«Էջմիածին» եւ Վանուշ Խանամիրյանի անվան «Արտիմետ» ժողովրդական պարերի անսամբլը վերջերս են վերադարձել Վրաստանից: 7 օր տեւած հյուրախաղերը անցել են մեծ ոգեւորությամբ:
Ամեն տարի Վրաստանում կազմակերպվում է միջոցառում` նվիրված Վրաստանի եւ Հայաստանի լեգենդար պարողներ Վանուշ Խանամիրյանին եւ Թենգիզ Սոխիշվիլուն:
Ինչպես տեղեկացանք Էջմիածին քաղաքի մշակույթի պալատի տնօրեն Ռոբերտ Վարդանյանից, խմբերը մեկնել էին Քոբուլետի հուլիսի 11-ին, մասնակցել երկու համերգի եւ արժանացել հայ եւ վրաց հանդիսատեսների համակրանքին: Միջոցառման ընթացքում բոլոր պարողները պարգեւատրվել են պատվոգրերով:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով են խմբերը մեկնել Վրաստան եւ արդյոք ունե՞ն հովանավոր, մշակույթի պալատի տնօրեն Ռ. Վարդանյանը նշեց, որ խմբերի Վրաստան մեկնելու գումարի մի մասը` 1 մլն 165 հազ. դրամը տրամադրել է քաղաքապետարանը, իսկ մյուս մասը` պարողները:
Երկար ու ձիգ ճանապարհ են անցել «Էջմիածին» եւ «Արտիմետ» պարախմբերը: «Էջմիածինը» 10, իսկ «Արտիմետը» 27 տարի անզուգական պարով հիացնում են հայ եւ օտար հանդիսատեսին: Արժանացել են բազմաթիվ մրցանակների, շնորհակալագրերի, եղել են տարբեր երկրներում:
«Արտիմետը», գեղարվեստական ղեկավար Գեւորգ Աթանեսյանի եւ պարուսույց Աիդա Տոնոյանի ջանքերով բազմաթիվ երկրներում է ներկայացել` Անգլիա, Ռումինիա, Բուլղարիա եւ այլուր, դարձել բազմակի դափնեկիր:
1995 թ.-ից սկսած անսամբլը պարբերաբար ելույթներ է ունեցել Արցախի եւ Հայաստանի տարբեր զորամիավորումներում, մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին:
Էջմիածնի մշակույթի պալատի տնօրեն Ռ. Վարդանյանը մեծ ոգեւորությամբ նշեց, որ Էջմիածնում մշակույթը աստիճանաբար ծաղկում է ապրում, նաեւ պարարվեստը, իսկ այդ գործում իր անմիջական մասնակցությունն ունի քաղաքապետարանը:
ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ