Կրասնոտուրինսկում ընթացող շախմատի մրցաշարում վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեց Լիլիթ Մկրտչյանը: Նրա մրցակցուհին աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովան էր: Սեւերով խաղացող Լիլիթին հաջողվեց պարտության մատնել Ստեֆանովային եւ հաղթական առաջին միավորը գրանցեց իր օգտին: Հինգ տուրից հետո Լիլիթը վաստակել է 2,5 միավոր եւ Անտոանետա Ստեֆանովայի, Նադեժդա Կոսինցեւայի եւ Մայա Չիբուրդանիձեի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը:
Հարկ է նշել, որ 5-րդ տուրը բավական արդյունավետ էր: Եվս 2 պարտիայում մրցակիցներից մեկը հաղթանակ տոնեց: Չժու Չենը հաղթեց Հոու Իֆանին, իսկ Եկատերինա Լագնոն պարտության մատնեց Մայա Չիբուրդանիձեին: Ինչպես եւ սպասվում էր, Կոսինցեւա քույրերի մրցավեճը կարճատեւ պայքարից հետո ավարտվեց ոչ-ոքի: Միավորը բաժանեցին նաեւ Մատվեեւան ու Չմիլիտեն:
Հինգ տուրից հետո Լագնոն 4,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նրանից կես միավորով հետ է մնում Չժու Չենը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ