«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2006-08-01 | #144, 2006-08-02 | #145, 2006-08-03


«ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԿԱՄ «ՍԱԼԴԱՖՈՆ» ՉԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամեն ինչ սկսվեց, երբ պաշտպանության նախարարությունը դիմումներ ստացավ մի քանի քաղաքացիներից, ովքեր դժգոհել էին իրենց համայնքային դպրոցներում ռազմագիտության դասերի անարդյունավետությունից: Նրանց երեխաները դպրոցից հետո որոշել են ուսումը շարունակել ռազմական ակադեմիայում, սակայն չեն հաղթահարել ընդունելության քննությունները: Պաշտպանության նախարարությունը դիմել է կրթության նախարարությանը հարցը հիմնովին լուծելու առաջարկով: Կրթության նախարարությունն էլ փոխանակ բարձր դասարաններում առկա ռազմագիտության դասերն ու դասարաններն ամրապնդի, «ամիսներ տեւած քննարկումների արդյունքում» որոշել է բացել արտադասարանական ռազմագիտական դասընթացներ մի քանի ընտրովի դպրոցներում: 5-րդ դասարանից սկսած մարզային մեկական դպրոցներում եւ Երեւանի թիվ 99 դպրոցում բացվել են ռազմագիտության դասարաններ 5-րդ եւ ավելի բարձր դասարանցիների համար: Փաստորեն, կամավոր գործող այս դասարանում 11 տարեկանից սկսյալ տղաները կարող են նախապատրաստվել զինվորական գործին առայժմ խաղերի տեսքով: Այս մասին մտահոգիչ հակվածությամբ «Ռազմական դասարաններ» վերնագրով հոդված է լույս տեսել «168 ժամ» թերթում: Հեղինակը միաժամանակ նկատում է, որ զինվորիկի արտահագուստով տղեկների զինվորական պատրաստությունը («թշնամուն հաղթելու եւ սպանելու նպատակով») վաղ տարիքից, չի առաջացնում նրանց ծնողների, այլ միայն երեխաների իրավապաշտպան կազմակերպությունների (դրանց թիվը նշված չէ) ներկայացուցիչների անհանգստությունը: Ավելի ուշ «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը» որոշում է քննարկման դնել երեխաների ռազմական դաստիարակության եվրոպամետ կառույցների համար վիճելի հարցը եւ դրա հնարավոր հետեւանքները: Քննարկման մասնակիցների մի մասը գտնում էր, որ արտադասարանական այս պարապմունքները (տարվա մեջ 134 ժամ) կարող են տղաներին հնարավորություն տալ հմտանալու որպես ապագա զինվորներ եւ ուսումնական զենքից տեղյակ տղամարդիկ, մյուս մասը ԿԳ նախարարության այս ձեռնարկը համարում էր անընդունելի եւ հարիր սալդաֆոնային տրամաբանության տեր մարդկանց:

ԿԳ նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ Արման Այվազյանը շեշտում է, որ ծնողների խնդրանքով եւ թիվ 99 դպրոցի տնօրենի հայեցողությամբ է ստեղծվել վերոհիշյալ խմբակը, որի մասին տեղյակ է պահվել նախարարությանը, մշակվել է որոշակի ծրագիր: «Մենք տեսանք խաղեր տեղագրության, Հայաստանի պատմության, շարային պատրաստականության մասին եւ այլն: Խմբակը գործում է շաբաթը մեկ անգամ, դասերից հետո», պատմում է պետական պաշտոնյան, որը նաեւ հավատացնում է, որ խնդրի քննարկմանը մասնակցել են բազմաթիվ ուսուցիչներ, հոգեբաններ եւ այլ մասնագետներ: Թե ի՞նչ եւ ինչպե՞ս է եղել ԿԳ նախարարության տեսակետը քննարկումների ժամանակ, հիմա այլեւս դժվար է ենթադրել, պարզ է միայն, որ երեկվա քննարկմանը չէին մասնակցում ո՛չ հոգեբան, ո՛չ ռազմական գործի մասնակից եւ ո՛չ էլ ռազմական դասերի ներմուծմանը շահագրգիռ այլ դեմքեր` ուսուցիչ, ծնող կամ որեւէ աշակերտ: Փոխարենը մահապարտների խմբի փոխնախագահ Գագիկ Գինոսյանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմի առաջին ամիսներին խիստ մեծ թվով երիտասարդներ զոհվեցին զուտ այն պատճառով, որ չէին տիրապետում ռազմական գործի տարրական կանոններին: «Երեխաների մեջ պետք է ոչ միայն սերմանել հայրենասիրություն, այլեւ սովորեցնել պաշտպանել հայրենիքը: Որեւէ երեխայի կամ ծնողի չենք քննադատում ռազմական սպորտաձեւով պարապելու համար, ինչո՞ւ պետք է նրան զրկենք իսկական ռազմական գրագիտություն ստանալու հնարավորությունից», հարցնում է ռազմագիտության ուսուցիչ Գ. Գինոսյանը:

Նրան ի պատասխան Վ. Իշխանյանը նշեց, որ նման ծրագրի ներդրման հարցն ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի, որպեսզի սալդաֆոնային հերթական օջախ չստեղծվի այս անգամ արդեն դպրոցում:

Ինչ վերաբերում է դպրոցական աղջիկներին համապատասխան բժշկական պատրաստվածություն հնարավորություն տալուն, ինչպես նշեց ԿԳ աշխատակիցը, ծրագիրը մշակման փուլում է:

Մեր կողմից հավելենք, որ ռազմական տեխնիկայի ու հատկապես զինվորական խաղալիքների նկատմամբ մեր երեխաների հակվածության մասին պարզ պատկերացում են տալիս մանկական խաղալիքների խանութները: Այնտեղի վաճառողները հաճախորդների հետ միաբերան հավաստում են, որ խաղալիք զենքն ու զինտեխնիկան հայ երեխաների ամենասիրելի եւ պահանջված խաղալիքներն են: Հոգեբաններն այս երեւույթը բացատրում են երեխաների գենետիկ հիշողությամբ եւ արցախյան հակամարտությանն ականատես լինելու հանգամանքով, որը հասկանալի եւ բացատրելի է առողջ ու ոչ կողմնակալ դիրքորոշման դեպքում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4