«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԳԱՂՏՆԻՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ» ՀԵՏԵՎՈՒՄ

Վավերագրական ֆիլմ ամերիկյան բարձրաստիճան կառույցներում թուրքական մաֆիայի ներթափանցման մասին

Միջազգային ուսումնասիրությունների Մոնտերեյ ինստիտուտից (ԱՄՆ) վկայված միջազգային քաղաքականության մասնագետ, անկախ լրագրող Մայք Մեջիան անդրադառնալով ժամանակին սկանդալային աղմուկ բարձրացրած ՀԴԲ-ի նախկին թարգմանչուհի Սայբլ Էդմոնդսի գործին, գրում է, որ ներկայիս ֆրանսիացի ռեժիսոր Մեթյու Վերբուն եվրոպական հեռուստատեսությունների համար վավերագրական մի ֆիլմ է պատրաստում այդ կնոջ մասին: «Գլոբըլ-հայ» տեղեկատվական ծառայությունը հիշեցնում է, որ Սայբլը ամերիկաբնակ թուրք է, որին աշխատանքից անարդարացիորեն հեռացրին այն բանից հետո, երբ բացահայտեց Մելեք ջան Դիկերսոն անունով ՀԴԲ-ի մեկ այլ թուրք աշխատակցուհու թարգմանություններում միտումնավոր աղավաղման դեպքեր եւ հօգուտ Թուրքիայի լրտեսելու փաստեր: Նա ՀԴԲ-ին դատի տվեց աշխատանքից հեռացվելու համար, բայց նրա գործը կարճվեց, քանի որ պարզվեց, որ այդ «մութ գործերում» ընդգրկված են նաեւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այդ պաշտոնյաների թվում էին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտը, պետքարտուղարության եվրոպական հարցերի գծով փոխնախարար Մարկ Գրոսմանը, նախկինում պաշտպանության նախարարության աշխատակիցներ Ռիչարդ Պեռլը եւ Դագլըս Ֆիթը: Ենթադրվում է, որ Գրոսմանը խանգարել է բացահայտել Թուրքիա-բեն Լադեն հարաբերությունների կապը, իսկ մյուս երկու այսպես կոչված «միջազգային խորհրդատվական» կազմակերպությունը «հսկայական ծառայություն է մատուցել Թուրքիային»: Այդ ծառայությունների թվում բացառված չէ նաեւ գաղտնիքների փոխանցումը:

«Վենիթի ֆեր» հանդեսի էջերում տպագրված «Անախորժություններ պատճառող հայրենասերը» հոդվածում Էդմոնդսը բացահայտում է ԱՄՆ-ում գործող ուրիշ թուրք լրտեսների: Նրանցից մի քանիսը աշխատում են թուրքական դեսպանատանը, մյուսները «Ամերիկա-թուրքական ասոցիացիաների ասամբլեա», «Ամերիկա-թուրքական ասոցիացիա» եւ «Ամերիկա-թուրքական խորհուրդ» կոչված կազմակերպություններում: Բացի լրտեսությունից այդ աշխատակիցները զբաղված են նաեւ անօրինական քարոզչությամբ, կաշառակերությամբ, թմրադեղերի թրաֆիկինգով, փողերի լվացումով, եւ նույնիսկ «Ալ Ղաիդայի» նման ահաբեկչական խմբավորումների հետ հարաբերություններ հաստատելով: Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Ֆիլիպ Ջիրալդիի տվյալներով, Իսրայելին եւ Թուրքիային վաճառվող զենքերի մի մասը վերավաճառվում է այդ երկրների կողմից Չինաստանին եւ Հնդկաստանին, հավանաբար նաեւ միջազգային ահաբեկչական կազմակերպություններին:

Այս խճճված գործընթացը հասկանալու համար պետք է վերադառնալ 1990-ական թվականները, երբ տնտեսական ճգնաժամը Թուրքիայի կառավարության ներսում ստեղծեց մեկ ուրիշ «կառավարություն»: Այդ ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերը սերտ կապեր ուներ նրանց հետ, բացատրում է Մայք Մեջիան հոդվածի վերջում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4