«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ԲԱՐՁՐ ԹՌԻՉՔ «ԲԱԶԵԻՆ» ՂԱՐԱԲԱՂԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեջ առանցքայինը հուլիսի 26-ին մեկնարկած «Բազեի օրերն Արցախում» համահայկական երիտասարդական փառատոնն է: «Բազեական» հավաք ԼՂՀ-ում առաջին անգամ է անցկացվում, եւ թերեւս դրանով կարելի է բացատրել այն ոգեւորությունը, որով համակված է այսօր Արցախի երիտասարդությունը, մանավանդ որ մարզամշակութային միջոցառումներում ամենաշատն ընդգրկված են հենց ղարաբաղցի երիտասարդները: Արցախը ներկայացված է 5 ջոկատով, այն դեպքում, երբ մեկական ջոկատներ են ներկայացրել Ջավախքն ու սփյուռքը, իսկ երկու ջոկատներ կազմավորվել են «Բազե» համահայկական հավաքների ընթացքում երգի, պարի, ասմունքի, նորաձեւության, ինտելեկտուալ եւ մարզական միջճակատային մրցույթների հաղթողներից:

Բացմանը մասնակցեցին ԼՂՀ եւ ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարներ Կամո Աթայանն ու Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը:

«Բազեականներին» հղված ողջույնի ուղերձում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հաջողություններ մաղթելով մրցումներում, մասնավորապես նշել է. «Ազգային զարթոնքը սկիզբ դրեց համահայկական երիտասարդական տարաբնույթ միջոցառումների: Այս համատեքստում երիտասարդության յուրաքանչյուր նախաձեռնություն կամ առաջարկություն ստանում է պետական զորակցություն եւ խրախուսանք»:

Առհասարակ, Ղարաբաղում անցկացվող միջազգային կամ համահայկական մասշտաբներով միջոցառումներին ցավագնորեն է արձագանքում հարեւան Ադրբեջանը, եւ այս միջոցառումն էլ բացառություն չէՙ Ադրբեջանում դարձյալ բողոքի հիստերիա են բարձրացրել բոլորիս ծանոթ վարիացիաներով: Նման հայտարարություններն, իհարկե, ոչնչով չեն ազդում փառատոնի մասնակիցների մարզական տրամադրության վրա, քանզի իր անկախ պետականությունը կերտող ԼՂՀ-ն ինքն է որոշում իր տարածքում անցկացվող միջոցառումների ծավալն ու մակարդակները: Իսկ փառատոնի կազմկոմիտեի տնօրեն Արթուր Սողոմոնյանն Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տվյալ առնչությամբ ուղղակիորեն ասել է, որ «Բազեի» հավաքներ կլինեն նաեւ ՀՀ մարզերում ու Ջավախքում, իսկ հետագայում, չի բացառվում, նաեւ հայոց արեւելյան սահմանումՙ Բաքվում:

«Բազեն» միաժամանակ հայ երիտասարդությանը ազգային միասնական գաղափարախոսության շուրջը համախմբող միջոցառում է: Փառատոնի մասնակիցների մի մասն առաջին անգամ է Արցախում, եւ վերջիններիս համար Ղարաբաղ գալը յուրօրինակ ուխտագնացություն է: Փառատոնի հարուստ ծրագիրը ներառում է այցելություններ հանրապետության շրջաններ ու տեսարժան վայրեր, այնպես որ հուլիսի վերջին օրերը նրանց համար իսկապես հագեցած կլինեն անմոռանալի պահերով:

«Բազե-2006»-ը կտեւի մինչեւ հուլիսի 31-ը: Այդ օրը երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ մեկնարկել է փառատոնը, տեղի կունենա փակման արարողությունը եւ, անշուշտ, մրցանակները կգտնեն իրենց իսկական տերերին: Իսկ մինչ այդՙ բարձր թռիչք «Բազեին»:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4