«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ քննարկման էր հրավիրել պատգամավորների, հանրապետության արվեստի ու երաժշտական դպրոցների ղեկավարներին, համատեղ ելքեր ու լուծումներ գտնելու ներկայումս այդ օջախներում տիրող իրավիճակի շուրջը: Քննարկմանը ներկա Երեւանի փոխքաղաքապետ Ա. Սահակյանը տեղեկացրեց, որ Երեւանում գործող 25 արվեստի եւ երաժշտական դպրոցներից 13-ը քաղաքապետարանի ենթակայության տակ է, իսկ 12-ըՙ համայնքների: Դրանցում ներգրավված են 1800 ուսուցիչներ ու 10.000 աշակերտներ: Հենց այս երեխաներն են, որ համալրում են մեր համույթները: Սակայն մինչեւ այժմ այդ դպրոցների նկատմամբ չկա պետական քաղաքականություն ու հստակ մշակված ծրագիր: 1986 թ. գործող հնացած ու մաշված մեթոդներով ուսուցումը ոչ թե խթանում է, այլ օրեցօր քայքայում ու քանդում է նրանց գոյությունը: Հենց այդ պատճառով է, որ մի շարք ազգային նվագարանների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը նվազել է ու այսօր թառ, քյամանչա, ուդ, քանոն ու լարային գործիքները անտեսվել են: Չկա ոչ մի ուսումնական պլան, դպրոցները համարվում են արտադպրոցական կրթություն իրականացնող ձեռնարկություններ, պարզ չէ երաժշտական դպրոցներում դասավանդողների կարգավիճակը, եւ պետպատվերի բացակայության հետեւանքում չկան ժողովրդական ու փողային գործիքներ նվագել ցանկացող երեխաներ: Հրանուշ Հակոբյանը բազմիցս հանդիպելով այդ օջախների ղեկավարների հետ որոշակի քայլեր են ձեռնարկել: Նա նշեց, որ «ցավոք փոփոխվող մշակույթի նախարարները չկարողացան որեւէ լուծումներ տալ մեր կողմից արված հարցադրումներին...»: Բազմաթիվ քննարկումներից հետո ի վերջո որոշվել է, որ այդ կարեւոր հարցը լուծվի պետականորեն:

Վերջին 5,5 տարվա ընթացքում փակվել են 14 արվեստի եւ երաժշտական դպրոցներ, քանի որ եղածների 95 տոկոսը հանձնված է համայնքների տնօրինմանը, 42 տոկոսով նաեւ նվազել է ուսուցիչների թիվըՙ աշակերտներ չլինելու պատճառով: Նախկին 35.000 աշակերտից այսօր մնացել է 25.000-ը, որոնցից շատերը սոցիալական վատ պայմաններում են ապրում: Հրանուշ Հակոբյանի կարծիքով, այս բարդ ու դժվարին խնդիրը լուծելու ելքեր կանՙ նախ եւ առաջ դա պետության կողմից ֆինանսավորումն է ու պետական պատվերի իջեցումը համակարգին: Սոցիալապես վատ պայմաններում ապրող, բայց տաղանդավոր երեխաներին անպայման պետք է ընդգրկել, պետպատվերի իջեցման դեպքում կկանգնեցվի ուսուցիչների արտահոսքը: Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանը հուզված էր, որ «այս հարցերը բազմիցս բարձրացրել են բոլոր մշակույթի նախարարների մոտ ու ոչ մի լուծում չենք տեսել: Այսօր բոլոր գեղարվեստի դպրոցները անկում են ապրում, պրոգրես չկա, պետականորեն մոտեցում չկա, այդ դպրոցների վիճակը բարձիթողի է ու եթե միջոցառումներ, փառատոներ էլ լինում են, համայնքի ղեկավարներին գոհացնում են: Չկա մեթոդական մշակված նոր հանրապետական ծրագիր: Մի հատ նայեք, թե մշակույթի նախարարությունում ինչքան մարդ կա աշխատողՙ ներս ես մտնում տեղ ու դադար չկա... թող էդ անգործ մարդկանց վերցնեն ու մի խումբ ստեղծենՙ մեթոդական կենտրոն, մշակեն ծրագիր, թե չէ այսպես հնարավոր չէ շարունակել»:

Հ.Հակոբյանը ամփոփելով բուռն քննարկումը, հիմնականում առանձնացրեց երեք խումբ հարցեր, որոնք մանրամասն ընդգրկվելու են պրոբլեմի բոլոր լուծելի կետերի հետ միասին այն գրության մեջ, որը հանձնելու են ՀՀ վարչապետին, մշակույթի նախարարությանը, որպեսզի առաջիկայում դրանք մտցվեն պետբյուջե եւ համապատասխան 30 տոկոս աջակցություն տրվի այդ օջախներին: Հուսանք, որ մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը մշակված այդ խնդիրները գոնե մասամբ կիրականանան:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4