«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԱՍ ԿԱԶՄԵՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻՆ

Անցած երեք շաբաթների ընթացքում հարյուրավոր անմեղ մարդիկ, այդ թվում կանայք եւ երեխաներ, սպանվեցին եւ հազարավորներ էլ վիրավորվեցին լիբանանա-իսրայելական սահմանի երկու կողմերում: Չնայած կռիվների պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է պատերազմող կողմերի վրա, այդուհանդերձ չի կարելի բացառել Մ. Նահանգների բաժինը այդ արյունալի դեպքերի զարգացման գործում:

Իրադրությունը նույնիսկ ավելի վատթարանալու միտումներ է ձեռք բերում, Վաշինգտոնի պաշտոնյաների պատճառով, որոնք խաղաղությունից բացի այլ ծրագրեր ունեն այդ տարածաշրջանի համար: «Վաշինգտոն փոստի» հուլիսի 21-ի համարում գրած իր հոդվածում Դեյվիդ Իգնատիոսն, օրինակ, բացահայտում էր Բուշի վարչակարգի մտադրությունները, ըստ որի հարավային Լիբանանում տեղադրվելիք «կայունացնող ուժերի» թվում ընդգրկվելու են նաեւ թուրքական զորքեր:

Հաշվի առնելով, որ իրենց զորքերը «զբաղված են» Իրաքում, Աֆղանստանում եւ անցանկալի են Լիբանանում, Մ. Նահանգներն ու Բրիտանիան այլ ուժեր են որոնում, որպեսզի իրենց գործն առաջ տանեն: Բայց ինչպես նշում է «Թրքիշ դեյլի նյուսը». «Ուրիշի գործն առաջ տանելը մեծ ռիսկերի եւ ծանր կորուստների հետ է կապված»:

Թուրք առաջնորդները, սակայն, անտեսելով այդ վտանգները, համաձայն են հազարավոր զինվորների ուղարկել Լիբանանի հարավային մաս, ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, այլ պարզապես իրենց երկրի ազդեցությունն ուժեղացնելու մղումներից ելնելով: Նրանք լավ են հիշում, որ մինչեւ մեկ դար առաջ այդ տարածքները Օսմանյան կայսրության մաս են կազմել: Դժբախտաբար (նրանց եւ վաշինգտոնյան հովանավորների համար) այդ տարածաշրջանի ժողովուրդները նույնպես լավ են հիշում այդ չարաբաստիկ ժամանակները, երբ իրենց նախնիները (սիրիացիներ, լիբանանցիներ, պաղեստինցիներ, քրդեր) անասելի տառապանքների եւ կոտորածների էին ենթարկվում:

Արաբներին նաեւ զայրացնում է Թուրքիայի եւ Իսրայելի մարտավարական դաշինքը: Այդ երկու երկրները Մ. Նահանգների հետ ժամանակ առ ժամանակ համատեղ զորավարժություններ են անցկացնում այդ տարածքներում: Մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ կա: Թուրք զինվորները սուննի են, իսկ «Հզբոլլահի» մարտիկները եւ նրանց համախոհները` շիաներ:

Բարեբախտաբար Թուրքիայում ամեն մարդ չէ, որ նույնքան ոգեւորված է Հարավային Լիբանանում թուրք զինվորներ ուղարկելու խնդրով, որքան վարչապետ Էրդողանը, ընդդիմադիր առաջնորդներից շատերն են դեմ «այդ ճահճի մեջ մտնելուն»:

Անշուշտ, միջազգային ուժեր անհրաժեշտ են լիբանանա-իսրայելական սահմանագծում խաղաղությունը պահպանելու համար: Սակայն սա չի նշանակում, որ այդ ուժերում անպայման թուրք զինվորներ պետք է լինեն: Շատ այլ երկրներ կան, որոնք կարող են իրենց զորքերն ուղարկել առանց վտանգ սպառնալու տեղացի ժողովրդին: Լիբանանի կառավարության հայ անդամները պետք է աշխատեն, որ մերժվի նման առաջարկը: Երբ Թուրքիան նույնպիսի առաջարկ ներկայացրեց Իրաքի կոալիցիոն կառավարությանը, վերջինս, հակառակ վաշինգտոնյան ճնշումներին, մերժեց ընդառաջել, խուսափելու համար քրդերի հետ հավանական բախումներից:

Միջազգային հասարակությունը նույնպես չպետք է թույլ տա նման անպատասխանատու քայլ, որը միայն էլ ավելի է բորբոքելու կրքերը Միջին Արեւելքում:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4