«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԻՍՐԱՅԵԼԸ ՀՕԳՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ամերիկահայկական «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում բացահայտում է Իսրայելի դերը ամերիկա-հրեական կազմակերպությունների` հօգուտ Ադրբեջանի եւ ընդդեմ Հայաստանի կատարած քարոզչության մեջ:

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի օրինակին հետեւելով, Ադրբեջանը փորձում է օգտագործել Վաշինգտոնում Իսրայելի եւ ամերիկա-հրեական կազմակերպությունների քաղաքական հեղինակությունը պայքարելու Հայաստանի շահերի դեմ: Իսրայելը Ադրբեջանի պահանջներին գոհացում է տալիս ելնելով այնտեղից նավթ եւ գազ ներմուծելու եւ նրան զանազան ապրանքներ, այդ թվում նաեւ զենք, վաճառելու իր սեփական շահերից: Իսրայելը նաեւ Ադրբեջանի կարիքն ունի Իրանի վերաբերյալ հետախուզական տեղեկություններ ստանալու բնագավառում:

Նման սերտ համագործակցության կամ, ավելի ճիշտ կլինի ասել, «փոխադարձ շահագործման» մանրամասները սովորաբար չեն հրատարակվում: Սակայն «Ջերուսալեմ ռիփորթ» թերթի հուլիսի 10-ի համարը պարունակում էր Նետտի Գրոսի ստորագրությամբ 13 էջանոց մի հոդված, որը բացահայտում էր Ադրբեջանի, Իսրայելի եւ ամերիկա-հրեական կազմակերպությունների միջեւ գոյություն ունեցող կապերի որոշ մանրամասներ: Թերթը լուսաբանում էր մայիսի կեսերին «իսրայելական եւ ռուս-հրեական պաշտոնական մի պատվիրակության» այցը Բաքու: «Ադրբեջանական եռանկյունին» վերնագրով հոդվածում անթաքույց նշվում էր, որ «Իսրայելն ու հրեական սփյուռքը սերտացնում են իրենց կապերը նավթային պաշարներով հարուստ մահմեդական Ադրբեջանի հետ եւ օգնում, որ ադրբեջանցի վարչակարգը բարեկամներ ձեռք բերի Վաշինգտոնում»: Հասկացնելով, որ «Ամերիկա-իսրայելա-հրեական ամուր կապերը Ադրբեջանի հետ նպաստավոր կլինեն բոլոր կողմերի համար», Գրոսը գրում էր, որ «Իսրայելը մեծապես շահագրգռված է ամրապնդելու իր հարաբերությունները» Ադրբեջանի հետ: «Իսրայելը գտնում է, որ իր շահերից ելնելով նպատակահարմար է խրախուսել ամերիկաբնակ հրեաներինՙ պաշտպանելու ադրբեջանցիների դատը (իրավունքները) Վաշինգտոնի իշխանական ոլորտներում, ամրապնդելով միաժամանակ Ադրբեջանում եւ երրորդ աշխարհի այլ երկրներում ամրապնդված այն համոզմունքը, որ դեպի Վաշինգտոն ճանապարհը անցնում է Երուսաղեմի միջով»: Հատկանշական է Գրոսի այն միտքը, որ «ամերիկաբնակ հրեաները» օտար մի պետության (այս դեպքում` Իսրայելի) թելադրանքով Մ. Նահանգներում պետք է գործեն հօգուտ Ադրբեջանի:

Ըստ Գրոսի, Վաշինգտոնից բացի, Իսրայելը օգտվում է նաեւ «հարուստ եւ ազդեցիկ ռուսաստանցի հրեա գործարարների ծառայություններից»: «Նրանցից ոմանք խորհրդային տարիներից մնացած հզոր կապեր ունեն դեռեւս եւ հպարտությամբ նշեցին, որ (նախագահ) Իլհամի (Ալիեւի) փեսան մոր կողմից հրեա է, իսկ հոր կողմից մահմեդական», գրում է նա, հրապարակելով ամենատարբեր հրեական խմբերի եւ անձնավորությունների այս տարվա ընթացքում Ադրբեջան կատարած այցելությունների ցուցակը: «Վերջին ամիսներին Ամերիկայում Ադրբեջանի շահերը պաշտպանելու զորակոչված իսրայելական եւ հրեական բարձրաստիճան պատվիրակությունների մի ամբողջ բանակ այցելեց Բաքու: Փետրվարի սկզբներին Ալիեւն ընդունեց Ամերիկյան գլխավոր կազմակերպությունների նախագահների համագումարի 50 հոգանոց պատվիրակությանը: Ապրիլին նա ողջունեց իսրայելցի մեծահարուստ Լեւ Լեւիեւին: Իսկ հունիսի սկզբներին Իսրայելի Ազգային ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիզերը ժամանեց Բաքու քննարկելու ապագայում նավթ եւ գազ գնելու հնարավորությունները, Եվրասիական հրեական կոնգրեսի (ԵԱՀԿ) գործադիրները Բաքվի իշխանական ոլորտներում իրենց պահում են թագավորների նման, նախաձեռնելով մամլո ասուլիսներ եւ կառավարության ժողովներ»:

Գրոսը նաեւ բացահայտում է երկու երկրների հարաբերությունների այլ կողմերը: Ըստ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենքից ստացած տեղեկությունների, «Թել Ավիվ-Բաքու «Ադրբեջանական ավիաուղիների» շաբաթական թռիչքները միշտ էլ լեցուն են, եւ Բաքվի պետական համալսարանում գործում են հրեական ուսումնասիրությունների ծրագրեր, որոնցում ընդգրկված են իսրայելցի դասախոսներ եւ ուսանողներ: Իսրայելցի ագրո-գործարարները վերջերս այցելեցին Բաքու մասնակցելու երկկողմ առեւտրական ֆորումին, իսկ իսրայելական տեխնոլոգիաներն օգտագործվում են Ադրբեջանի հեռահաղորդակցությունների եւ թափոնների կառավարման ոլորտներում: (Անցյալում իսրայելցիները ֆինանսական շահեր ունեին նաեւ բջջային հեռախոսների, հնդկահավերի ֆիրմաների եւ հիվանդանոցային մի ծրագրի բնագավառներում)»:

Այնուհետեւ Գրոսը դիտարկում է այդ հարաբերությունները հայկական հարցերի տեսանկյունից: «Իսրայելի գերխնդիրը ամերիկահրեական քարոզչությունն է, որը պետք է օգնի Ադրբեջանին իր դիրքերն ամրապնդելու Կոնգրեսում: Խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Իսրայելի քաջալերանքով ամերիկա-հրեական ազդեցիկ խմբակցությունները գործում են Բաքվի անունից որպես պատվար հակադարձելու ամերիկահայկական հզոր քարոզչությունը Կոնգրեսում: 2002 թ., երբ Մ. Նահանգներում Ադրբեջանի օդային տարածքի կարիքն ունեին Աֆղանստան հասնելու համար, ջնջվեց ազատության աջակցության բանաձեւի 907 հոդվածը, որն արգելում էր տնտեսական եւ մարդասիրական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին »: Այդ հարցում մեծ է եղել «խորհրդային հրեաների ազգային կոնֆերանս» կոչված ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Լեւինի դերը, որն ամերիկյան վարչակարգի հետ համագործակցել է 2002 թ.-ին հասնելու համար այդ նպատակին:

Մեջբերելով Լեւինինՙ Գրոսը գրում է, որ Վաշինգտոնում հայկական քարոզչությունը «շատ ուժեղ է, կազմակերպված եւ համախմբված»: «Այլ քաղաքական հարցերում մենք համագործակցել ենք հայերի հետ, բայց Ադրբեջանի հարցում մենք ցանկապատի տարբեր կողմերում ենք», նշել է Լեւինը:

Ադրբեջանի պաշտոնական անձնավորությունները հաստատում են հրեական քարոզչության կարեւորությունը: «Մենք բարձր ենք գնահատում ամերիկացի հրեաների քարոզչական օգնությունը Վաշինգտոնում», Գրոսին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նույնանման արտահայտություն է արել նաեւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքուր Փաշազադեն:

Դժբախտաբար Գրոսը չի նշում, որ բոլոր հրեաներն են իրենց հոգիները վաճառել Ադրբեջանին կամ Թուրքիային: Ինչպես հաճախ նշել եմ, գրում է Սասունյանը, հրեական բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Իսրայելում, պաշտպանում են Հայաստանի շահերըՙ հակառակ իսրայելական կառավարության ճնշումների: Այդուհանդերձ, ադրբեջանամետ իր մեկնաբանությունները հակակշռելու միտումով Գրոսը իր հոդվածում ներառել է նաեւ նախադասություններ, որոնք մեղադրում են ադրբեջանցի առաջնորդներին «կաշառակերության եւ քաղաքական ճնշումների» մեջ: Նա մեջ է բերել Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ասիմ Մոլլազադեի խոսքերը, թե մի օր Մ. Նահանգներն, Իսրայելը եւ հրեա ամերիկացիները «խորապես հիասթափվելու են», որ աջակցել են Ադրբեջանի կոռումպացված եւ անժողովրդավարական վարչակարգին: Նա նույնպես հիշատակել է երկակի ստանդարտները, որով առաջնորդվում են ադրբեջանցի ղեկավարները, մի կողմից իսրայելամետ ներկայանալով, իսկ մյուս կողմից մահմեդական աշխարհի հետ լինելովՙ ընդդեմ Իսրայելի: Չի մոռացել նաեւ նշել, որ Իսրայելը Բաքվում իր դեսպանությունն է բացել դեռեւս 1993 թ.-ին, մինչդեռ Ադրբեջանը մինչեւ օրս չունի դեսպանություն Իսրայելում: Ավելին, Ադրբեջանը ստանձնել էր անցյալ ամիս Բաքվում կայացած «իսլամական երկրների կազմակերպության» կոնֆերանսի նախագահությունը:

Գրոսի տեսադաշտից դուրս չի մնացել նաեւ այն փաստը, որ Ադրբեջանի երբեմնի 80 հազարանոց հրեական համայնքն այսօր հաշվվում է ընդամենը 10 հազար, եւ որ Բաքվում գործող «բոլոր հրեական հիմնարկները կարծես պաշտպանվում են զինված պահակների կողմից»:

Իսրայելն, անշուշտ, ազատ է տնտեսական եւ քաղաքական կապեր հաստատելու որեւէ երկրի, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ամերիկահրեական կազմակերպությունները նույնպես ազատ են պատվիրակություններ ուղարկելու որեւէ երկիր, բայց երբ նրանք համաձայնում են քաղաքական որոշ դերակատարություն ունենալ հօգուտ Ադրբեջանի կամ Թուրքիայի եւ ընդդեմ Հայաստանի շահերի, ապա հայերն ի սփյուռս աշխարհի իրավունք ունեն բացահայտելու նրանց նենգ գործունեություններն ու թաքուն արարքները, եզրակացնում է Հարութ Սասունյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4