«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՆ, ԻՆՉ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ

Կարծում է հաշվիչ կենտրոնի տնօրենը

«Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներն այնքան էլ բարձր չեն: Ֆոնն այնպիսին է, որ բալերը գրեթե նույնն են, ինչ նախորդ տարի էր»: Երեկ այս կարծիքը հայտնեց հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որի կարծիքով այս տարի բուհական ընդունելության համար անհրաժեշտ բալերը նախորդ տարվանից այնքան էլ չեն տարբերվի. «Երեւի պլյուս կամ մինուս մեկ»: Սրա պատճառը, վերջինիս խոսքերով, այն է, որ նախՙ հանձնաժողովներն են նույնը, հետո էլ երեխաները երկու-երեք տարի պարապում են: Թեեւ դեռ առջեւում է քննությունների մի մասը, եւ տնօրենը վստահ չէր հիշյալ հարցում, ցածր միավորները նրան հիմք էին տալիս կարծելու, որ ցածր միավորները շատ մասնագիտացումներում այս տարի անցողիկ կլինեն: Սա հաստատում է նաեւ այն հանգամանքը, որ որոշ մասնագիտությունների համար հանձնած առարկաներից ուսանողների մի մասը կտրվել է եւ փաստորեն չի մասնակցում հետագա պայքարին: Ռուբեն Թոփչյանի խոսքերով, օրինակ, բանասիրականի դիմորդները ցածր միավորներով էլ կարող են ընդունվել, քանի որ նույն մասնագիտության համար մանկավարժականի եւ համալսարանի դիմորդներից շատերը հայոց լեզու եւ գրականություն առարկայից ութ միավոր էլ չեն ստացել: Ամենաշատ «կտրվողները» եղել են հենց հիշյալ համալսարաններում` առաջինում մասնագիտական առարկայից` հայոց լեզու եւ գրականություն բանավոր քննությունից կտրվել են 63, իսկ համալսարանում` 44 հոգի: Թոփչյանը ցավով նշեց, որ մայրենիի մասնագետների համար որոշիչ է լինում փաստորեն անգլերենը, որոնցից նրանք ավելի բարձր միավորներ են ստանում:

Եթե մայրենիի բանավոր քննությունը ցածր ցուցանիշներ է արձանագրել, ապա ապագա լրագրողների համար միայն սահմանված ստեղծագործական մրցույթ առարկայի վիճակն ավելի լավ է: Թոփչյանը դա պայմանավորում է նրանով, որ գրելուց առաջ գոնե մտածելու հնարավորություն լինում է, իսկ բանավորի ժամանակ անհեթեթություններն անխուսափելի են: Մաթեմատիկայից քննություն հանձնողների 25 տոկոսը «կտրվել է», իսկ միջին գնահատականը այս դեպքում 14-ն է եղել: Նույն գնահատականը միջին է համարվում նաեւ այս տարվա հայ ժողովրդի պատմություն առարկայի համար, որի ցուցանիշները, Թոփչյանի գնահատմամբ մի քիչ այս տարի բարձրացել է: Ի դեպ, մաթեմատիկայից 20 գնահատված աշխատանքները դրվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի կայքում` www.gtech.am, որպեսզի հանձնաժողովներն ավելի «ձգվեն»: Ռուբեն Թոփչյանը ցավով նշեց, որ ծանր վիճակում է ռուսաց լեզու առարկան. «Ռուսերենի իմացությունը խիստ ընկել է մարդկանց մոտ»: Նշանակալի քանակով որոշ քննություններից ութից ցածր են ստացել իրավագիտության` 26 հոգի, լրագրության` 21, տնտեսագիտության` 37, միջազգային հարաբերությունների` 47, ճարտարագիտական համալսարանի` համակարգչային գործի` 63 դիմորդները:

Հաշվիչ կենտրոնի տնօրենը նշեց, որ բարձր միավորները գրանցվել են հայոց լեզվի եւ անգլերենի գրավորներից, քանի որ դրանց քննությունները անցկացվել են թույլ եւ դիմորդներին իրարից չտարբերակող թեստերով: Ի դեպ, անգիրի հնարավորություն տվող եւ բարձր միավորների գրավականը համարվող թեստերի մասին երեկվա համարում գրել էր նաեւ «Ազգը»: Հաշվիչ կենտրոնի տնօրենը ներկայացրեց նաեւ քննություններին դիմորդների մասնակցության, բացակայության, գանգատարկումների, կրկնակի բողոքարկումների չափը, որոնց եւս «Ազգը» անդրադարձել էր:

Հաշվիչ կենտրոնի տնօրենը ընդգծեց, որ որոշ մասնագիտությունների գծով բուհերի միջեւ վերաբաշխում է եղել` պայմանավորված վարձավճարներով: Օրինակ, տնտեսագետ դառնալու համար 70 հոգով ավելացել են գյուղատնտեսական համալսարանի դիմորդները, քանի որ տնտեսագիտական համալսարանի համեմատ այստեղ վարձը անհամեմատ ցածր է: Նա հայտնեց նաեւ, որ այս տարի փաստաթղթային բոլոր արձանագրությունները հաշվիչ կենտրոնում պահպանվում են էլեկտրոնային տարբերակով, եւ թյուրիմացությունները գրեթե բացառվում են: Ինչ վերաբերում է բացակայություններին, ապա կենտրոնի տնօրենի խոսքերով, իրենք հաճախ չեն տեղավորվում դահլիճներում, հետեւաբար բացակա դիմորդների քննությունները լավագույն դեպքում բաշխում են 3-5 օրերի միջակայքում` նախարարի նշած երկու օրվա փոխարեն:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4