«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԴԻՏԱՐԿՈ՞ՒՄ ԿՈԴՈՐԻ ԿԻՐՃՈՒՄ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄ...

Թբիլիսի-Սուխում-Մոսկվա եռանկյունը իրավիճակը կիրճում լարված է պահում

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կոդորի կիրճն արդեն որերորդ օրը վրաց-աբխազական հակադրության հիմնական թատերաբեմն էՙ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ: Երկու օր առաջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հայտարարությունը, թե ստեղծված իրավիճակի խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը վրացական զինված ուժերի դուրսբերումն է Կոդորի կիրճից, ինչպես եւ կարելի էր ակնկալել, արժանացավ Թբիլիսիի հակազդեցությանը: Մյուս կողմից, հակառակ դիրքորոշումներ ունեն աբխազական չճանաչված պետության իշխանություններն ու այսպես կոչված «վտարանդի իշխանությունը», որ ավելի մատչելիՙ Թբիլիսիի նշանակած ղեկավարությունն է:

Չնայած ռազմական գործողությունների շարունակվելուն, ընդհանուր տպավորություն է ստեղծվում, թե շահագրգիռ կողմերը ցանկանում են իրավիճակը լուծված տեսնել: Ամեն դեպքում, խոսք է գնում բանակցությունների մասին, որոնք երեկ պիտի տեղի ունենային աբխազական եւ վրացական կողմերի մասնակցությամբ` վրաց-աբխազական համակարգող խորհուրդ անվամբ: Սակայն օգոստոսի 2-ին նախատեսված հանդիպումը չկայացավ: Սուխումը մեղավոր է համարում վրացական կողմին, որ վերջին պահին փոխել է իր պատվիրակության կազմը, ինչն էլ աբխազական կողմի համար հանդիպումից հրաժարվելու պատճառ է դարձել: Հետաքրքրական է, որ աբխազական կողմը վրաց պատվիրակության կազմի փոփոխությունը դիտավորություն է համարում, քանի որ այդ կերպ Աբխազիայի իշխանությունները կհրաժարվեին սպասվող հանդիպումից:

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը այս հարցում, ապա մեկնաբանությունը առավել քան սպասելի է. բանակցությունները չեն կայացել աբխազական կողմի մեղքով: Բայց այս ամենում առավել հետաքրքրական է այն հանգամանքը, որ եւ աբխազական, եւ վրացական կողմերը չեն մանրամասնում, թե վրացական պատվիրակության անդամներից ով ցանկալի չի եղել աբխազների համար: Հիշեցնենք, որ վրաց-աբխազական համակարգող խորհրդի նիստին մասնակիցների ցուցակից, ըստ աբխազների, միայն մեկ անուն է մնացել նույնը: Դա հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Մերաբ Անտաձեն է: Պատվիրակության մյուս մասնակիցների առնչությամբ աբխազական կողմը, ի դեմս Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբայի, հայտարարել է, որ նրանց չեն ճանաչում եւ չեն պատրաստվում համագործակցել:

Անորոշ է մնում նաեւ Կոդորի կիրճում դիտարկում անցկացնելու կոչը, որ հեղինակել են Ռւուսաստանն ու Աբխազիան: Վրաստանը դրան մերժողական պատասխան է տվել: Ընդ որում, Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ արդեն երեք տարի դիտարկում չանցկացնելու պայմաններում Թբիլիսիի եւս մեկ մերժումն ուղղակի կնշանակի պատերազմ: Կիրճում դիտարկում անցկացնելու առնչությամբ Թբիլիսին իր վերապահումն ունի, որ վերաբերում է դիտարկման մեջ նաեւ Գուդաուրիում ռուսական բազայի ներառմանը պարզելու, թե արդյոք Ռուսաստանն իսկապես փակել է այդ բազան:

Մյուս կողմից, վրացական իշխանությունները պնդում են, թե սեփական մեկնաբանությամբ Կոդորի կիրճում իրականացվող հակաքրեական գործողության ընթացքում «թիկունքային աջակցություն» ցուցաբերող ուժերը արդեն լքել են կիրճը: Մինչդեռ աբխազական կողմը հանդես է գալիս միջազգային կառույցներին ուղղված հայտարարությամբ, թե Վրաստանը խախտում է հրադադարի համաձայնությունն ու կիրճում տեղակայել է արդեն մոտ 2000 զինվորական:

Ինչեւէ, իրադարձությունների զարգացումներից վերջինը վերաբերում է Աբխազիայի «վտարանդի իշխանությունը» Կոդորի կիրճի Չխալտա գյուղում տեղակայելու որոշմանը, որի մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: 1993 թվականին Թբիլիսիում գործող Աբխազիայի «վտարանդի իշխանությունը» իր գործունեությունը կշարունակի Չխալտա գյուղում նոր կառուցվող շենքում: Առավել եւս, որ դեռեւս հուլիսի 27-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Կոդորի կիրճը հայտարարեց Աբխազիայի վարչական ժամանակավոր կենտրոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4