Հայաստանում կամավոր դոնորներ չկան
Ամեն ամիս արյունաբանական կենտրոն են դիմում 50-60 վճարովի դոնորներ: Կամավոր անհատույց արյուն հանձնողներ գրեթե չկան, եթե լինում են, ապա հիմնականում բժշկական համալսարանի ուսանողներ ու դասախոսներ: Կամավոր անհատույց արյուն հանձնողների հոսք եղել է միայն մի անգամ` Բեսլանի դեպքերից հետո:
1 պարկ արյուն (450 միլիլիտր) արյուն հանձնելու համար դոնորը ստանում է պետության սահմանած գումարը` 10 հազար դրամ: Վճարովի դոնորները հիմնականում գործազուրկներ են, աղքատներ: Մեկ անձը կրկին արյուն կարող է հանձնել նվազագույնը 65 օր հետո: Քանի որ վճարովի դոնորները սոցիալական կարիքներ ունեցող մարդիկ են, հաճախ թերսնվող, ուրեմն եւ շատ ավելի խոցելի են զանազան հիվանդությունների հանդեպ: Նրանք մանրակրկիտ հետազոտության են ենթարկվում, քննվում են նույնիսկ վերջին ամիսների ընթացքում նրանց որտեղ լինելու հանգամանքները: Եթե դոնորը վերջին 6 ամսվա ընթացքում բացակայել է հանրապետությունից, նրանից արյուն չի վերցվում, մինչեւ 6 ամիս էլ չանցնի: Եթե անձը դրսում որեւէ հիվանդություն է վաստակել, այդ ընթացքում կբացահայտվի: Արյուն չի վերցվում նաեւ Հայաստանում սովորող օտարերկրացի, օրինակ, հնդիկ ուսանողներից: Մեր մասնագետները լավատեղյակ չեն, թե ինչպիսի վարակներ են տարածված Հնդկաստանում, ինչպիսին է արյան ախտերի առանձնահատկությունն այնտեղ այսօր:
Հետաքրքրական է, որ վճարովի դոնորության հավակնորդների մեջ շատ են նաեւ անտուն մարդիկ: Որպես կանոն, նրանք արյունաբանական կենտրոն գալիս են կոկ ու մաքուր հագնված, փորձելով թաքցնել իրենց թափառաշրջիկ կենցաղի հետքերը:
Որեւէ օրենքով արգելված չէ, որ բոմժերից, եթե նրանք առողջ են ու արյունը համապատասխանում է բոլոր չափանիշներին, չի կարելի արյուն վերցնել: Բայց կասկածելի կենսաձեւը, բնականաբար, կասկածի ստվերներ է տարածում նաեւ նրանցից վերցվելիք արյան վրա: Նրանց արյան հետազոտությունը մեծ զգոնությամբ ու վերապահությամբ է իրականացվում` բոմժերին հաճախ զգուշորեն համոզում են, որ արյան հանձնումը կարող է վնասել իրենց առողջությանը:
Կ. Դ.