«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ՌՈՒՍԱՍՏԱՆ. ՈՃԻՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՊԱՏԻԺՆԵՐԻ

ՍԻՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ, Փաստաբան, Մոսկվա, հատուկ «Ազգի» համար

Այս տարվա գարնանը մեզ հետ ինչ-որ բան պատահեց: Սափրագլուխների կողմից մեր հայրենակիցներ Վիգեն Աբրահամյանցի եւ Արթուր Սարդարյանի աղմկալի սպանություններն ալեկոծեցին հասարակությանը, ստիպեցին խորհել շատ բաների, այդ թվումՙ Ռուսաստանում մեր տեղի եւ ապագայի մասին: Մինչ այդ մենք կարծես թե չէինք նկատում կամ պարզապես չէինք ուզում հավատալ, որ վերջերս լուրջ սպառնալիք է ծագել մեր գոյության եւ անվտանգության համար:

Նման բան վաղուց չէր եղել: Եվ հանկարծ ինչ-որ բան պատահեց այստեղՙ Ռուսաստանում, որը բազմաթիվ հայեր իրավամբ երկրորդ հայրենիք են համարում: Մեր հայրենակիցներից շատերի արմատներն այստեղ շատ խորն են, իսկ ՌԴ մայրաքաղաքում մեր համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի:

Հանրահայտ է, որ հայերն արագորեն հարմարվում են նոր պայմաններին, ակտիվորեն ներգրավվում տնտեսական գործընթացներում, այնտեղ զբաղեցնելով կարեւոր դիրքեր, իսկ նրանց մտայնությունը միանգամայն համապատասխանում է տեղական պայմաններին: Այդպիսին է մեր պատմական ճակատագիրը: Բայց մենք նաեւ երկար պահպանում ենք մեր ինքնօրինակությունը: Եվ երբ մեզ հետ ինչ-որ արտակարգ բան է պատահում, մենք ակամա հարց ենք տալիսՙ գուցե դրանք ինչ-որ մեկի դավե՞րն են:

Հայերը երկար պահպանում են արտաքին տեսքի առանձնահատկությունները: Բայց հենց դա երբեմն կարող է ճակատագրական հանգամանք դառնալ: Ուրիշ «մեղք» ունենալ հարկավոր չէ: Հենց դրա համար սպանվեցին Վիգեն Աբրահամյանցը եւ Արթուր Սարդարյանը: Եղել են նաեւ ուրիշ սպանություններ, բայց կուզենայի անդրադառնալ այս երկուսին, քանի որ դրանք շատ ընդհանուր բաներ ունեն:

Այդ երկու պատանիների ճակատագրերը ողբերգականորեն համընկնում են. նրանք տարեկիցներ էին, ծնվել էին Բաքվում եւ միեւնույն տարիքում զոհվեցին Մոսկվայում ազգայնական-արմատականների ձեռքով: Դա կարող էր պատահել ավելի շուտՙ Բաքվի ջարդերի ժամանակ, որտեղից նրանց ընտանիքները փախանՙ փրկվելով կրոնական մոլեռանդներից եւ ազգայնամոլներից:

Բնականաբար, նրանք չէին կարող հիշել Բաքվի դեպքերը (այն ժամանակ մեկ տարեկան էին): Նրանց կարճ եւ ողբերգական կյանքն անցավ Մոսկվայում: Երեւի մտածում եւ զգում էին տեղացի պատանիների պես: Հայրական գծով Արթուրի տատը ռուս է, բայց դա էլ չփրկեց, քանի որ ինքն արտաքինով տարբերվում էր:

Մերձավորների եւ բարեկամների վկայությամբ, Վիգենը եւ Արթուրը ընկերախմբի «հոգին» էին, բազմաթիվ ռուս ընկերներ անչափ նվիրված էին նրանց: Ասում են, մինչեւ օրս նրանց չի լքում զոհված ընկերների կորստի կսկիծը: Այդ անմեղ պատանիներին սպանողները գիտե՞ն արդյոք, որ նրանց վշտակիր ծնողները բժիշկների մշտական հսկողության տակ են: Մնում է միայն զարմանալ, թե որտեղից է ծնունդ առնում այսպիսի չարությունը:

Բայց շարունակենք խոսել նմանությունների մասին: Դրանք իրոք շատ են: Եվ վատթարագույնն այն է, որ հասարակական լայն արձագանք եւ զայրույթ առաջացրած երկու սպանություններից ոչ մեկը մինչեւ օրս չի բացահայտվել: Մինչդեռ առկա են բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները: Ակամա հարց է ծագում. ի՞նչ է սաՙ այդ գործերը քննող իրավապահ մարմինների անբանիմացությո՞ւն, թե՞ սպանությունները բացահայտելուց եւ տրամաբանական ավարտին հասցնելուց հրաժարում: Բայց եթե դա մինչեւ հիմա չի արվել, ապա մոտ ժամանակներս բացահայտումների հնարավորությունն առավել քան մշուշապատ է:

Չէ՞ որ երկու դեպքում էլ հանցագործությունը կատարվել է բացահայտորեն, հասարակական վայրում, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ:

Այլ հարց է, թե հանցագործներն ինչո՞ւ են գործում նման հանդգնությամբ, բացահայտորեն, վստահ լինելով իրենց անպատժելիությանը, ինչպես նաեւ այն բանին, որ ոչ ոք չի փորձի իրենց դիմադրել կամ պաշտպանել դժբախտ զոհերին:

Ըստ երեւույթին հանցագործների հաշվարկները հաճախ արդարանում են: Օտարներին սպանելու կամ խեղումներ պատճառելու հետ միաժամանակ նրանք ոչնչացնում են իրենց հայրենակիցների կամքը, մարդկային արժանապատվությունը:

Կարծում եմ, հանցագործներին մեծապես նման քայլերի է դրդում անպատժելիության զգացումը: Վիգենին եւ Արթուրին սպանողները մինչեւ օրս մերկացված եւ դատված չեն: Դա անպայման ոգեւորում է ոմանցՙ գործելու համանման ոճիրներ: Այստեղ չի գործում պատժի անկասելիության սկզբունքը, իսկ դա իր հերթին հանգեցնում է համանման այլ ոճիրների եւ նոր անմեղ զոհերի: Ահա թե ինչու Վիգենի եւ Արթուրի չբացահայտված սպանությունները եւ դրանց առնչվող հնարավոր հետեւանքները լիովին ծանրացած են իրավապահ կառույցների այն աշխատակիցների խղճի վրա, որոնք պատասխանատու են տվյալ հանցագործությունների բացահայտման ու քննության համար: Դա կարելի է բացատրել կամ ցածր պրոֆեսիոնալիզմով, կամ էլ գործն ավարտին հասցնելուց հրաժարմամբ: Հետեւանքն այն է, որ նրանց պատճառով այսօր ոչ ոք պատասխան չի տալիս կատարված ոճիրների համար:

Ակամա վերհիշում եմ, թե միլիցիայի աշխատակիցները Վիգեն Աբրահամյանցի սպանությունից հետո ինչպես էին փորձում դրան կենցաղային բնույթ վերագրել: Նրանց ձեռնտու չէր չարագործության ազգային երանգավորումը: Ուստի փորձում էին այնպես ներկայացնել, թե ամեն ինչի համար մեղավոր է Վիգենը: Իբր նա ինչ-որ ձեւով վիրավորել է Կուլագինի ընկերուհուն, որն էլ դանակով հարվածել եւ սպանել է Վիգենին: Այս ամենի նպատակն էր վարկաբեկել Վիգենին եւ միաժամանակ խորացնել բացասական վերաբերմունքը «այլածինների» հանդեպ:

Դա արդեն փորձված մեխանիզմ էր, որը կիրառվել էր այսպես կոչված Իվաննիկովայի գործում: Երբ գիշերային Մոսկվայում ուրիշների ավտոմեքենաներով զբոսնելու սիրահար կնոջն այլեւս ոչինչ չէր կարող փրկել արժանի պատժից, նրան պաշտպանող ծայրահեղական կազմակերպությունները գործի դրեցին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «բամբիլան», տաքսիստը, ներգաղթյալը, բռնացողը եւ այլն:

Սպանված Սերգեյ Բաղդասարյանը թեեւ բաքվեցի փախստականների ընտանիքից էր, բայց ամբողջ կյանքն ապրել էր Մոսկվայում եւ որեւէ կապ չուներ այդ մակդիրների հետ: Կարգին երիտասարդ էր, սովորում էր իրավաբանություն, մինչեւ որ դեկտեմբերյան մի չարաբաստիկ գիշեր նրա ավտոմեքենայի երթուղին համընկավ Իվաննիկովայի կյանքի գծին: Բարությունից դրդվածՙ նա մրսած կնոջը մեքենա նստեցրեց, որպեսզի տուն հասցնի: Փոխարենը վճարեց կյանքով: Իսկ Իվաննիկովային փորձեցին դարձնել ազգային հերոս, որն իբր պայքարել է բռնության դեմ: Այդ գործը լայնորեն լուսաբանվեց մամուլում: Չխորանալով մանրամասնությունների մեջ, կարելի է ասել, որ այդ ֆարսը եզակի դեպք էր:

Արթուր Սարդարյանի սպանությունից հետո եւս փորձ արվեց գլխիվայր շրջել գործի հանգամանքները: Մենք ստիպված եղանք հաղթահարել միլիցիայի աշխատակիցների դիմադրությունը: Չնայած սպանության ծիսական բնույթին, երբ մարդասպանը դանակով իրարահաջորդ հարվածներ հասցնելով զոհին, բղավում էր «Փառք Ռուսաստանին», ոմանք չցանկացան այդ արարքի մեջ տեսնել ազգային հողի վրա կատարված սպանության նշաններ:

Վիգենի եւ Արթուրի գործի հանգամանքները վերլուծելիս հասկանում եմ, որ երկու դեպքում էլ հանցագործները գործել են պրոֆեսիոնալ կերպով, զոհերին չթողնելով փրկության որեւէ հույս: Վիգենը մահացու վերք ստացավ սրտի շրջանում, իսկ Արթուրին դանակով երեք մահացու հարված հասցրին վզի շրջանում: Պնդել ենք եւ այժմ էլ շարունակում ենք պնդել, որ դա արել են պատրաստված մարդիկ: «Կուզնեցկի մոստում» կատարված ոճիրը վկայում է հիշյալ սպանության հետ ընդհանուր ձեռագրի մասին: Դրա վկայությունն են Վարազդատ Հակոբյանի ստացած վերքը եւ Վաչե Թովմասյանի ոչ պակաս հատկանշական վերքը: Վաչեն կարողացավ պաշտպանվել: Նա տապալեց մի քանի սափրագլուխների, մինչեւ որ ստացավ այդ վերքը: Նրա պնդմամբ, հարվածն ուղղված է եղել սրտի շրջանին, բայց ինքը կարողացել է ձախ ձեռքով կասեցնել եւ լուրջ վերք է ստացել: Դանակը եղել է որսորդական, 15-20 սմ սայրով: Հիշյալ բոլոր գործերում նույնպես կան նման դանակներ:

Ահա այսպիսի բաներ են երբեմն պատահում Մոսկվայի մետրոպոլիտենում: Իսկ իշխանությունները չեն կարողանում ոչինչ անել: Դարձյալ հարց է ծագում. չե՞ն կարողանում, թե՞ չեն ուզում: Քանզի դա չեն անում նույնիսկ այն ժամանակ, երբ ոճիրն սպասելի է: Նման բան պատահել էր ապրիլի 22-ին Վիգեն Աբրահամյանցի սպանության նախօրեին, երբ սափրագլուխները նշում էին իրենց առաջնորդ Հիտլերի ծննդյան օրը: Մոսկվայի հայկական ընտանիքներում այդ օրը ջանում են առանց մեծ անհրաժեշտության փողոց դուրս չգալ, ոմանք նույնիսկ երեխաներին չեն ուղարկում դպրոց: Որոշ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ նույն կերպ են վարվում:

Դա հայտնի է ամենքին, բացառությամբ քաղաքացիների անվտանգության պատասխանատուների: Նրանց համար դա ըստ երեւույթին անկարեւոր է, այլապես տեղի չէին ունենա Վիգեն Աբրահամյանցի եւ մյուսների սպանությունները:

Բայց երբ ուզում են, կարողանում են կանխել: Այսպես, այլատյացության խնդիրը Մոսկվայից ոչ պակաս սրությամբ ծառացած էր նաեւ Պետերբուրգում: Սակայն, դատելով պաշտոնական տեղեկատվությունից, այնտեղ խնդիրը լուծել են կամ պարզապես «բթացրել»: Համենայն դեպս, լուրջ միջոցներ են ձեռնարկել: Ձերբակալվել են մի խումբ սափրագլուխներ, որոնք մտադրվել էին ահաբեկչություն իրականացնել «մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: Այդ հանցախմբի կատարած աղմկալի սպանություններից են հայտնի իրավապաշտպան Գիրենկոյի, վիետնամցի Վու Ան Տանի, տաջիկ աղջնակ Խուրշեդա Սուլթոնովայի եւ սենեգալցի ուսանող Լամպսար Սամբայի սպանությունները: Օտարների դեմ գործելիս հանցախմբի անդամներն օգտագործում էին օտարների վրա հարձակվելու մեթոդական ցուցումներՙ «Փողոցային ահաբեկչության ձեռնարկ»: Դրա հեղինակները դեռահասներին կոչ են անում կազմել «սպիտակ պարեկ» կոչվող խմբեր:

Ձերբակալվածները 20-22 տարեկան են: Շատերը սովորում էին Պետերբուրգի հեղինակավոր բուհերում: Խմբում տիրում էր երկաթյա կարգապահություն: Հանցախմբի անհաճո եւ զղջացած անդամներին հրապարակավ ոչնչացնում էինՙ ի տես մնացյալների: Խուզարկությունների ժամանակ հանցախմբի անդամների բնակության վայրերում հայտնաբերվեցին զենք, պայթուցիկներ, կապի միջոցներ եւ ֆաշիստական բնույթի արգելված գրականություն:

Այդ «բրիգադի» ձերբակալությունից հետո Պետերբուրգում ազգային հողի վրա կատարվող հարձակումների թիվը կտրուկ նվազեց: Դա ուրախալի փաստ է: Մնում է հուսալ, որ նույնը տեղի կունենա Մոսկվայում եւ ՌԴ մյուս քաղաքներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4