջ։
Հուլիսի 25¬ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը ընթացիկ աշխատանքների մասին տեղյակ պահելու համար այցելեց Արամ Ագ վեհափառին, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանին եւ հայ հարանվանություններիՙ Կաթոլիկ եւ Ավետարանչական հոգեւոր առաջնորդներին։ Հանդիպումների ընթացքում տեղի ունեցան նաեւ խորհրդակցություններ, եւ քննարկվեցին գաղութային կյանքի բնականոն զարգացման, ազգային կառույցների եւ հաստատությունների գործունեության վերաշխուժացման հետ կապված հարցեր։
Հուլիսի 26-ի առավոտյան Լիբանանում ՀՀ դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը«Ազդակ »¬ին հայտնեց, որ Հայաստանի կառավարության որոշմամբ պետությունը մարդասիրական օժանդակություն պետք է տրամադրի Լիբանանին, հիմնականումՙ դեղորայք։ Հայաստանյան օժանդակությունը հուլիսի 28¬ին հատուկ չվերթով կհասնի Հալեպ եւ այնտեղից կտեղափոխվի Լիբանան։
- Իսկ ինչպե՞ս է վիճակը գաղթականներին օժանդակելու հարցում:
- ՀՅ Դաշնակցության կողմից ստեղծվածՙ գաղթականներին օժանդակելու համակարգող մարմինը շարունակում է լարված աշխատել եւ կազմակերպել բոլոր աշխատանքները։
Այս ընթացքում, բնականաբար, ավելացել է աշխատանքների ծավալը, կան բազմաթիվ խնդիրներ, լուծման սպասող խնդիրներ, ինչի պատճառով էլ ժողովուրդն ընդառաջ է գնում այս մարմնի կոչերին եւ իր ներդրումն է ունենում կատարվող մարդասիրական աշխատանքներին։ Հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներն անընդհատ կապ են հաստատում »Ազդակ«¬ի հետ եւ նշում, որ իրենց համար նշանակալի է «Ազդակ»¬ի կայքէջում իրավիճակի մասին տեղադրվող արագ լրահոսը։ Այս իմաստով տեղեկացնեմ, որ մենք արդեն կայքէջում տեղադրում ենք »Երկիր Մեդիա«¬ի Լիբանանի գրասենյակի եւ ՀՅԴ քարոզչական գրասենյակի կողմից հատուկ պատրաստված տեսանյութերը, որոնք մեծամասամբ վերաբերում են գաղութում գաղթականների համար իրականացվող օժանդակող ծրագրերին եւ ընդհանուր աշխատանքներին։
Զրուցեց Կարինե ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ