«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸՙ 4.25 %

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 31-ի նիստում 0.25 տոկոսային կետով բարձրացրեց ռեպո տոկոսադրույքըՙ սահմանելով այն 4.25%:

Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացման միտումների շարունակման պարագայում լիովին իրատեսական է երկնիշ տնտեսական աճի արձանագրումը, սակայն գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու գործընթացում ռիսկերը պահպանվում են եւ դրանց դրսեւորումը դառնում է ավելի հավանական:

Դեռեւս առկա են հումքային ապրանքների` մասնավորապես նավթամթերքների եւ մետաղների միջազգային գների սպասվածից բարձր աճի ռիսկեր, որոնք հիմնականում պայմանավորված են ԱՄՆ դոլարի հնարավոր արժեզրկմամբ եւ աշխարհաքաղաքական իրադրության սրմամբ: Հավանական է նաեւ ՀՀ ներմուծվող հացահատիկի գների աճՙ կապված Ռուսաստանում եւ Ուկրաինայում բերքի սպասվող նվազման հետ:

Բացի արտաքին միջավայրի ռիսկերից, գնաճի նպատակային ցուցանիշի գերազանցման ռիսկեր կարող է առաջացնել նախատեսվածից բարձր աճ արձանագրած շինարարության եւ ծառայությունների ոլորտներին բնորոշ եկամուտների առավել հավասարաչափ ավելացումը:

ԿԲ խորհուրդը կարեւորում է այն հանգամանքը, որ մինչեւ տարեվերջ սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերը գնաճի վրա ունենալու են բարձրացման ուղղությամբ լագային ազդեցություն, ինչը կդրսեւորվի արդեն 2007 թ-ի առաջին կեսին: Վերջինս, զուգակցվելով վերը նշված գործոններինՙ կհանգեցնի գնաճային զգալի ճնշումների:

ԿԲ խորհուրդը հայտարարում է, որ առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի համար վերոնշյալ գործոնները գնաճի տարեկան առավելագույնը 3% նպատակային ցուցանիշի գերազանցման էական ռիսկեր են: Բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը նպաստում է նաեւ 2006թ. հուլիսի 1-ից ջրի մատակարարման եւ ջրահեռացման սակագների ավելացումը:

Հետեւաբար, տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման եւ նշված ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսներին տոկոսադրույքների կրկին ճշգրտման իրականացումը:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4