«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ԳԱԼԱԿՏԻԿԱՆ»

«Օրերս նոր որոշում ենք ընդունել, ըստ որի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը պետք է լինի «Գալակտիկա» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահը, որին սխալ ձեւով ժամանակին ազատել են աշխատանքից: «Գալակտիկա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Դոլիեւը մինչեւ 2006թ. մայիսի 31-ը եղել է ակադեմիայի սեփականությանՙ 80%-ի լիազոր ներկայացուցիչը: Այժմ լիազոր ներկայացուցիչը ԳԱԱ բաժանմունքի ֆիզիկայի եւ աստղագիտության ակադեմիկոս-քարտուղար Յուրի Չիլինգարյանն է: «Գալակտիկա» ՓԲԸ-ն ղեկավարելու համար 5 հոգուց կազմված խորհուրդ է ընտրվել, որի կազմում նաեւ ԳԱԱ իրավաբանն է, Գ. Գուրզադյանի առաջարկով կոլեկտիվի ներկայացուցիչը կփոխարինվի մեկ ուրիշով, որին մենք դեմ չենք: Բայց խորհրդում առայժմ պետք է լինի Գ. Դոլիեւը»,- հայտնեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Գ. Գուրզադյանը ակադեմիայի նախագահությունից պահանջել էր պաշտոնից ազատել Գագիկ Դոլիեւին, որին ի պատասխան պրն Մարտիրոսյանը հայտնեց. «Մենք նրա հայտարարությամբ դա չենք կարող անել: Գ. Դոլիեւի հետ ակադեմիան ունի աշխատանքային պայմանագիր, ըստ որի մինչեւ 2008թ.-ը նա «Գալակտիկա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է: Պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար պետք է ունենանք համապատասխան հիմնավորում, ապացուցված որեւէ հանձնաժողովով, դատարանով, դատախազությամբ, որը կհաստատի, որ այդ մարդը, որպես գործադիր տնօրեն պիտանի չէ շարունակելու իր գործունեությունը: Միայն այդ դեպքում նրա հարցը կարող է դրվել խորհրդի նիստին ու նրան ազատել»:

ԳԱԱ նախագահությունը կոչ է անում ե՛ւ Գուրզադյանին, ե՛ւ նոր խորհրդին, նորմալ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, որը կհարթի բոլոր տարաձայնությունները: «Գ. Դոլիեւը, եթե պիտանի չլինի աշխատանքի եւ դա ապացուցվի, ակադեմիայի նախագահությունը ոչ մի շահագրգռվածություն չունի, որ նա շարունակի պաշտոնավարել: Առավել եւս, ինչո՞ւ չպետք է հավատանք մեր ակադեմիկոսին: Մեր կարծիքը հետեւյալն է, որ Գ. Գուրզադյանը ղեկավարում է ամբողջ աշխատանքներըՙ գաղափարական ղեկավարում, ընդհանուր ղեկավարում, նրան օգնելու է մեր ակադեմիկոս-քարտուղարը, որը օպտիկայի բնագավառի ֆիզիկոս է, միանգամայն անկախ մարդ, եւ նա պետք է պաշտպանի այն թեզը, որը հնարավորություն կտա նորմալ գիտատեխնիկական աշխատանքներ կատարել այդ հիմնարկում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: Պրն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին հայտարարություն կտրվի կոլեկտիվի ընդհանուր ժողով հրավիրելու մասին, որը պետք է հաստատի «Գալակտիկա» ՓԲԸ-ի նորացված խորհրդի կազմը:

«Գալակտիկա» ՓԲԸ-ում տիրող անառողջ մթնոլորտն իր գագաթնակետին է հասել մոտ մեկ տարի առաջՙ 2005թ. սեպտեմբերի 15-ին, երբ գործադիր տնօրեն Գ. Դոլիեւը, ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Ազգ», 21 հունիսի), ակադեմիկոս Գ. Գուրզադյանին ազատել էր «Գալակտիկա» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնից: Մի քանի օր հետո նա իր մոտ է հրավիրում Գ. Գուրզադյանին եւ ներկայացնում, որ բաժնետերերի խորհուրդը հավաքվել է 4 հոգով եւ քննարկել իր պաշտոնավարման հարցը: Նիստում ելույթ է ունեցել Գ. Դոլիեւը եւ հայտնել, որ խորհրդի նախագահ Գուրզադյանը հիվանդության պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները եւ խորհրդի անդամներից Գեւորգյանը, որը ակադեմիայի լիազոր ներկայացուցիչն էր, առաջարկում է Դոլիեւին նշանակել խորհրդի նախագահ: Այսպես, խորհրդի կազմած թիվ 4 արձանագրությամբ Գ. Գուրզադյանն ազատվում է «Գալակտիկա» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվում է Գ. Դոլիեւը:

Այնուհետեւ հայտնի է դարձել, որ Գ. Գուրզադյանից ազատվելուց հետո Դոլիեւը վաճառել է հաստոցներ, կաթսայատունը, խողովակներ, ռազմավարական նշանակության նյութերՙ տիտան, վոլֆրամ եւ այլն: Այդ մասին աշխատակիցները տեղեկացրել են իրավապահներին, սկզբում ոստիկանության 6-րդ վարչությունն է ստուգումներ կատարել, որը որոշ ժամանակ հետո դադարեցվել է: Այնուհետեւ, Գ. Գուրզադյանը յուրացումների համար դիմել է դատախազություն եւ Կոտայքի մարզի դատախազությունն է հետաքննություն սկսել, որը նույնպես ավարտվել է հօգուտ Դոլիեւի, թեպետեւ փորձաքննությամբ փաստվել է, որ նա մի ակտի վրա կեղծել է Գ. Գուրզադյանի ստորագրությունը:

Չսպասելով դատախազության որոշմանը, եւ նկատի ունենալով, որ Գագիկ Դոլիեւը ԳԱԱ լիազոր ներկայացուցիչ է նշանակվել 1 տարով, որի ժամկետը լրանում է 2006թ.-ի մայիսի 31-ին, ակադեմիկոս Գուրզադյանը ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանից պահանջել է իրեն հանձնել «Գալակտիկա» ՓԲԸ-ի ղեկավարումը:

Լարվածությունն ավելի սրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Գալակտիկա ՓԲԸ»-ի տարածքում Գառնիի համայնքապետը եւ «Գալակտիկա ՓԲԸ»-ի տնօրեն Գագիկ Դոլիեւը խոզաբուծարան են կառուցում:

«Ութ ամիս հետաքննություն է կատարվում եւ ինչպիսի կանալներ են գործում, որ այդ հետաքննությունը մինչեւ հիմա ավարտված չէ: Ոչ ոք չի ուզում մտածել, թե ինչպիսի հրեշավոր, բարոյական ցնցում են ստեղծում գիտության համար: Թող ամեն մի գիտության մարդ մտածի, որ վաղը նաեւ իր գլխին կարող է գալ այս հանգամանքը, որ Գառնիի գիտական կենտրոնը դառնում է ախոռ, խոզանոց, այսպիսի ստորացման հասցնի, որ Գառնիի համայնքապետն ինչ ուզում անում է ե՛ւ Գուրզադյանի, ե՛ւ տարածքի հետ, եւ մեր ժողովրդի հետ ընդհանրապես: Սա մեր ժողովրդի դեմ ուղղված հրեշավոր ատելությունն է»,- զայրացած ասաց ակադեմիկոս Գուրզադյանը:

Առարկելով «Ազգի» խոզաբուծարան կառուցելու մասին հրապարակման դեմ, պրն. Դոլիեւը ընթերցողներին հավաստիացրեց, որ այնտեղ ոչ մի խոզաբուծարան չի կառուցվում, «Գալակտիկան» շարունակում է աշխատել բնականոն հունով եւ որ ինստիտուտը երբեք էլ «Տիեզերական աստղագիտության կենտրոն» չի կոչվել: Մեր հրապարակումը հերքելուց հետո Գ. Դոլիեւը որոշեց նոր կենսագրություն գրել «Գալակտիկա ՓԲԸ»-ի համար, որն սկսեց նրանից, որ նախեւառաջ հանեց Գառնի բանավանի մոտ տեղադրված մետաղյա ցուցանակը, որի վրա գրված էր «Գառնիի տիեզերական աստղագիտության կենտրոն», կարծելով, որ դրանով կջնջի նաեւ կենտրոնի ողջ անցյալը:

Գ. Դոլիեւի հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ վերջին օրերին ինստիտուտի իր աշխատասենյակում, ուր գույքի վրա եղած փոշին հուշում էր, որ այդ դուռը չի բացվել ամիսներ: Դա նույնպես չխանգարեց, որ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ տնօրենը շարունակի պնդել, որ գործարանն աշխատում է բնականոն հունով, սակայն, թե ինչ են արտադրում եւ որքանՙ դա արդեն պետական գաղտնիք է: Նա հայտարարեց, որ 1975թ.-ից Գուրզադյանը «Գալակտիկայի» հետ առնչություն չի ունեցել: Ոչ մի իրավական փաստաթուղթ չի կարող ներկայացնել, որ Գառնի բանավանում գտնվող առանձնատունը նա օրինական է զբաղեցնում: Առհասարակ, ինչ կապ ունի Գուրզադյանը «Գալակտիկայի» հետ: Հայտնեց, որ 1992թ.-ին Ակադեմիան ստեղծել է «Տիեզերական աստղագիտության ինստիտուտ» անվանումով մի հիմնարկ, որը գրանցվել է Նորքի զանգվածների մի բնակարանում: «Գ. Գուրզադյանն այստեղ երբեւէ չի աշխատել»,- եզրափակեց Գ. Դոլիեւը: Նա մոռացել էր, որ իր պաշտոնավարմանը նախորդող շրջանում, 1999-2002թ.թ.-ին Գ. Գուրզադյանը «Գալակտիկայի» գործադիր տնօրենն ու խորհրդի նախագահն էր, եւ որ այդ ժամանակ 100-120 մարդ էր աշխատում այնտեղ, եւ բացի պետպատվերից, նաեւ կոսմիկական հայելիներ արտադրելու պատվերներ ունեին Գերմանիայից:

Թե որքան կհաջողվի Դոլիեւին «պետական գաղտնիք» անվան տակ խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց, անհայտ է, սակայն նա ի վերջո հարկադրված եղավ խոստովանել, որ «Գալակտիկա» ՓԲԸ-ի աշխատանքային պատվերներն իրականացնում է ոչ թե «Գալակտիկայում», այլՙ «Աստրո» գործարանում: Նա նախկին վճռականությամբ չհերքեց տարածքում խոզաբուծարան կառուցելու փաստը, տեղյակ լինելով, որ մենքՙ լրագրողներս, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ հյուրընկալվել ենք Գրիգոր Գուրզադյանին եւ տեսել այն: Այս անգամ սակայն հայտնեց, որ Գառնիի համայնքապետն առանց իրեն տեղեկացնելու էր նախաձեռնել խոզաբուծարանի շինարարությունը: Որ այս տարածքն իրեն այլեւս չի հետաքրքրում, նա չթաքցրեց: Սակայն ցավալին այն է, որ այն դիտում է իբրեւ մի հնարավորություն, որը կարելի է վաճառել, վարձակալության տալ, բայց ոչ թե աշխատեցնել: Այդ իսկ պատճառով Գ. Դոլիեւի համար միեւնույնն է, որ «Գալակտիկայում», որտեղ լավ ժամանակներում մոտ 700 մարդ էր աշխատում, հիմա միայն օձերն են վխտում, ոչինչ չի պատահի, եթե նրանց նաեւ խոզերն ընկերանան:

Գուցե այդ է պատճառը, որ Գագիկ Դոլիեւը հարցն ավելի կտրուկ է դրել. «Եթե Գ. Գուրզադյանը դառնա խորհրդի նախագահՙ ես այստեղից կհեռանամ»,- ասաց նա զրույցի ժամանակ: Գ. Դոլիեւը գործադիր տնօրեն է նշանակվել 2002թ.-ին, նրա ասելով հիմնարկն ընդունել է 43 մլն դրամ պարտքով, որից մնացել է մարելու 14 մլն-ը: Պետական պատվերները «Գալակտիկայում» չիրականացնելը նա պատճառաբանեց հիմնարկի անկայուն վիճակովՙ «անընդհատ ստուգումներ են լինում, ոստիկանությունը, դատախազությունը, իսկ նման պայմաններում լուրջ գործընկեր չես դիտվի»:

Գործադիր տնօրենն իր խոսքում այնպիսի ծայրահեղությունների հասավ, որ ընդհանրապես ժխտեց «Գալակտիկայում» Գուրզադյանի ունեցած դերն ու նշանակությունը: Միաժամանակ հակասելով ինքն իրեն, հաջորդ մտքում նշում էր, որ Գ. Գուրզադյանը նախկինում էլ ինքն է տնօրեններին հրավիրել այնտեղ աշխատելու եւ այլն: Երբ նրա ուշադրությունը հրավիրեցինք իր հակասական մտքերին, նա միեւնույն ժամանակ նշեց, որ ոչ ոք չի ժխտում Գուրզադյանի հանճարեղ լինելը, բայց...

«Գ. Դոլիեւն իրավունք չունի իր մակարդակով դատելու Գ. Գուրզադյանի դերի ու նշանակության, այդ հիմնարկի անցյալի եւ ապագայի մասին, նա ընդամենը գործադիր տնօրեն է, որին աշխատանքի է հրավիրել ակադեմիկոս Գուրզադյանը, նա չպետք է մոռանա դա: Այդ կոնֆլիկտային իրավիճակն այնքան է սրվել, որ Դոլիեւի կողմից վերագրումներն անհարմար են: Գրիգոր Գուրզադյանի վաստակը մեր գիտության համար մեծ է»,- շեշտեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Մենք ինքներս շահագրգռված ենք, որ այդ հիմնարկը նորմալ աշխատի եւ կապի մեջ ենք աշխատանք պատվիրող կազմակերպությունների հետ, պատվիրատուն Գերմանիայից է, այնտեղ աշխատում են հայ գիտնականներ, ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակիցներ, որոնք շահագրգիռ են պատվերներ բերելու հարցում: Հիմնարկը ոտքի կկանգնի, մարդիկ կաշխատեն, ոչ թե կմտածեն խոզ պահելու մասին: Մեր խիստ համոզմունքն այն է, որ եթե կոլեկտիվն աշխատիՙ այդպիսի նեգատիվ բամբասանքներ մեկը մյուսի վերաբերյալ չեն լինի, իսկ այնտեղ, որտեղ աշխատում են, ժամանակ չունեն այդպիսի բաներով զբաղվելու: «Գալակտիկան» չի գործում, որովհետեւ պատվերներ չունի, եթե մթնոլորտն առողջանաՙ նորից պատվերներ կլինեն»,- հայտնեց ակադեմիայի նախագահը:

Պրն Մարտիրոսյանին խնդրեցինք պատասխանել ինստիտուտի անցյալին եւ ապագային վերաբերող մի քանի հարցի.

- Ինչպիսի՞ն է եղել Գառնիի աստղագիտական կենտրոնի դերը ԽՍՀՄ աստղագիտության ասպարեզում:

- Հայաստանը մասնակցել է Ռուսաստանի ծրագրերում: Տիեզերքը հիմնականում ռազմական է եղել, մեկ-մեկ ասում էինՙ եկեք այդ հնարավորությունը գիտության համար օգտագործենք: Հայաստանի դերը բավականաչափ կարեւոր էր ու նշանակալից, Ղրիմի աստղադիտարանի գլխավորությամբ արձակվեց մի հզոր կայանՙ աստղադիտարան, որը շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, որին մասնակցեց նաեւ ակադեմիկոս Գուրզադյանի ղեկավարած խումբը: Նրա հետ մասնակցում էին տաղանդավոր մարդիկՙ Մարատ Քրմոյան, Էդիկ Ղազարյան, Եվգենի Սարյան: Գ. Գուրզադյանը գաղափարի հեղինակն էր, իսկ իրականացնողները նրանք էին:

- Ակադեմիան ի՞նչ մոտեցում ունի այդ կենտրոնի գիտական մասի վերաբերյալ, այն դերակատարության, որ նա ունեցել է տարիներ առաջ եւ այն ինչ կա այսօր:

- Հարցին ճիշտ պատասխանելու համար այսօրվա վիճակը պետք է հասկանանք: «Գալակտիկան» ունեցել է այդ դերը մի հզոր երկրի պայմաններում: Գուրզադյանը Խորհրդային միության փլուզումից հետո բացի տեսական աշխատանքներից ոչինչ չի արել, հնարավորություն չի ունեցել: Նա ներկայացրել է, բայց մարդիկ ծրագրել ենՙ «Քրոմոս» եւ այլն: Բազմաթիվ անգամ նա ներկայացրել է ծրագրեր արտամթնոլորտային աստղագիտության զարգացման համար: Սա սարսափելի թանկարժեք գիտություն է եւ այն հզոր երկրների մենաշնորհն է: Այն նվաճումները, որ ունեցել է Գուրզադյանը եւ մեզնից ամեն մեկն իր բնագավառում, եղել է այդ հզոր երկրի միջոցների շնորհիվ, որն այսօր չունենք: Ավելին, չունենք մի չնչին բան. ակադեմիայի ինստիտուտի տնօրենի աշխատավարձը 30-50 հազար դրամ է: Սարքավորումների, գիտության ինֆրակառուցվածքի համար մեր գիտությունն այսօր համարյա ոչինչ չի ստանում, միայն այն հիմնարկները, որոնք գործնական կապեր ունեն, ինչ որ չափով որոշ լաբորատորիաները դարձրել են արդիական, որը հնարավորություն է տալիս շարունակելու գործունեությունը: Մենք կարող ենք այսօր նպաստել, որ Գուրզադյանը արտամթնոլորտային աստղագիտությամբ զբաղվիՙ նա կարող է դա անել համակարգչի միջոցով, օգտագործելով այլ երկրների, ԱՄՆ-ի արտամթնոլորտային աստղադիտարանների արդյունքները նույնիսկ ինտերնետով, բոլորը ստանա եւ մշակի: Կարող է դիմել դրամաշնորհի եւ այդպես շարունակի աշխատել, ուսանողներ ունենալ, բայց ակադեմիան չի կարող ֆինանսավորել նրան:

- Կարո՞ղ ենք եզրահանգում անել, որ Հայաստանում ավարտվել է տիեզերական աստղագիտության շրջանը:

- Նայեք, թե ովքեր են զբաղվում արտամթնոլորտային աստղագիտությամբՙ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրոպական միացյալ տիեզերական գործակալությունը: Մի առանձին եվրոպական երկիր չի կարող նման մենաշնորհ ունենալ: Շատ սխալ է այն կարծիքը, որ երկրի վրայի աստղադիտարանի ժամանակն ավարտվել է, Գուրզադյանը դա չարաշահում է: Հիմա աշխարհում ստեղծում են այնպիսի հզոր տելեսկոպներ, որով երկրի մակերեւույթից է զարգանում: Մեզ մոտ էլ կարող է զարգանալ այլ երկրների հնարավորություններն օգտագործելով:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գ. Դոլիեւը հիմա էլ կարող է առարկել, որ այս շինանյութը խոզաբուծարան կառուցելու համար չէր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4