«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ՄՆԱԼ

Չճանաչված Աբխազիայի իշխանությունները շարունակում են ընդդիմանալ Կոդորի կիրճում «վտարանդի իշխանություններին» տեղակայելու Միխայիլ Սաակաշվիլու մտադրությանը, սակայն Վրաստանի նախագահը ոչ միայն հաստատակամ է, այլեւ երեկ հայտարարել է, որ կիրճում համապատասխան շենք է կառուցվելու մինչ ցրտերի սկսվելը, հոկտեմբերին շինարարությունը ավարտված պետք է լինի: Այլապես վրացական Սիբիր համարվող Կոդորում, որտեղ ձմեռն 9 ամիս է տեւում, «վտարանդի իշխանություն» տեղակայելն անհնար կարող է դառնալ:

Մինչ այդ Կոդորի կիրճի եւ չճանաչված Աբխազիայի Հանրապետության վարչական սահմանի երկայնքով ոստիկանական ութ պահակակետ է տեղակայվելու, Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայությունը կիրճում ապահովվելու է համապատասխան ստորաբաժանման մշտական աշխատանքով: Երեկ Կոդորի կիրճում ընթացել է ոստիկանական գործողության վերջին փուլըՙ բնակչությունից զենքի առգրավումը: Էմզար Կվիցիանիի քույր Նորան ձերբակալվել էր դեռեւս հուլիսի 28-ին ապօրինի զինված միավոր ստեղծելու, չգրանցված զենք պահել եւ կրելու համար: Մեղավորության հաստատման դեպքում Նորա Կվիցիանին 15 տարի ազատազրկման կդատապարտվի:

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ հանդիպմանը Կոդորի կիրճում ծավալված գործողությունը համարել է արդյունավետ ու հաջողված:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4