«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2006-07-29 | #143, 2006-08-01 | #144, 2006-08-02


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 18-20 ՄԻԱՎՈՐ Է ՍՏԱՑԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՄՈՏ 30 ՏՈԿՈՍԸ

Բուհական ընդունելության քննություններից արդեն անցել է 12 օր եւ հունիսի 30-ի տվյալներովՙ քննություններին մասնակցել է 13 հազար 434 դիմորդ` նախատեսված 14 հազար 530-ի փոխարեն: Այդ օրերին բացակայությունները կազմել են մոտ ութ տոկոս` քննություններին չի մասնակցել հազար 96 դիմորդ:

Հիշյալ տասը օրերին դիմորդները քննություն են հանձնել 24 առարկաներից: Մասնակից դիմորդներից անհրաժեշտ ութ միավորը չի ստացել հազար 827-ը, իսկ 18-20 միավոր ստացել է դիմորդների մոտ 30 տոկոսը` 3 հազար 532-ը: Հուլիսի 27-ին «Ազգը» գրել էր, որ բարձր միավորները գրանցվել են հատկապես հայոց լեզու եւ անգլերեն գրավոր քննություններից: Այս օրերին եւս պատկերը շատ չի փոխվել, քանի որ կրկին գերակշռում են տեստային տարբերակով քննություն հանձնող դիմորդների բարձր միավորները: Հայոց լեզու առաջին եւ երկրորդ տարբերակով գրավոր, անգլերեն լեզվի գրավոր քննությունները գրանցել են ամենաբարձր միավորները, որոնց հաջորդում են ֆիզիկա, մաթեմատիկա եւ գերմաներեն առարկաների քննությունների արդյունքները: Այս առարկաներից 18-20 միավոր են ստացել 175 դիմորդ ֆիզիկայից, նույնքան` մաթեմատիկայից եւ 148 դիմորդ գերմաներենից: 18-20 միավորներ բացարձակապես չեն գրանցվել ստեղծագործական մրցույթ, իտալերեն գրավոր եւ բանավոր քննություններից: Ընդհանրապես «կտրվողներ» չեն եղել իտալերեն եւ իսպաներեն գրավոր եւ բանավոր քննություններից` հավանաբար այն պատճառով, որ հիշյալ քննություններին մասնակցել են քիչ դիմորդներ: Բարձր միավորներով այս տարի աչքի են ընկնում կենսաբանություն առարկան հանձնած դիմորդները, որոնց մեջ գերակշռում են 18 եւ 19 միավորները:

Ինչպես եւ ենթադրվում էր, քննական այս օրերին քիչ չեն եղել նաեւ գանգատարկումները: Հունիսի 20-29 իրենց ստացած միավորը առարկայական հանձնաժողովներում բողոքարկել են ութ հարյուր 27 դիմորդներ, որոնցից բարձրացվել է միայն հարյուր 59-ի միավորը, անփոփոխ են մնացել 6 հարյուր 68-ի հայտերը, որեւէ մեկի միավորը չի իջեցվել: Նկատենք, բողոքարկման ժամանակ լավագույն դեպքում գրանցվել է մեկ միավորի բարձրացում: Միայն մեկ անգամ է բողոքարկումն ավարտվել 2 միավորի բարձրացմամբ, որը գրանցվել է ռուսաց լեզվի գրավորից: Հունիսի 20-27-ը արձանագրվել են նաեւ կրկնակի բողոքարկումներ` հատկապես հայոց լեզու, մաթեմատիկա, հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից: Ստացվել է կրկնակի գանգատարկման 56 հայտ, որից իննի միավորը բարձրացվել է, երեքինը` իջեցվել, մյուսներինը մնացել են անփոփոխ:

Հիշեցնենք, որ 2006-2007 ուստարվա համար մեր երկրի պետական բուհերում հատկացվել է 9 հազար 940 տեղ, որից 4 հազար 342-ըՙ պետպատվերի շրջանակներում, իսկ 5 հազար 598-ը` վճարովի: Մինչ այսօր բարձրագույն կրթություն ստանալու համար սփյուռքի դիմորդներից 154 հայտ է ներկայացվել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4