Այս փուլում մեղավորների մասին խոսելն առնվազն կոռեկտ չէ
Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նախնական եզրակացությամբ մայիսի երեքին Սոչիից 5 կմ հեռավորության վրա Սեւ ծովում Ա-320-ի վթարման պատճառը մարդկային գործոնն է: Սա հրապարակվեց նախօրեին, իսկ երեկ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը համաձայնություն հայտնեցՙ ընդգծելով, որ «դեռ պետք է պարզվի», թե կոնկրետ որ մակարդակում է աղետին հանգեցրած բուն սխալը: Ա-320-ի Երեւան - Սոչի մայիսի 3-ի չվերթի մոդուլյացիան Թուլուզում ցույց է տվել, որ ամբողջ ընթացքում կայուն, նորմալ թռիչք է իրականացվել, օդանավը կատարել է հրահանգները, եւ հանկարծՙ աղետից 17 վայրկյան առաջ «օդաչուի գործողությունները դարձել են այնպիսին, որ օդանավը բերել են անկայուն վիճակի», երեկ կրկին փաստեց քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ընդգծելով, որ հանձնաժողովը դեռեւս վերջնական պատասխան չունի: «Մեզ համար դեռեւս պարզ չէ, թե ինչն է դարձել անձնակազմի անօրինաչափ գործողությունների պատճառ», սա էլ Մովսիսյանի հայտարարությունն է: Մինչ բուն պատճառը պարզելը ՄԱԿ-ի ռուս մասնագետներն արդեն օդաչուների տարածության մեջ կողմնորոշվելու զգացողությունը կորցնելու մասին են խոսում, հայ մասնագետները դրա ապացույցները չհաստատված են համարում: Չնայած միջպետական ավիացիոն կոմիտեի երեք օր առաջ հրապարակած հայտարարությունում արձանագրված է, որ դիսպետչերը նույնպես որոշակի սխալներ է թույլ տվել, այնուամենայնիվ ռուսական լրատվամիջոցները շարունակում են պնդել, թե մեղավորությունն ինքնաթիռի անձնակազմինն է: Իսկ կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան երեկ Արտյոմ Մովսիսյանի հետ հեռախոսազրույցում, նաեւ հայտարարության հրապարակման ժամանակ հաղորդել է, որ իր ղեկավարած հանձնաժողովն իրավունք չունի մեղավորներին որոշելու եւ նման բան չի էլ թույլ տվել:
ՄԱԿ-ը իր պաշտոնական կայքէջում էլ տեղեկացրել է, որ մեղավորության ու պատասխանատվության չափը որոշելն իրավապահների գործն է, եւ որ քաղաքական ճնշումներ չեն եղել երեք երկրներից եւ ոչ մեկի կողմից: Քաղաքական նկատառումներն ու ճնշումները մեծ վստահությամբ եւ ակտիվորեն բացառեց նաեւ Հայաստանի քաղավիացիայի վարչության պետը երեկ առավոտյան կայացած ասուլիսում: Ինչեւէ, աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի հետաքննությունն ավարտված է: Մնում է, որ կողմերը 60 օրում ծանոթանան ողջ նյութին, որը 74 էջ է կազմում եւ ստորագրեն: Հատուկ կարծիքներ ներկայացնելու, դիտողությունների ու առաջարկների իրավունք ունեն:
Այս փուլում մեղավորության մասին յուրաքանչյուր հայտարարություն կամ հրապարակում ՄԱԿ-ը գնահատում է առնվազն ոչ կոռեկտ անձնակազմի, ուղեւորների, նրանց հարազատների եւ ի վերջո հայ, ռուս, ֆրանսիացի մասնագետների նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունն էլ Ա-320 ինքնաթիռի վթարի փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ պաշտոնական եզրակացություն չունի. «ինքնաթիռի վթարի պատճառների բացահայտումը լուրջ խնդիր է, որպեսզի մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն: Այսօրվա դրությամբ պաշտոնապես ոչինչ չկա ավելացնելու այն հանգամանքներին, ինչի մասին տեղեկություն եղել է», երեկ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ