Դորտմունդում մեկնարկել է ընթացիկ մրցաշրջանի շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը: Նախորդ տարիների համեմատ մրցաշարի մրցակարգը փոփոխվել է` մրցակիցները կխաղան միայն մեկ շրջան, իսկ ահա մասնակիցների թիվն աճել է` հասնելով 8-ի: Հրավիրված շախմատիստների թվում են աշխարհի գավաթակիր, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Արոնյանը, ռուսաստանցի ուժեղագույն շախմատիստներ Վլադիմիր Կրամնիկն ու Պյոտր Սվիդլերը, ինչպես նաեւ հունգարացի Պետեր Լեկոն, անգլիացի Մայքլ Ադամսը եւ Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը: Ինչպես եւ անցյալ տարի, այս անգամ էլ Գերմանիան ներկայացնում է Արկադի Նայդիչը: Վերջինս անցյալ տարի խոշոր անակնկալ մատուցեց` դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող: Վերջին մասնակիցը վրաց շախմատիստ Բաադուր Ջոբավան է:
Առաջին իսկ տուրից համառ պայքար ծավալվեց: Արոնյանը սեւերով մրցեց Ադամսի հետ: Սկզբնախաղում անգլիացի գրոսմայստերը փորձեց որոշակի առավելության հասնել, սակայն զինվորի զոհաբերությամբ Արոնյանին հաջողվեց ակտիվ հակախաղ ստանալ եւ պարտիան ավարտել ոչ-ոքի: Երկրորդ տուրում էլ Արոնյանը 43-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Երկու տուրից հետո Արոնյանը վաստակել է 1 միավոր եւ առաջատարների դերը ստանձնած Լեկոյին ու Սվիդլերին զիջում է կես միավորով: Նրանց միջեւ 2-րդ տուրում կայացած պարտիան կարճատեւ պայքարից հետո 23-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա մեկնարկում երկու շախմատիստներն էլ հաղթանակ էին տոնել: Լեկոն սպիտակներով հաղթել էր Նայդիչին, Սվիդլերը սեւերով պարտության էր մատնել Ջոբավային: Առաջին տուրում ոչ-ոքի էր ավարտվել Գելֆանդի եւ Կրամնիկի մրցավեճը:
Ընդհանրապես նման ուժեղ կազմ ունեցող մրցաշարերում ոչ-ոքիների թիվը սովորաբար գերակշռող է: 2-րդ տուրի բոլոր չորս պարտիաներում էլ մրցակիցները հաշտություն կնքեցին: Նման ելք ունեցան նաեւ Նայդիչ-Գելֆանդ եւ Ադամս-Ջոբավա պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ