«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ԱՌԱՆՑՔԱՅԻՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Նախքան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցը, որոշ քաղաքական շրջանակների ընկալումներում իշխում էր այն մտայնությունը, թե ամերիկացի միջնորդը կարող է շրջանցել Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղ այցելությունը, սակայն, կայացավ, եւ դժվար է ասելՙ Բրայզայի այցը առավելապես ճանաչողական էր, թե՞ համանախագահության կողմից այսպես կոչված հստակեցման գործուղում: Համենայն դեպս, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հուլիսի 29-ի երեկոյան ունեցած հանդիպումից հետո պարոն Բրայզան լրագրողներին ասաց, որ նախագահ Ղուկասյանի ներկայացրած տեսակետները համանախագահներն առաջիկայում կքննարկեն Փարիզում: Իսկ ստեփանակերտյան բանակցություններում նոր առաջարկություններ չեն քննարկվել, այլ գաղափարներ, որոնք հետագայում համաձայնեցման կարիք ունեն: Սա հաստատեց նաեւ բանակցություններին մասնակցած ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, բնականաբար գաղտնապահ մնալով այդ ամենի մանրամասներում:

Բանակցային կազմի վերաբերյալ Բրայզայի մոտեցումն այն է, որ այդ հարցը պետք է որոշեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները: Իսկ թե ինչու է Մեթյու Բրայզան հունիսի վերջին բանակցային փաստաթղթերի հանկարծակի գաղտնազերծում արելՙ վերջինս պատճառաբանեց այն անհրաժեշտությամբ, թե չի կարելի հարցը լուծել առանց հասարակությունների հետ խորհրդի նստելու: Ի դեպ, Ստեփանակերտում Բրայզան պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ, իր իսկ ձեւակերպմամբՙ լսելու մեր կարծիքները, բայց թե ինչու այդ հանդիպումը տեղի չունեցավ, նույնպես դժվար է ասել, մանավանդ որ ամերիկացի համանախագահը լրագրողների հետ զրույցի ժամանակ ժամանակացույցի սղության մասին բնավ չի արտահայտվել:

Ի տարբերություն ամերիկացի միջնորդիՙ ԼՂՀ նախագահը ավելի մատչելի էր հարցադրումներին: Մասնավորապես Բրայզայի այցից նա շատ մեծ սպասելիքներ չի ունեցել. լրագրողներին հետաքրքրող հարցին այս պատասխանը տալով, ԼՂՀ նախագահը նաեւ նշել է, որ ինքը գիտեր, թե վերջինս Ստեփանակերտ է ժամանում Ղարաբաղի տեսակետներին ծանոթանալու, ինչի հնարավորություն նրան տրվել է: Ընդ որումՙ լուրջ առարկություններ միջնորդի կողմից չեն եղել, որովհետեւ ղարաբաղյան իշխանությունների մոտեցումները բավականին տրամաբանական են:

ԼՂՀ-նՙ բանակցային կողմ դառնալու հավանականության մասին հարցին պատասխանելով, Ա. Ղուկասյանն ասաց, որ իր տպավորությամբ պարոն Բրայզան եւս քաջ հասկանում է առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններում դրական արդյունքի հասնելու անհնարինությունը: Քննարկված հարցերի առանցքը, Ա. Ղուկասյանի մատուցմամբ, հենց դա է եղել:

Արդյոք տարբերություններ կա՞ն կարգավորման շուրջը Երեւանի ու Ստեփանակերտի տեսակետների միջեւ: Հարցի պատասխանը հետեւյալն էրՙ լուրջ տարաձայնություններ չկան, բայց կոնկրետ դետալների վերաբերյալ ԼՂՀ-ն ունի իր մոտեցումները:

Նախագահն անդրադարձավ նաեւ փախստականների հիմնախնդրին, ասելով, որ չի կարելի ադրբեջանցի փախստականների խնդիրը դիտարկել հայ փախստականների խնդրից զատ: Իսկ առհասարակ, ինքը դեմ է ընդհանուր կոնտեքստից առանձին տարրեր պոկելուն:

Ղարաբաղյան իշխանությունների դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: ԼՂՀ նախագահի այս հավաստիացումը հիմք ընդունելով, նկատենքՙ Մեթյու Բրայզայի այցը նոր գաղափարների առումով հազիվ թե բանակցային գործընթացում շրջադարձային նշանակություն ունենա: Լավագույն դեպքում համանախագահների մոտեցումներն առավել կհստակեցվեն: Բայց արդյոք դա բավարա՞ր է հակամարտող կողմերին հավասարապես բավարարող լուծում գտնելու համար: Դարձյալ ու դարձյալ վճռորոշը լինելու է երկկողմ զիջումների սահմանը: Այլ հարց է, թե կողմերն, առավելապես Ադրբեջանը, ինչքանով են իրապես պատրաստ դրան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4