«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2006-07-28 | #142, 2006-07-29 | #143, 2006-08-01


ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆԻ 3-ՐԴ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԵՔԵՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Մասնագիտություններ կան, որ կարող են կոչվել «ապերախտ», քանի որ դրանցով զբաղվողները ինչքան էլ նվիրված լինեն իրենց աշխատանքին, միեւնույն է մնում են «հետին պլանում», չարժանանալով հասարակության ուշադրությանը կամ խրախուսանքին: Այդ մասնագիտություններից է գրադարանավարությունը, որի երկարամյա «մշակներից» էր անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին Մ. Նահանգներում իր մահկանացուն կնքած Հարություն Մեքերյանը:

Կահիրեում (Եգիպտոս) ծնված եւ 1948-ին` 24 տարեկանում Հայաստան ներգաղթած երիտասարդը ավարտելով Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (մատենագիտության եւ գրադարանագիտության բաժինը) ավելի քան երեք տասնամյակ աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում, նախ որպես համալրման բաժնի վարիչ, ապա որպես փոխտնօրեն եւ ԳԱԱ նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի փոխնախագահ (1976-1980 թթ.):

Երկարամյա անբասիր աշխատանքի եւ գրադարանի զարգացման բնագավառում անուրանալի ավանդ ներդնելու համար 1965 թվին այդ ժամանակվա ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր գրադարանավարի կոչում: Պարգեւատրվել է նաեւ ԳԱԱ նախագահության գովասանագրերով եւ պատվոգրերով:

Սակայն նրա վաստակի գնահատման եւ անվան հավերժացման լավագույն ձեւը ԳԱԱ հիմնարար գրադարանի 3-րդ ընթերցասրահը (3-րդ հարկ) Հարություն Մեքերյանի անունով կոչելն էր: Պաշտոնական այդ միջոցառումը տեղի ունեցավ հուլիսի 28-ին, ժամը 12-ին նրա դասընկերների, պաշտոնակիցների, գործընկերների մտերմիկ շրջանակի եւ հատկապես այդ առթիվ Լոս Անջելեսից Երեւան ժամանած նրա դստեր` տիկին Մարո Մեքերյան-Հովհաննիսյանի եւ վերջինիս դստեր` Նաթալիի մասնակցությամբ:

Ելույթ ունեցողները` ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը, փոխտնօրեն Կարապետ Մինասյանը դրվատանքի խոսքերով ներկայացրին գրադարանի երկարամյա աշխատակցին եւ շնորհակալություն հայտնեցին դստերը ընթերցասրահը համակարգչային տեխնիկայով վերազինելու համար: Պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Նորայր Բեյլերյանը հանգամանալից ներկայացրեց Հարություն Մեքերյանի կենսագրականը, հիմնական շեշտը դնելով եգիպտահայ վարժարանների (Գալուստյան, Նուբարյան, Պողոսյան) աշակերտների համաշխարհային հավաքներ (2 տարին մեկ անգամ) կազմակերպելու նրա նախաձեռնության վրա: Ի դեպ այդ հավաքների հերթական 12-րդը 2003 թվին տեղի ունեցավ Երեւանում: Ավելացնեմ նաեւ, որ հավաքներից գոյացած գումարները հատկացվում են Հայաստանի կրթական եւ առողջապահական ոլորտների բարելավման ծրագրերին: Միջոցառման ընթացքում հատկապես շեշտվեց վաստակաշատ գրադարանավարի նաեւ գիտական ներդրումները (հեղինակել է «Միքայէլ Կիւրճեանի կեանքը եւ գործը» մենագրությունը եւ մի շարք հանրամատչելի գրքույկներ) եւ հասարակական գործունեությունը (Հայրենիքում նա եղավ սփյուռքահայերի դեսպանը, իսկ Մ. Նահանգներում` Հայաստանի): Իսկ ամենակարեւորն ու խորհրդանշականն այն էր, որ առաջին անգամ մեզանում գրադարանավարության ասպարեզում նշանակալի ներդրում ունեցող մի անձնավորություն նման պատվի էր արժանանում:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մեքերյանի դուստրը` տիկին Մարոն, որն էլ կտրեց այսուհետ իր հոր անունը կրող ընթերցասրահի ժապավենը:

Վերջում ներկաները հյուրասիրվեցին թխվածքով եւ զովացուցիչներով:

Արժանին պետք է մատուցել նաեւ տիկին Մարո Մեքերյան-Հովհաննիսյանին (որը մասնագիտությամբ նույնպես գրադարանավար է) իր հոր գործը շարունակելու եւ նրա հիշատակը ազգանվեր գործունեությամբ հավերժացնելու համար:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Նկարումՙ Տիկին Մարո Մեքերյան-Հովհաննիսյանն իր դստերՙ Նաթալիի, Վ. Աճեմյանի, Հ. Ծուլիկյանի եւ պրոֆ. Ն. Բեյլերյանի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4