Երբ բարոյականության անկումը համընդհանուր չափերի է հասնում, հասարակական կատակլիզմներն անխուսափելի են դառնում: Անբնական մի հորձանք անկասելի ուժով դիմադարձում է մարդու նախնական հոգեզգացողություններն ու վիճակները` նրան դիմազրկելու անհայտ մի ծրագրով: Մթնոլորտը գերհագեցած է խեղված մտաձեւերով ու կերպարանքներով: Ամենատոկուն խավը` մտավորականությունը, երբ սկսում է ենթարկվել դեգրադացիոն գործընթացների եւ կորցնել հասարակության մեջ իր դերը, այդ նույն հասարակությունը շատ արագ հայտնվում է քաոսային եւ անպաշտպան իրավիճակում (պատահակա՞ն էր երիտթուրքերի` հայոց մտավորականությանը եւ հոգեւոր դասին առաջին հերթին վերացնելու ծրագիրը): Ժամանակային տեղաշարժերի մեջ մեթոդները դարձել են ավելի շարժունակ ու անտեսանելի, հասարակական միտքը ոչնչացնելու ստալինյան, ֆաշիստական կամ երիտթուրքական ձեւերը այսօր քաղաքակիրթ երանգներ են ստացել: Դրանք պարզ, կյանքային էլեմենտներ են` «գայթակղության» քողի տակ: Օրեցօր ականատեսն ենք, թե ինչպես այս հրեշի ամենակուլ երախը հերթով կլանում է մեզանից (մտավորականության խավից) մեկին: Դիմադրելը դառնում է ներքին կեցվածքի ու սկզբունքի խնդիր` ավելի անհատական պլանի վրա: Շատերը կուլ են գնում` գիտակցելով հանդերձ ժամանակի ու մարդու ողբերգությունը: Մեր շուրջը վտանգների մի ամբողջ փլուզված ցանց է գոյանում` սոցիալ-տնտեսական, մարդկային հարաբերությունների, կրթական-մշակութային բնույթի: Սպառողական հաճույքների լաբիրինթոսում մարդ-էակը կորցնում է իր ճշմարիտ դիմագիծը, իր հոգու նախնական վիճակն ու ցանկությունները: Համաշխարհայնացման ալիքի` արդեն տեսանելիորեն հայտնի` մարդկությանը համասեռ զանգվածի վերածելու գերխնդրի պատճառները պարզ են` դյուրացնել կառավարելը եւ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը: Հնարավորինս ցածր գիտակցական մակարդակի հասցնելու (զոմբիացնելու) ճանապարհներից մեկն էլ տեղեկատվության (ամենաանհեթեթ) հոսքն է, աղանդավորական ցանցերն ու մասսայական մշակույթը: Երբ այս ամենը հասարակությունը հասցնում է ճգնաժամային վիճակների` մտավորական շարժումը դառնում է կործանումից փրկվելու միակ ելքը, որովհետեւ մտքի մարդն է, որ զգոն է պահում արթուն կենալու պատվիրանը եւ բանաստեղծի խոսքերով անհնար վիճակից ծնում նոր հնար:
Հասարակական նման վիճակի վերապրման ստեղծագործական որոնումների ու տառապանքի պատճառ է թատերական այն նոր մտահղացումը, որ ներկայացնում է տաղանդավոր արտիստ Վարդան Պետրոսյանը: Հայ հրապարակախոսական-թատերական արդի մտածողության վրա բավականին ազդեցություն թողած նրա «Վերելք»-ից հետո «Ի՞նչ անել» ներկայացումը թեմատիկ առումով լինելով նախորդի շարունակությունը, ընտրված գեղարվեստական ձեւով միանգամայն տարբեր է, տեխնիկապես եւ հոգեբանորեն` դժվար: 2 ժամանոց մոնոներկայացումը փորձելու է մեր ազգային պարտությունների ու ողբերգությունների բուն պատճառները վեր հանել, մատնացույց անել օտար պետությունների դերն այդ ողբերգության մեջ, ճշտել մեր ներկան ու մեր վերաբերմունքը արտաքին աշխարհի ու մեր հանդեպ: Այս վերաբերմունքը Վարդան Պետրոսյան-արվեստագետը իր համար արդեն ճշգրտել է: Դա իր անհատականության վառ դրսեւորումն է, մտքի անակնկալ թռիչքներն ու երեւույթների խորքը ներթափանցելու կարողությունները: Ողբերգությունը երգիծելու համար արվեստագետը խորը ընդհանրացումներ անելու, ազգային անցյալն ու ներկան ճանաչելու ճանապարհ պիտի անցնի, որովհետեւ միայն տաղանդին ապավինելը հաջողության մի մասն է միայն: Վարդան Պետրոսյանը ընտրել է ճշմարիտ արվեստագետի` հոգեւոր արժեքներ որոնելու ճանապարհը: Ամենակարեւորը` նա անկեղծ է ինքն իր ու ազնիվ` հանդիսատեսի հետ, քանի որ նա իրապես տառապում է` ժամանակի բարոյական արժեքների անկման սարսափը տեսնելով: Ապրումի այդ ալիքը իրենից փոխանցվում ու վարակում է ունկնդրին: Ազգային մտահոգություններն ու ցավերը ապրելով` Վարդան Պետրոսյանը թատրոնի լեզվով փորձում է ներազդել թմրող հասարակական գիտակցության վրա: «Ի՞նչ անել» ներկայացումից առաջ (հուլիսի 31, օգոստոսի 1,2) Մամուլի ազգային ակումբում նրա երեկվա ասուլիսը սրտաբաց զրույց էր, ներքին մենախոսություն այլոց ներկայությամբ, որտեղ իր տարերքը շատ ազնիվ էր, պատճառները` առավել քան հիմնավոր. ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակներում, ճանաչո՞ւմ ենք մեր անցյալն ու ավանդույթները, ինչո՞ւ է հուսախաբված երիտասարդությունը, ո՞ւր է մեզ հասցնելու բարոյական այս անկումը, ժողովրդավարության մեր ընտրած ուղին, համաշխարհայնացման վտանգը եւ մեր դիրքորոշումը, հայ մտավորականության սինդրոմը (վախ, անտարբերություն), դրանց պատճառները եւ այլն եւ այլն:
Ստեղծագործական հիմնական լեյտմոտիվն է ներկան կապել անցյալին` դրա ժառանգորդի իրավունքով ու պատասխանատվությամբ, երեւույթների արմատները փնտրել պատմության խորքում: «Երբ Մարտիրոս Սարյանը Ռոմանոս Մելիքյանի հետ կոնսերվատորիան էին հիմնադրում, մեծ դիմադրության հանդիպեցին: Սարյանը մատիտով գծեր էր քաշում, որ ուսանողները գան, նոտաներ գրեն», մեծերից այս դրվագը վկայաբերելով` արտիստն անակնկալ ասաց. «Մարտիրոս Սարյանի ամենամեծ արվեստն է սա»:
Վարդան Պետրոսյանի թատրոնը մարդուն ազնվացնելու, մխիթարելու սկզբունքն է որդեգրել: Ինքնՙ արվեստագետը սեփական փորձառությամբ է ուզում դա անել...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ