«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2006-07-27 | #141, 2006-07-28 | #142, 2006-07-29


ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳՏԱՆ ՏԵՐԵՐԻՆ

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում իրենց մրցավեճն են շարունակում Եվրոպայի պատանիների ու աղջիկների առաջնության պարգեւները վիճարկող ծանրորդները: Ընդհանուր առմամբ պարգեւների համար պայքարի են ելել 29 երկրների 176 ծանրորդներ, որոնցից 64-ը աղջիկներ են: Առաջնությունում բավական հաջող են հանդես գալիս մեր ծանրորդները: Հավաքականում հայտավորված մեր 8 ծանրորդներից 7-ն արդեն մրցահարթակ են դուրս եկել` նվաճելով 4 մեդալ: Հայաստանից դեռեւս պայքարի ոլորտը չի ընդգրկվել գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը:

Իսկ մրցումների հերթական օրը պարգեւները խաղարկվեցին քաշային եւս 3 կարգում: Կանանց մրցաշարում մինչեւ 58 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռումինուհի Ռոքսանա Կոկոսը, որը հաղթող ճանաչվեց երկամարտի 189 կգ (79+110) արդյունքով: Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան գերմանացիներ Ջուլիա Ռոհդեին (180 կգ) եւ Ջեսիկա Սոնենբերգին (146 կգ):

Մինչեւ 63 կգ քաշային կարգում ուժեղագույնը ռուսաստանցի Վիկտորյա Պուզիրյովան էր` 188 կգ (83+105): 2-րդ ցուցանիշն ունի գերմանուհի Քրիստին Ուլրիխը` 180 կգ (82+98), բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինուհի Ալյոնա Սավչենկովան` 177 կգ (76+101):

Պատանիների մրցաշարում մինչեւ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Նիկոլա Կոլեւը` 284 կգ (125+159): Արծաթե մեդալի արժանացավ լեհ Արկադիուշ Միխալսկին` 283 կգ (128+155), բրոնզե մրցանակակիր դարձավ գերմանացի Մարիո Կոխը` 269 կգ (120+149):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4