ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 1-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման, ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու» կարգը, «Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի եւ գործակալի մասնագիտական որակավորման պահանջները եւ որակավորման ստուգման» կարգը, «Ապահովագրողի գործունեության երեք տարվա գործարար ծրագրի ներկայացման» կարգը եւ «Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ինչպես նաեւ գործակալի թեկնածուների որակավորման ստուգման թեմաների» ցանկը:
Նիստում որոշվեց գրանցել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ինքնակարգավորվող կազմակերպության «Նախնական դեպոնացմամբ գործարքների քլիրինգի եւ վերջնահաշվարկի կանոնակարգ»-ըՙ նոր խմբագրությամբ:
Խորհրդի որոշմամբ «Կերամիկա» ՍՊԸ-ին տրամադրվեցին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու եւ այլ վայրում եւս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ, իսկ «ՍԵԿԱՇ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց:
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշեց չառարկել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԻԿԿ-ում «ՍՊՈՐՏ» ԲԲԸ-ի, «ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՐՀԱՆՔ» ԲԲԸ-ի, «ՀՐԱԶԴԱՆԻ «ԴՎԻՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի եւ «ՎԱՆԱՁՈՐԻ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի հասարակ բաժնետոմսերի գրանցման դադարեցմանը: Որոշվեց նաեւ դադարեցնել «ԵՂՎԱՐԴԻ ՄԱՐԶԱԿՈՇԻԿՆԵՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ-ի եւ «ԵՐԵՎԱՆԻ «ՊՈԼԻՊԼԱՍՏ» ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի հասարակ բաժնետոմսերի գրանցումը:
ԿԲ մամուլի ծառայություն