«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ԷԼԻՖ ՇԱՖԱՔԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Արիզոնա համալսարանի պրոֆեսորի օգնական, թուրք քաղաքացի Էլիֆ Շաֆաքին Թուրքիայում մեղադրական հայտ են ներկայացրել իր «Ստամբուլի պոռնկորդին» գրքում «թուրքականության» հասցեին նվաստացուցիչ խոսքեր ներառելու համար, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 22-ի համարը, հենվելով Անկարայից «Ասոշիեյթեդ պրեսի» տեղեկատվության վրա:

Շաֆաքը, որին բանտարկություն է սպասում, այդ վեպը գրել է Թուքսոնում ապրած տարիներին: Վեպում գործող հայ կերպարներից մեկը օգտագործում է «թուրք մսագործները» բառակապակցությունը: Մարտի 8-ին Թուրքիայում հրատարակված այդ գրքի 50 հազար օրինակներ արդեն վաճառվել են: Շաֆաքի խոսքերով, գրքում երկու գլխավոր տաբուներ են շոշափվում` մեկը Հայկական հարցն է, մյուսը` արյունապղծությունը: «Երկուսն էլ որոշ մարդկանց համար անմարսելի են», ասել է նա:

Շաֆաքը 35 տարեկան է եւ անցյալ տարվա սեպտեմբերին Ստամբուլի Բիլգի համալսարանում մասնակցել էր «Օսմանյան հայերը կայսրության անկման ժամանակաշրջանում» աղմկահարույց գիտաժողովին: Մեղադրական հայտի մասին թուրքական թերթերը գրել են, բայց դատավարության որոշակի օր դեռ չի նշանակվել:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4