Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում Թել Ավիվից հրեա հայտնի լրագրող Ուրի Ավներին անդրադառնում է Միջին Արեւելքի ճգնաժամին: «Նոր Միջին Արեւելքը» ավելի վատ վայր է լինելու ապրելու համար, հավատացած է նա:
«Կարծես թե Նասրալլահը ողջ է», հայտարարեցին Իսրայելի թերթերն այն բանից հետո, երբ 23 տոննանոց ռումբերը հարվածեցին Բեյրութի այն վայրը, որտեղ «Հզբոլլահի» առաջնորդը ենթադրաբար թաքնված պետք է լիներ ածխափոսերից մեկի մեջ: Հետաքրքրական ձեւակերպում է: Իսկ ի՞նչ է նշանակում «կարծես թե» արտահայտությունը: Շատ պարզ: Նշանակում է Նասրալլահը ձեւացնում է, թե ողջ է, բայց արաբներին երբեք չպետք է հավատալ: Բոլորն էլ գիտեն, որ արաբները միշտ էլ ստում են: Դա նրանց բնության մի մասն է, ինչպես հավաստիացրել էր մի անգամ Եհուդ Բարաքը:
Ռմբակոծումից մի քանի ժամ հետո Նասրալլահը հարցազրույց տվեց «Ալ Ջազիրա» հեռուստակայանին: Նա ոչ միայն ողջ էր, այլեւ ինքնավստահ եւ զուսպ: Նա խոսեց նաեւ տվյալ ռմբակոծման մասին, ապացուցելով, որ հարցազրույցն այդ օրն էր տեղի ունենում:
Մի մարդու սպանության հարցը դարձել է ազգային նպատակ, մտասեւեռում: Կարելի է ասել պատերազմի գլխավոր եւ միակ նպատակը: Սա երեւի պատմության մեջ առաջին պատերազմն է, որ մի պետություն մղում է սպանելու համար մեկ հոգու: Մինչեւ օրս նման խնդիրներով զբաղվում էր միայն մաֆիան: Նույնիսկ անգլիացիները Երկրորդ աշխարհամարտի օրերին նպատակ չէին դրել սպանելու Հիտլերին: Ընդհակառակը, նրանք ցանկանում էին ողջ բռնել նրան եւ դատել: Հավանաբար ամերիկացիներն էլ էին այդպես մտադրված Սադդամ Հուսեյնի պարագայում:
Բայց մեր նախարարները պաշտոնապես որոշել են, որ դա է իրենց նպատակը: Դա նորություն չէ, անշուշտ: Իսրայելի հաջորդական կառավարությունները միշտ էլ հակառակորդ խմբակցությունների առաջնորդներին սպանելու քաղաքականություն են որդեգրել: Մեր բանակը, շատ այլոց թվում, սպանել է «Հզբոլլահի» առաջնորդ Աբբաս Մուսավիին, Պաղեստինի ազատագրման կազմակերպության երկրորդ դեմք Աբու Ջիհադին, ինչպես նաեւ Շեյխ Ահմեդ Յասինին եւ Համասի այլ առաջնորդներին: Համարյա բոլոր պաղեստինցիները, եւ ոչ միայն նրանք, համոզված են, որ Յասեր Արաֆաթին էլ են նրանք սպանել:
Իսկ արդյունքո՞ւմ: Մուսավիին փոխարինելու եկավ Նասրալլահը, որն ավելի կարող անձնավորություն է: Շեյխ Յասինին հաջորդեցին առավել արմատական ղեկավարները: Իսկ Արաֆաթին փոխարինեց Համասը:
Երկար ժամանակ բացակայելուց հետո մեր երկիր վերադարձողը հեռուստացույց դիտելուց կարող է այն տպավորությունը ստանալ, որ զինվորական խունտա է իշխում Իսրայելում:
Բոլոր ալիքներով ամեն երեկո համազգեստ հագած զինվորականներ են տողանցում մեր առաջ: Նրանք ոչ միայն օրվա ռազմական գործողությունների մասին են արտահայտվում, այլեւ մեկնաբանում քաղաքական խնդիրներ եւ առաջ տանում համապատասխան քարոզչություն: Օրվա մյուս ժամերին վետերան գնդապետները կրկնում են ներկա հրամանատարների հաղորդումները: Նրանց մեծ մասը խելոքի տեսք չունի (չասելու համար «հիմարի տեսք ունի»), եւ ահավոր է մտածել, որ մի ժամանակ նրանք էին որոշում, թե ով պետք է ապրի, եւ ով պետք է մահանա:
Ճիշտ է, մեր երկիրը ժողովրդավարական է: Բանակն ամբողջովին ենթարկվում է քաղաքացիական հաստատություններին: Համաձայն օրենքի, կաբինետը բանակի (նավատորմի ու օդուժի) «գերագույն հրամանատարն» է: Բայց գործնականում բարձրաստիճան զինվորականներն են որոշում բոլոր քաղաքական ոչ ռազմական խնդիրների ելքը: Երբ Դեն Հալուցը հայտարարի, որ զինվորականներն այս կամ այն գործողությունն են նախաձեռնում իրագործել, ոչ մի նախարար չի հանդգնի չհամաձայնել: Առավել եւս լեյբորիստական կուսակցության նախարարները:
Եհուդ Օլմերտն իրեն Չերչիլի ժառանգորդն է համարում («արյուն, երկյուղ եւ արցունքներ»): Ամիր Պերեցը բոլոր ուղղություններով սպառնալիքներ է շպրտում: Նա շատ նման է եզան ականջին թառած մի ճանճի, որը հպարտությամբ բացականչում է` մենք հերկում ենք:
Անցյալ շաբաթ աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ «բանակը վայելում է կառավարության ամբողջական աջակցությունը»: Սա էլ է հետաքրքրական ձեւակերպում: Դա նշանակում է, որ բանակն է որոշում ինչ անել եւ ապա կառավարությունը տալիս է իր հավանությունը, իր աջակցությունը: Եվ իրականում դա այդպես է:
Այժմ արդեն գաղտնիք չէ, որ պատերազմը ծրագրված էր շատ վաղուց: Զինվորական թղթակիցները հպարտորեն բացահայտեցին, որ բանակը մի քանի տարի շարունակ պատրաստվում էր այս պատերազմին` իր ամենայն մանրամասնություններով:
Մեկ ամիս առաջ զորավարժություններ էին անցկացվում հարավային Լիբանան ներխուժելու նախապատրաստվելու նպատակով, մինչ գնդապետներն ու քաղաքագետները հավաստիացնում էին, որ «մենք երբեք այլեւս չենք մտնի լիբանանյան ճահճուտը», «երբեք ցամաքային ուժեր չենք մտցնի այնտեղ»: Հիմա մենք այդ ճահճուտում ենք եւ հսկայական քանակությամբ ցամաքային զորքեր են գործում այդ տարածքում:
Մյուս կողմն էլ էր պատրաստվում այս պատերազմին: Ոչ միայն պահեստարաններ էին կառուցում հազարավոր հրթիռների համար, այլեւ վիետնամական ոճի թունելներ, խրամատներ եւ բունկերներ: Մեր զինվորները հիմա զգում են իրենց մաշկի վրա այդ պատրաստվածության հետեւանքները: Մի անգամ եւս մեր բանակը «արաբներին» վերաբերվում է քամահրանքով, ինչպես միշտ թերագնահատելով նրանց ռազմական հնարավորությունները:
Եվ սա զինվորական մտածողության լուրջ խնդիրներից է: Թալեյրանը չէր սխալվում, երբ ասում էր, որ «պատերազմը այնքան լուրջ բան է, որ չպետք է թողնել զինվորականներին»: Գնդապետների մտածողությունը, հավանաբար նրանց մասնագիտության համապատասխան, իր բնույթով ուժային հակվածություն ունի, միակողմանի է եւ պարզ, չասելու համար «պրիմիտիվ»: Այդ մտածողությունը հենվում է ուժի գործադրման վրա որպես միջոց լուծելու ամեն մի խնդիր: Եթե չհաջողվի սկզբնական փուլում, ապա օգտագործել ավելի մեծ քանակության ուժ:
Սրա լավագույն օրինակը ներկա պատերազմն է: Նրանք մտածում էին, որ եթե ժողովրդին մեծ վնաս հասցնեն, նրանք «Հզբոլլահի» դեմ դուրս կգան եւ կոչնչացնեն նրան: Եթե մի փոքր բան հասկանային ժողովրդի հոգեբանությունից, ապա կտեսնեին, որ ճիշտ հակառակը կարող է տեղի ունենալ: Բոլոր էթնիկական ու կրոնական խմբակցություններին պատկանող հարյուրավոր քաղաքացիների սպանությունը, մյուսների կյանքը դժոխքի վերածելը եւ ենթակառույցները շարքից հանելը ցասում եւ ատելություն է առաջացնելու Իսրայելի հանդեպ եւ ոչ երբեք այն հերոսների, որոնք իրենց կյանքն են զոհաբերում պաշտպանելով նրանց:
Արդյունքում «Հզբոլլահը» ուժեղանալու է ոչ միայն հիմա, այլ առաջիկա տարիներին եւս: Դա է լինելու այս պատերազմի ելքը, ոչ թե զինվորական հաջողությունը:
Հեռուստատեսային եւ համակարգչային էկրաններին սարսափի տեսարանները դիտելով փոխվելու է նաեւ համաշխարհային կարծիքը: Սկզբնական արդարացումներն արդեն իսկ փոխվել են: Էլփոստով խեղված երեխաների հազարավոր սարսափելի լուսանկարներ են շրջանառության մեջ մտել: Դրանցից մեկում իսրայելցի երեխաները ուրախության քրքիջներով «ողջույններ» բառն են մակագրում ռմբակոծելու պատրաստ հրետանու վրա: Հետո հայտնվում է մի հաղորդագրություն լիբանանցի եւ պաղեստինցի երեխաներից, որտեղ ասվում է. «Շնորհակալություն Իսրայելի երեխաներին լավ նվերի համար: Եվ շնորհակալություն աշխարհին ոչինչ չանելու համար»:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրաստիճան հանձնակատարն արդեն իսկ բնութագրել է Իսրայելի գործողությունները որպես «պատերազմական ոճրագործություն», որը նշանակում է, որ հետագայում Իսրայելի բանակի բարձրաստիճան սպաները կարող են լուրջ անախորժություններ ունենալ: Եվ ընդհանրապես, բոլոր այն դեպքերում, երբ բանակի հրամանատարներն են որոշում պետության քաղաքականությունը, լուրջ բարոյական խնդիրներ են առաջանում:
Պատերազմի ժամանակ հրամանատարները ստիպված են կոշտ որոշումներ ընդունել: Նրանք զինվորներին մարտի են ուղարկում գիտակցելով, որ նրանցից ոչ բոլորն են վերադառնալու կամ վերադառնալու են խեղված: Դա նրանց սիրտը կոշտացնում է: Ինչպես գնդապետ Ամոս Յարոնն է ասել իր զինվորներին Սաբրայի եւ Շատիլայի կոտորածներից հետո` «Մեր զգայարանները բթանում են»:
Երկար տարիների բռնությունները պաղեստինյան տարածքներում ահավոր քարսրտություն են առաջացրել մարդկանց շրջանում: Օրական տասից քսան պաղեստինցիների սպանությունը այլեւս ոչ ոքի չի հուզում: Նույնիսկ թերթերի նյութ չի դառնում. կամաց-կամաց «ցավում ենք... մենք մտադիր չէինք...» եւ այլ սովորական դարձած արտահայտություններն են կորցրել իրենց իմաստը:
Անզգայնության այս վիճակը այժմ տիրում է նաեւ Լիբանանում: Օդուժի հրամանատարները հանգիստ հրահանգներ են արձակում, կարծես խոսում են տեխնիկական խնդիրների եւ ոչ թե մարդկային կյանքերի մասին: Ամենաշատ օգտագործված բառը «փոշիացնել, փոշեցրիվ անել» բառերն են: Տեղանքներն են փոշեցրիվ անում, մարդկանց են փոշեցրիվ անում:
Իրականում բազմաթիվ այլ միջոցներ կային պատասխանելու «Հզբոլլահի» սադրանքին, առանց Լիբանանը ավերելու: Բարոյական այս անզգայությանը փոխարինելու է քաղաքական վնասը: Միայն հիմարներն են անտեսում բարոյական արժեքները:
Ծեծված արտահայտություն է ասել, թե ավելի հեշտ է սկսել պատերազմը քան վերջացնել այն: Պատերազմներում միշտ անսպասելի բաներ են պատահում: Մենք սկսեցինք օրերի պատերազմը, բայց այն դարձավ շաբաթների պատերազմ: Խոսք կա որ կվերածվի ամիսների պատերազմի: Սկսեցինք փոքր «վիրաբուժական» օդային հարձակումներից, բայց այժմ խոսում ենք պահեստայիններին հետ կանչելու եւ ամբողջական, 1982-ի ոճի ներխուժում կազմակերպելու մասին:
Այս ամբողջ ժամանակ Մ. Նահանգներն իր ամբողջ կարողությունն ի գործ դնելով, արգելում է թշնամանքի վերացումը: Ակնհայտ է, որ նա Իսրայելին առաջնորդում է պատերազմելու Սիրիայի հետ:
Մի բան հստակ է: Ոչ մի լավ բան չի սպասվում: Ինչ էլ պատահի, «Հզբոլլահն» առավել հզորացած է դուրս գալու այս ամենից: Իսրայելը քարուքանդ է անում Լիբանանը եւ միայն «Հզբոլլահն» է ի վիճակի պաշտպանելու երկիրը: Սա է լինելու որոշիչ տրամաբանությունը: Ինչ վերաբերում է իմիջի վերականգնմանը, ապա այս օրերի ընթացքում եթե Իսրայելը չկարողացավ լռեցնել մի փոքր պարտիզանական խմբավորում, ապա ինչ իմիջ վերականգնելու մասին կարելի է խոսել:
Ոչ մի լավ բան չի ակնկալվում, ինչպես ասացի, ո՛չ Իսրայելի համար, ո՛չ Լիբանանի եւ ո՛չ իսկ պաղեստինցիների համար: Ստեղծվելիք «նոր Միջին Արեւելքը» ավելի վատ վայր է լինելու ապրելու համար:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Իսրայելցի երեխաներին «ողջյունի» խոսքեր են գրել տալիս դեպի Լիբանան արձակվելիք արկերի վրա...