«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՎԱԾ «ԾՈՎ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գեւորգյան ցուցասրահում երեկ ներկայացվեցին օգոստոսի 2-16-ը Գյումրիում կայանալիք ժամանակակից արվեստի 5-րդ բիենալեի մանրամասները: Գյումրիի բիենալեն, որ առաջին անգամ կազմակերպվել է 1998-ին, նպատակ ունի Երեւանում կենտրոնացված արվեստի միջոցառումները ապակենտրոնացնել, նաեւ մարզային համայնքներում աշխույժ մշակութային կյանք արթնացնել: Բիենալեն գնալով ավելի մեծ թափ է հավաքում, ներգրավելով ոչ միայն ավելի շատ երկրների անհատ մասնակիցների, այլեւ մշակութային կենտրոնների: «Այսպիսի ֆորում գոյություն չունի ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ ԱՊՀ երկրներում: Մոսկվան միայն այս տարի է բիենալե կազմակերպել», հավատացնում է արվեստագետ Ազատ Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին բիենալեի կազմակերպիչներ, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, արվեստագետ Ազատ Սարգսյանը եւ Արփի Թոքմաջյանը, 5-րդ բիենալեն կրելու է «Ծով, երազանքներ եւ պատրանքներ» խորագիրը, որ խորհրդանշում է հայերի նյութականացված երազը ծովերի նկատմամբ եւ ընդհանրապես տարբեր ազգությունների ներկայացուցիչ մասնակիցների երազանքները:

Բիենալեին մասնակցելու են շուրջ 20 երկրների արվեստագետներ: Մինչեւ ցուցադրությունը բիենալեի մասնակիցները կաշխատեն Սեւանի ափին: Մասնակիցների թվում են նաեւ թուրք մոտ 14 արվեստագետներ, որոնց «Երազանքների պահեստ» անվանումով նախագիծը Հայաստանում կներկայացնեն երկուսը: Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը կարեւորում է թուրք արվեստագետների մասնակցությունը բիենալեին, համարելով թուրք արվեստագետներին իրենց հրավերը մշակութային գրագետ քաղաքականության դրսեւորում:

«Ազգի» հարցին ի պատասխան, թե արդյոք միջազգային այս միջոցառման կազմակերպիչները որեւէ խնդիր չունեն, Արփի Թոքմաջյանը նշեց. «Մինչեւ այժմ Գյումրիի բիենալեն կազմակերպող արվեստի կենտրոնը չունի իր գրասենյակը եւ աշխատակազմը: Այսինքն, ամեն ինչ արվում է մի խումբ արվեստագետների եւ մի խումբ աջակիցների կողմից»:

Մնում է հուսալ, որ Գյումրիի բիենալեն եւս անձնական նախաձեռնությունների շնորհիվ կայանալով, կգրավի հասարակական շահագրգիռ ու ի պաշտոնե պարտավորված կառույցների ուշադրությունը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4