«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ՎԵՐՋԱՊԵՍ...

Հրաժարվում ենք գենային ինժեներիայի սկզբունքով ստացված մթերքից

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի կառավարությունը հրաժարվել է այս խողովակով իբրեւ օգնություն տրամադրվող սննդի այն բաժնից, որն ստացվել է գենային ինժեներիայի սկզբունքով: Պարենի համաշխարհային ծրագիրը 1993 թվականից ի վեր «Սնունդ աշխատանքի դիմաց», «Սնունդ ուսման դիմաց» եւ այլ ծրագրերով Հայաստանին տրամադրել է 75 մլն դոլարի մարդասիրական օգնություն` 134 հազար տոննա պարենի տեսքով: Մասնագետների պնդմամբ, այդ պարենի տեսականու մեջ հաճախ հանդիպող եգիպտացորենը, սոյան եւ այլ մթերքներ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են:

Աղքատ երկրների սննդային ապահովման խնդիրը լուծելու, պարենամթերքի մեծ քանակներ եւ դրանց պահպանման երկար ժամկետներ ապահովելու համար հատուկ կիրառվում է գենային ինժեներիայի սկզբունքը: Սա կենսաբանական ահաբեկչության յուրատեսակ արտահայտություն է, որ հարկադրաբար կիրառվում է տնտեսապես թույլ երկրների հանդեպ: «Չնայած երկրում կան խիստ կարիքավոր խավեր, կառավարությունը չի կարծում, որ նպատակահարմար է ներկրել նման պարեն, որին բնակչությունն անծանոթ է», ասել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի մամուլի քարտուղար Լիանա Խառատյանը:

Գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված մթերատեսակների վտանգավորության վերաբերյալ տարակարծիք են: Ոմանց համոզմամբ, դրանք համարժեք գենետիկ մուտացիաներ են առաջացնում նաեւ մարդկանց օրգանիզմում: Գիտնականների մի այլ խումբ, ձայնակցելով գործարարների շահերին, վերապահությամբ է վերաբերվում խնդրի լրջությանը: Եվրոպացի փորձագետների հավաստմամբ, դեռ լիովին բացահայտված չէ բացասական ներգործությունների այն ողջ տեսականին, որ կարող է առաջանալ կենսատեխնոլոգիական մեթոդներով ստացված մթերքներից: Գիտնականները գենետիկորեն խեղված կարտոֆիլով 9 ամիս կերակրել են առնետներին, եւ կենդանիների մոտ արձանագրվել են իմունային հավասարակշռության, նյութափոխանակության խախտումներ:

Որպես կանոն, հատկապես եվրոպական երկրներում սննդատեսակների մակնշումների վրա հատուկ նշում կա գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների առկայության վերաբերյալ եւ մարդու ընտրության խնդիրն է` ենթարկե՞լ իրեն վտանգի, թե ոչ: Հայաստանում մակնշման մասին անընդհատ սրբագրումների ենթարկվող պետական որոշումներն ու օրինագծերը այդպես էլ շրջանցում են գենետիկորեն ձեւախեղված օրգանիզմների վերաբերյալ պիտակի վրա պարտադիր տեղեկատվություն հրապարակելու խնդիրը:

Այնուամենայնիվ, եթե Պարենի համաշխարհային ծրագրով եկող սննդամթերքը վերջապես որոշվեց վերահսկել, փոխարենը վերահսկողությունից դուրս է մնում ներկրվող սննդամթերքի տեսականին, որի մեջ բավական առատ են գենետիկ շեղման ճանապարհով ստացված մթերքները:

Հիշեցնենք, որ 1 տարի առաջ գենետիկորեն մոդիֆիկացված կամ այսպես կոչված` տրանսգեն մթերքների դեմ վճռական արշավ ձեռնարկեցին Ռուսաստանի 3 տասնյակ հասարակական, քաղաքական ու գիտական կազմակերպություններ: Ռուս գիտնականները պահանջեցին արգելել այս սննդատեսակների մուտքն ու իրացումը երկիր եւ ընդունել համապատասխան օրենք սննդի կենսաբանական անվտանգության մասին: Վերջապես մեզ մոտ էլ առաջին քայլն արվեց:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4