Համոզված է Արմեն Ավետիսյանը
Հայ արիական միաբանության կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը համոզված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունները Հայաստանում եւ Ադրբեջանում իրավիճակը սրելու դիտավորությամբ արվեցին, որպեսզի երկու երկրներում էլ իշխանությունը պահելու ցանկություն ունեցող ղեկավարները զիջումների դիմեն: «Ով պատրաստ է զիջումների, նա էլ կմնա իշխանությունում: Քանի որ այս անգամ Բրայզան չհանդիպեց ընդդիմության հետ, ընդդիմությունը զրկվեց դրսի օգնությունից», երեկ «Փաստարկ» ակումբում կազմակերպված հանդիպմանը նշեց Արմեն Ավետիսյանըՙ ավելացնելով, որ ընդդիմությունը իշխանություն դառնալու հնարավորություն կստանա, եթե զիջումների պատրաստակամություն ավելի շուտ հայտնի:
Արմեն Ավետիսյանի դիտարկմամբՙ իրավիճակը կփրկի միայն Արցախին ՀՀ 12-րդ մարզի կարգավիճակ տալը: Հայ արիական միաբանության կուսակցության նախագահը համոզված է, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի այն պահին, երբ դրա հնարավորությունն ունենաՙ առանց մեր վերամիավորումների վրա ուշադրություն դարձնելու:
«Ազգի» հարցին, թե ի վերջո ում հետ է կապում «քիչ կորուստների հավանականությունը», եթե թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատրաստ են զիջումներիՙ դիրքերի ամրապնդման համար, Ավետիսյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ գտնվեն մարդիկ, ովքեր կգնան այդ հերոսացմանը (Արցախը Հայաստանին միացնելու - Թ. Մ.), իսկ մենք պատրաստ ենք աջակցել նրանց: Համոզված եմՙ կլինեն մի քանի հազար հայորդիներ, որ դեմ կկանգնեն, այդ ժամանակ գուցե եւ ներքեւից իշխանափոխություն լինի»: Ի դեպ, Ավետիսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից իրենք պատրաստվում են «ազգայնական մի քանի կառույցների եւ անզիջում դիրք ունեցողների» հետ բանակցել եւ համատեղ ծրագրեր կազմել: Թե ովքեր կլինեն այդ խմբումՙ Ավետիսյանը խոստացավ հայտնել սեպտեմբերին:
Ինչ վերաբերում է կոնֆլիկտային տարբեր երկրներում ազգային ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության իրավունքների բախմանը, Ավետիսյանը ցավով է նշում, որ գերտերությունները երկակի ստանդարտներ են կիրառում: «ԱՄՆ-ն ասում է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց ի՞նչ, Լիբանանը, Աֆղանստանը, Արցախը չունե՞ն: Մենք բոլորս խաղալիք ենք նրանց ձեռքին», եզրակացնում է քաղաքական գործիչը եւ ավելացնում, որ աշխարհի սիոնիստամասոնական գերտերությունների ձեռքին խաղալիք է նաեւ ՄԱԿ-ը: «Բանակցողը միշտ էլ ուժեղն է: ՄԱԿ-ը կարող է մի օր էլ որոշի, որ Թուրքիան պետք է ռմբահարի Երեւանը: Գերտերությունների խնդիրն այստեղ զորամիավորումներ մտցնելն է, այս տարածքը չեզոք գոտի դարձնելը եւ այստեղից Մերձավոր Արեւելքին հարվածելը: Նրանց համար Արցախի հարցը կարեւոր չէ: Ռուսաստանը Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի հարգանքով է վերաբերվում, քան Հայաստանին»:
Ավետիսյանը համոզված է, որ իրավիճակի դրական լուծում կլինի Արցախին իբրեւ բանակցող կողմի ներգրավելը, ինչի հետ կապված դրական քայլ է դիտարկում Բրայզայի այցը ԼՂ:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ